06.11.2015 15:14

Խմբագրական. Իշխանական «մեծ պլանը» եւ դիմադրության հիմքը

Խմբագրական. Իշխանական «մեծ պլանը» եւ դիմադրության հիմքը

Կարեւոր է հասկանալ, որ սահմանադրական փոփոխությունների անցկացումը «մեծ ծրագրի» մասն է ընդամենը, այլ ոչ թե «ծրագրի» ամբողջական բովանդակությունը կամ նույնիսկ բուն էությունը: Ավելի ստույգ՝ սահմանադրական փոփոխությունների անցկացումը կարելի է կոչել ընդամենը սկիզբ, մեկնակետ կամ սոսկ պայմանական անվանում մի շատ ավելի ընդարձակ ու, ըստ էության՝ հեղափոխական նախագծի, որի ոչ միայն բովանդակությունն է շատ ավելի խորը եւ բազմաշերտ, քան անվանումը, այլեւ տեւականությունը՝ ավելի երկար, քան մեկանգամյա գործողությունը: Կարեւոր է սա հասկանալ այնքանով, որ այս արձանագրումը ենթադրում է ոչ միայն իշխանության, այլեւ հասարակության ընդդիմադիր հատվածի համար գործնական հետեւություններ:

Ինչի՞ մասին է խոսքը: Նախ՝ մոտավորապես ուրվագրենք իշխանական «մեծ ծրագիրը»՝ հիմք ունենալով իշխանամետ տեսակետն առավել համակարգված կերպով ներկայացրած մի քանի գործիչների խոսքի ամփոփումը, այլեւ տարբեր առիթներով իշխանական ճամբարից հնչած կարճ «բլթոցները»:

Նախնական մի «լեզվաբանական-բանասիրական» նկատառում: Պետք է հաշվի առնենք, որ իշխանական լեզուն՝ ընդհանրապես, իսկ բռնապետական իշխանության լեզուն՝ հա՛տկապես՝ կեղծ է եւ նույնիսկ «նենգ», այն իմաստով, որ պետք  չէ զարմանալ, եթե այդ լեզվում այս կամ այն բառը ոչ միայն կարող է իր բուն իմաստը չարտահայտել, այլեւ հաճախ իր «սովորական» իմաստի ճիշտ հակառակն է նշանակում: Նման աղավաղված լեզվի տեսակետից օրինաչափ է, որ, ասենք, միանձնյա իշխանության հաստատման ծրագիրն իրականացվի հենց միանձնյա քաղաքական համակարգի պայքարի դեմ կարգախոսի ներքո, կամ ապաքաղաքականացման միտումը բնութագրվի «քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները» ձեւակերպմամբ, եւ այլն: Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել, որ որքան էլ իշխանական լեզուն կեղծի, միեւնույն է՝ այս կամ այն գործչի շուրթերից ժամանակ առ ժամանակ լսելու ենք իրական մտադրություններն արտահայտող պատահական կամ միտումնավոր «բլթոցներ», օրինակ՝ որ իրենց կուսակցությունը 50 տարի եւս իշխելու է, կամ որ այսուհետ բոլոր ճանապարհներն անցնելու են Մելիք-Ադամյան փողոցով, կամ որ միակուսակցական համակարգն առավել կայուն է, եւ այլն, եւ այլն: Հենց այս մեթոդական ելակետերից էլ վերլուծելու ենք նրանց խոսքը՝ «մեծ պլանը» վերհանելու նպատակով: Քանի որ մեր նպատակն ամփոփումն ու գործնական եզրակացություններն են, տվյալ դեպքում այլեւս կանգ չենք առնելու մանրամասների վրա, ոչ էլ նշելու ենք բոլոր աղբյուրները (շահագրգիռ ընթերցողը կարող է գտնել դրանք նախորդ նյութերում):

Եվ այսպես, ո՞րն է միստր Ֆիքսի այս անգամվա պլանի էությունը:

