05.11.2015 13:49

Այսօր ծնվել է Միխայիլ Արցիբաշեւը՝ մարմնական վայելքների ջահակիրը

Այսօր ծնվել է Միխայիլ Արցիբաշեւը՝ մարմնական վայելքների ջահակիրը

Էս աշխարհն իրոք որ շատ անարդար է։ Սեքսուալ հեղափոխության դափնիներն ում վզից  ասես կախում են, իսկ դեռեւս հեռավոր 1907-ին այդ հեղափոխության ջահակրին կամ առնվազն ջահակիրներից մեկին մոռացության մատնում։

Այս մարդը, ա՛յ հենց ինքը՝ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Միխայիլ Արցիբաշեւը (1878-1927), որը ծնվել է Խարկովի նահանգի ինչ-որ գավառում, մանր-մունր բուրժուա ոստիկանապետի ընտանիքում, դարասկզբին «Սանին» վերնագրով մի վեպ էր գրել, որը գրեթե երկրաշարժ էր առաջացրել գրական աշխարհում, ընդհուպ հեղինակին մեղադրել են պոռնոգրաֆիա տարածելու համար, ու բազմաթիվ դատավարություններ են ընթացել նրա դեմ։ Իհարկե, այդ դատավարություններին զուգընթաց խելակորույս թարգմանել են այս վեպը՝ որտեղ ասես. Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, Ճապոնիայում...  Երիտասարդությունը ձեռքից ձեռք է խլել նրա գիրքը, «սանինականների» ընկերություններ են հիմնվել, նրա մահվան տարելիցին սգո երթեր ու հավաքույթներ են կազմակերպվել։

Մինչ այդ աղմկահարույց վեպն Արցիբաշեւը սովորել է գիմնազիայում, հետո Խարկովի նկարչական դպրոցում։ 1894-ից աշխատակցել է գավառական թերթերին, գրել ակնարկներ, ռեպորտաժներ, պատմվածքներ։ 1898-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, երգիծական պատմվածքներ է գրել, ծաղրանկարներ է արել։ Հազիվ 21-ը բոլորած՝ 1899-ին ծնվել է նրա որդին՝ Բորիսը, որն, ի դեպ, հետագայում ԱՄՆ-ում հայտնի նկարիչ-պատկերազարդող է դարձել։ Ու մի տարօրինակ բան, ինչը չնկատել հնարավոր չէ։ Թե ով է եղել այս մեր Բորիսի մայրը, թա՜նձր, ծա՜նր մառախուղով է պատված։ Նրա գոյության մասին ոչ մի բառ չկա ո՛չ Արցիբաշեւ-հոր կենսագրության մեջ, ոչ էլ՝ որդի Արցիբաշեւի։ Գուցե արագի՞լն է նվեր բերել կամ Միխայիլը կաղամբի թփի տակի՞ց է գտել, ո՞վ գիտե... Բայց Միխայիլ Արցիբաշեւի աշխարհընկալումները կարծես հուշում են, որ դժվար թե 21 տարեկանում եւ դրանից հետո էլ՝ նա կարիք է ունեցել հայրական պարտականությունների բեռան տակ մտնել։ Ու դժվար էլ՝ մտած լինի։ Ինչ որ է. Բորիս Արցիբաշեւը նրա որդին է, ոչ ոք առայժմ դա չի հերքել։

Իսկ ինչու՞ է ավելի հավանական թվում, որ «Սանին» վեպի հեղինակը Բորիսին նվեր բերող արագիլին գրողի ծոցը կուղարկեր հենց այդ Բորիսի հետ միասին կամ՝ պատահաբար կաղամբի թփի տակ նրան տեսնելուց հետո չնկատելու կտար ու կանցներ-կգնար։ Որովհետեւ գրող Միխայիլ Արցիբաշեւը մարդ-արարածի միակ առաքելությունը համարում է վայելքները։ Ծնվե՞լ ես, ապրու՞մ ես, ցանկություննե՞ր ունես, բավարարիր ցանկությունններդ, աշխարհի հերն էլ անիծած, մի անգամ ես ծնվում, մեր հարազատ լեզվով ասած՝ կեր, խմիր, քեֆ արա, Նազար ջան, աշխարհը խալի է ոտիդ տակ։

Նրա ստեղծած Սանինը հաճախ է կրկնում. «Ցանկությունը վեր է ամեն ինչից. երբ մարդու մեջ ցանկությունները մեռնում են, մեռնում է եւ նրա կյանքը, իսկ երբ նա սպանում է իր ցանկությունները՝ սպանում է իրեն»։ Կարծես սխալ բան չի ասում։ Առանց որեւէ ցանկության ի՞նչ կյանք։ Վիճելին այն է, որ Արցիբաշեւը ցանկություն ասելով գլխավորապես նկատի ունի մարմնական վայելքները, հաճույքները, զվարճանքները։

Ինչու՞ է կասկածելի թվում, որ այս մարդն իր Սանին հերոսի համախոհն է։ Ընդամենը մեկ դրվագ նրա կյանքից։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ մինչեւ 1923 թվականը, թվարկված ցանկությունների դրոշակակիր այս գրողը վեց տարի շարունակ լռում է եւ միայն Լեհաստան փախչելուց եւ այնտեղ քաղաքացիություն ստանալուց հետո (նրա մայրը լեհ էր) է կրկին գրիչը ձեռքն առնում ու հետագա ողջ կյանքը նվիրում բոլշեւիզմի դեմ իր գրչով անխնա պայքարը։ Ուրեմն Միխայիլ Արցիբաշեւին հետաքրքրում էին ոչ միայն մարմնական հաճույքները, ուրեմն այս մարդը հանուն վայելքների իր գրիչը կեղծիքով չի աղտոտել։ Իսկ գուցե մարդկային աղտեղությունները տեսնելով՝ իր ամբարտավան գրականությամբ յուրօրինակ մարտահրավե՞ր է նետել աշխարհին, իր վրեժն այդ կե՞րպ է լուծել իր իսկ ապրած հիասթափությունների համար։

Գուցեեւ սխալ հետեւություն է սա։ Ամեն դեպքում, ինչպես ռուս գրականագետներից մեկն է նկատել՝ Արցիբաշեւին ռուս մեծ գրող կամ հանճար ասելը չափազանցություն կլինի, բայց մի բան հաստատ է՝ նրան մոռացության մատնելն արդար չէ։

Ընտրենք ու կարդանք նրա հարուստ ժառանգությունից ինչ ուզում ենք։ Թեկուզ նրա պիեսները, որոնք ժամանակին բեմադրվել են, հինգն էլ էկրան են բարձրացել ժամանակին, բայց ոչ մեկը չի պահպանվել։ Հնարավոր է՝ հետաքրքիր ու տարօրինակ աշխարհ բացենք մեզ համար, հնարավոր է՝ զզվանքով երես թեքենք նրանից։ Երկու դեպքում էլ նախ պետք է կարդանք։