ա. Իշխանամետներն ասում են, թե նպատակը անձնակենտրոն կամ միանձնյա քաղաքական համակարգի վերացումն է՝ հանուն բազմակենտրոնի: Որքան էլ տարօրինակ է, նրանք որոշ առումով անկեղծ են: Միայն թե իրական խնդիրը ոչ թե իշխանության, այլ հակաիշխանական դաշտում անձի դերի նվազեցումն է: Ավելի պարզ՝ նպատակը նախագահական ընտրությունների վերացումն է, քանի որ ցայսօր նախագահական ընտրություններն են եղել իշխանությանն իրապես սպառնացող միակ մարտահրավերը: Չնայած բոլոր նախագահական ընտրություններում իշխանությունը հաղթող է դուրս եկել, բայց դրա դիմաց շատ թանկ գին է վճարվել, եւ շատ մեծ ռեսուրս է ծախսվել, ընդ որում՝ հետեւանքները զգալ են տվել իրենց տարիների ընթացքում: Նախագահական ընտրությունների կենտրոնացված, վճռական ճակատամարտն, ըստ իշխանական ծրագրի՝ պետք է փոխարինվի պառլամենտական մանդատների համար տեղական ապակենտրոնացված մարտերով, ինչի դեպքում եթե նույնիսկ ուժեղ ընդդիմադիր թիմ է հավաքվում, որը լայն զանգվածային աջակցություն է ստանում, միեւնույն է՝ իշխանությունը հնարավորություն ունի «սակարկել» ամեն առանձին թեկնածուի հետ՝ գնելով, փախցնելով, ահաբեկելով, կոտրելով կամ թեկուզ քիչ թե շատ ազնիվ պայքարում հաղթելով եւ այլն՝ ընդդիմադիր թիմի անհրաժեշտ թվով անդամների: Ու քանի որ Հայաստանում թիմային քաղաքականությունը շատ բարդ լուծելի խնդիր է ռեսուրսային բազայի նեղության պատճառով, դա իշխանության համար ավելի նախընտրելի է, քան գործ ունենալ նախագահական ընտրությունների մեկ՝ համեմատաբար ուժեղ եւ անկախ թեկնածուի հետ:

Իհարկե, եթե դեմոկրատիա կոչվածին մոտենանք ձեւական կամ բյուրոկրատական-ստանդրատների տեսակետից, ապա, խորհրդարանական համակարգն ավելի դեմոկրատական է, քան նախագահականը: Բայց ժողովրդավարությունը ոչ թե այս կամ այն բյուրոկրատական (թեկուզեւ եւ «շատ» միջազգային եւ հեղինակավոր) կառույցի ձեւական ստանդարտին ու պարագրաֆներին կամ էլ այս կամ այն կուսակցության «սուրբ» ծրագրին համապատասխանությունն է, այլ իր բովանդակությամբ, նախեւառաջ՝ զանգվածների ներգրավումն է քաղաքական գործընթացներում: Իսկ թե ինչ ձեւերով է հնարավոր դառնում այդ ներգրավումը՝ արդեն զուտ ձեւի հարց է: Մի տեղ, ուր հասարակությունն ունի իշխանությունից անկախ ռեսուրսներ եւ ինքնակազմակերպվելու հնարավորություն, զանգվածային քաղաքականության առավել հարմար ձեւաչափը կարող է լինել կուսակցականը, իսկ մեկ այլ տեղ, օրինակ՝ Հայաստանում, ուր պայմանները տարբեր են՝ դեմոկրատական քաղաքականության առավել հարմար գործիք են դառնում անհատները՝ հեղինակավոր եւ անկախ գործիչները՝ լիդերները:

Պատահական չէ, որ իշխանական քարոզչությունը «անկախ» լրատվամիջոցների եւ նույնքան «անկախ» փորձագետների միջոցով հատկապես 2013-ի նախագահական ընտրություններից առաջ գրեթե ամենօրյա ռեժիմով հրամցնում էր «լիդերների ժամանակն անցել է» եւ «միտինգների ժամանակն անցել է»՝ իբր շատ դեմոկրատական եւ առաջադեմ, իսկ իրականում, մեր պայմաններում՝ էությամբ հակադեմոկրատական եւ էլիտարիստական թեզերը: Հայաստանում իշխանությունն ունեցել է եւ ունի միայն մեկ մտահոգություն՝ անհատների՝ լիդերների եւ զանգվածների՝ միտինգների միավորումը: Եթե այդ միավորման հարցը լուծվի, մնացած հարցերն իրենք հույս ունեն նեղ վերնախավային շրջանակով լուծել, ընդ որում՝ վերնախավի մեջ տվյալ դեպքում մտնում են ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր, բայց անլիդեր եւ անզանգված շրջանակները: Իշխանական հղացքն, ուրեմն, չի փոխվել՝ վերացնելով «լիդեր-զանգված»՝ մեր պայմաններում առավել օրինաչափ դեմոկրատական կապը՝ հասնել վերնախավի իշխող դիրքին սպառնացող առաջնային ներքին մարտահրավերի վերացմանը:

Բայց այստեղ ավելի մեծ վտանգ կա, քան կարող է թվալ առաջին հայացքից: Խնդիրն այն է, որ Հայաստանի ինքնիշխանությունը ոչ միայն ձեւականորեն (որպես ինքնորոշված ժողովրդի կամքի արտահայտում), այլեւ պատմականորեն (Ղարաբաղյան շարժում) նաեւ էապե՛ս հիմնված է զանգվածային քաղաքականության վրա, որովհետեւ զանգվածային քաղաքականությունը միակ հզոր ներքին ռեսուրսն է, որը կարող է կամք պարտադրել նաեւ դրսի ուժերին: Վերացնելով այդ գործոնը՝ իշխանությունը դառնում է Հայաստանը ներկայացնող միակ գործոնը, հետեւաբար՝ մնում է մեն-մենակ դրսի ուժերի հետ խաղում, որով ճգնաժամային պահին, եթե իշխանությունն ի զորու չի լինում հակադրվել արտաքին ճնշմանը, երկրում չի մնում այլընտրանքային դիմադրության ռեսուրս:

բ. Իշխանական պլանի երկրորդ մասն է, ուրեմն, ներփակ էլիտար համակարգի վերջնական ձեւավորումը կամ, ինչպես ասում է սահմանադրական փոփոխությունների հեղինակավոր պաշտպաններից մեկը՝ «էլիտայի ազատությունը»: Ումի՞ց կարող է ազատ լինել էլիտան: Պարզ է, որ նախեւառաջ ժողովրդից՝ զանգվածից: Իհարկե, պարզ է, որ ցանկացած քաղաքական համակարգ էլ, վերջին հաշվով, էլիտար է: Առավել եւս հայաստանյան համակարգն է եղել էլիտար նաեւ ցայսօր: Բայց խոսքը համեմատական չափերի եւ էլիտայի դիրքերին սպառնացող վտանգի աստիճանի մասին է: Նպատակը «էլիտար դուռը» կողպեքով փակելն է կամ «էլիտար շենքի» շուրջ այնպիսի հզոր պարսպի կառուցումը, որպեսզի դրսից ոչ մի «քամի» այլեւս մուտք չգործի «սուրբ» տարածք: Երբ որ կա էլիտաների մրցակցություն, համակարգը բացվում է, եւ հնարավորություն է ստեղծվում ավելի լայն շերտերի շահերի պաշտպանության, քանի որ մրցող էլիտաները ստիպված են համագործակցել լայն խավերի հետ կամ նույնիսկ ներկայացնել դրանց շահերը: Ազատություն տալ էլիտային՝ նշանակում է, նախ, վերացնել մրցակցությունն էլիտար դաշտում, եւ երկրորդ՝ արդեն միաձույլ էլիտային ազատել ավելի լայն շերտերին ծառայություն մատուցելու «բեռից» (չկա մրցակցություն՝ չկա եւ զանգվածներին «հաճոյանալու» անհրաժեշտությունը): Սա հակասական գործընթաց է, որովհետեւ այս դեպքում էլիտան, որպես ամբողջություն, ստանում է ազատություն, բայց «ազատված» էլիտաների ներսում ամեն առանձին խումբ կամ անհատ պետք է զսպի իր հավակնությունները, զրկվի իր ազատության զգալի չափից՝ հանուն ամբողջի ազատության: Սա մոտավորապես հենց սովետական համակարգն է՝ ուր Կոմկուսը որպես ընդհանուր փակ իշխող համակարգ է, բայց ամեն առանձին կոմունիստ, նույնիսկ՝ ղեկավար, խստորեն ենթակա է իր վերադասին՝ ընդհուպ մինչեւ գլխավոր քարտուղար:

Այստեղ է «քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները» եւ «եթե դու ունես փող, դա դեռ չի նշանակում, որ պետք է մտնես քաղաքականություն»՝ ձեւականորեն նույնպես շատ դեմոկրատական, իսկ իրականում՝ խիստ էլիտիստական կարգախոսների իրական իմաստը: Բոլորին էլ պարզ է, որ մեծ քաղաքականություն՝ առանց մեծ փողի՝ հնարավոր չէ կամ չափազանց դժվար է (փողը կարող է փոխհատուցվել աննախադեպ զանգվածային աջակցությամբ, թիմի նվիրվածությամբ եւ այլ ռեսուրսներով, բայց այդ փոխհատուցումն էլ՝ մինչեւ որոշակի սահման): Իշխանական վերահսկողությունից դուրս եղած փողը երրորդ կարեւոր գործոնն է զանգվածներից եւ հեղինակավոր լիդերներից հետո, որը պետք է վերացնել քաղաքական մենաշնորհի հաստատման ճանապարհին: Հետեւաբար՝ այստեղ նպատակ է դրվում՝ իշխանական կենտրոնից դուրս անկախ կամ թեկուզ կիսանկախ փողի բացառումը: «Քաղաքական գործիչը» պետք է, ըստ այդմ, անփող լինի, հետեւաբար՝ լիովին կախված լինի փողի միակ բաշխիչ կենտրոն՝ իշխանական առավել նեղ խմբից (սա լինելու է, այսպես ասած՝ էլիտա էլիտայի մեջ՝ Պոլիտ- կամ, տվյալ դեպքում՝ ավելի ճիշտ՝ «Փողբյուրոն»): Պարզ է, որ այստեղ «քաղաքական գործիչը» միայն անվանապես է այդպիսին, իսկ իրականում խոսքը փակ էլիտար խմբի մեջ տեղավորված, բայց իրականում սեփական նախաձեռնությունից եւ մանեւրի՝ քաղաքականության ազատությունից զուրկ կամակատարի մասին է: Սա պարզապես հեգնանք է, որովհետեւ «քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները» կարգախոսի իմաստը համակարգի բացարձակ .... ապաքաղաքականացումն է: Իհարկե, կարող է իրականանալ հայ բարձրաճաշակ մտավորական ամբոխի երազանքը՝ ԱԺ-ում այլեւս չեն լինի «մականունավորները», որոնք կփոխարինվեն «քաղաքական գործիչներով»՝ Գեղամյանից մինչեւ Գալուստ Սահակյան եւ Կարեն Ավագյան, բայց թե որքանով դա իրական խնդիր կլուծի երկրում՝ երեւի կիմանան նույն բարձրաճաշակները: «Դեմոկրատիան», անշուշտ, կհաղթի նաեւ այս դեպքում:

գ. Նոր ձեւավորվող էլիտան պետք է կազմակերպվի՝ «ինստիտուցիոնալիզացվի»: Սա նույնպես պետք է ճիշտ թարգմանել իշխանական լեզվից մարդկայինի: Ի դեպ, շեշտեմ, որ տվյալ դեպքում ես հաշվի չեմ առնում հայտնի քաղաքական ուժի կողմից «ինստիտուցիոնալ» եզրի օգտագործումը, որն առանձին վերլուծության առարկա է: Ամեն գրածս չէ, որ բոլորը պետք է իրենց վրա վերցնեն: Տվյալ դեպքում հաշվի եմ առնում այն, որ «ինստիտուցիոնալ» եւ դրան իմաստով մոտիկ եզրերը սկսել են շահարկել հենց բուն իշխանության ներկայացուցիչները: «Պաշտոնական» վարկածն այն է, որ նոր իրավիճակում քաղաքականությամբ զբաղվելու համար արդեն անհրաժեշտ է լինելու ոչ թե համախմբում անհատների, «դարն անցած» լիդերների շուրջ, այլ լուրջ քաղաքական ուժերի, կուսակցությունների ձեւավորում: Ինքնին՝ սա ոչ միայն լավ, այլեւ հոյակապ միտք է՝ իրոք, կազմակերպվածությունը, «ինստիտուցիոնալիզացիան» մեր քաղաքական ուժերի թիվ մեկ խնդիրը պետք է լիներ եւ է՛, եւ նույնիսկ հաշվի առնելով դրա սուղ հնարավորությունները՝ պետք է ասել, որ ոչ միշտ է դա պատճաշ կերպով գիտակցվել: Պետք է ասել նաեւ, որ մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն ընդդիմադիր ուժերին, որոնք ունեն նման քաղաքականության գոնե նվազագույն հնարավորությունը (իրականում նույնիսկ մի ձեռքի մատներն են շատ, բայց չմանրանանք): Բայց նույնիսկ այս նվազագույն հնարավորության իրականացումը դեռ վճռորոշ չէ, եթե խնդիրը ոչ թե օժանդակ, այլ իշխանություն ձեւավորելու իրական հավակնություն ունեցող՝ լիարժեք քաղաքական ուժ ունենալն է:

Իշխանական «մեծ պլանի» մասը հենց «օժանդակ», այսինքն՝ իշխանությանը չձգտող քաղաքական ուժերի ձեւավորումն է: Այդ նպատակը չեն էլ թաքցնում, երբ ասում են, որ այժմ՝ նախագահական ընտրությունների վերացմամբ իշխանափոխության խնդիր դնելը շատ ավելի բարդ է դառնում: Սա «կառուցողական ընդդիմության» մասին իշխանական հին երազանքի թարմացված ձեւակերպումն է: «Ինստիտուցիոնալ»՝ իշխանական լեզվով նշանակում է «պետական», «պետականորեն կազմակերպված» եւ նոր խաղի կանոնների, նոր էլիտար մեծ խմբի կանխատեսելի, կայուն մաս: Մոտավորապես նման «ինստիտուցիոնալ» բազմակուսակցական համակարգ գործում է, օրինակ, Ռուսաստանում: Պետք է ձեւավորվի էլիտար կոնսենսուս, որտեղ, շեշտված լիդերության բացառմամբ, զանգվածներից «ազատված» եւ փողի ինքնուրույն աղբյուրներից զրկված մաքուր եւ զուլալ «քաղաքական գործիչները» իրար հետ խաղալու են տաղտկալի մի ֆուտբոլ՝ նախապես հայտնի արդյունքներով, իսկ ըստ էության՝ իրար ջան են ասելու եւ ջան լսելու՝ նույնիսկ իրար քֆուր տալուց: «Պլանի» էությունն, ուրեմն, նույնն է նաեւ այս կետում՝ «ազատագրված էլիտաները»:

Ինչպես տեսնում ենք՝ սա շատ ավելի ընդգրկուն ծրագիր է, քան զուտ սահմանադրական փոփոխությունը, որն ընդամենը կոչված է ապահովել էությամբ նոր համակարգի իրավական-ձեւական ֆասադը: Պարզ է նաեւ, որ սա մեկ կամ նույնիսկ երկու տարում իրագործելիք ծրագիր չէ, այսինքն՝ սահմանադրության փոփոխությունն ընդամենը ստարտն է «մեծ պլանի»: Այստեղից մի քանի կարեւոր բան է հետեւում:

1. Խոքսն ընդամենը ծրագրի մասին է, իսկ որեւէ ծրագիր երբեք չի իրականացվում ամբողջությամբ, որքան էլ այս պահին հզոր թվան ծրագիրն իրականացնողի կարողությունները: Ծրագիրն իրականացվում է այնքանով, որքանով այն համապատասխանում է տվյալ տեղի եւ տվյալ ժամանակի առարկայական պայմաններին, իսկ դրանից դուրս եղած՝ ծրագիրը նախագծողների ցանկությունները մնում են սոսկ ցանկություններ: Կարող ենք կետ առ կետ քննել, թե տվյալ իշխանական ծրագրի ո՛ր մասերն են մոտավորապես համապատասխանում, իսկ որոնք չե՛ն համապատասխանում Հայաստանի տվյալ պահի առարկայական պայմաններին, բայց դա, տվյալ դեպքում, կարեւոր չէ՝ կարեւորն այն է, որ պետք չէ կարծել, թե ամեն բան իրագործվելու է ըստ այստեղ շարադրված նպատակների: Առավել եւս, որ ծրագիրը նախատեսված է տեւական շրջանի եւ խորքային փոփոխությունների հաշվարկով, եւ բազմաթիվ՝ այս պահին անկանխատեսելի հանգամանքներ կարող են իրենց հետքը թողնել իրականացման ճանապարհին: Ասենք միայն, որ մեր նախնական գնահատմամբ՝ ծրագրի բազմաթիվ կետեր, եթե չասենք՝ դրա բուն էությունը, կարող են անիրագործելի լինել՝ անկախ նրանից, թե նոր սահմանադրությունը կընդունվի՞, թե՞ ոչ, այսինքն՝ անկախ ծրագրի ֆորմալ մեկնարկից:

2. Ծրագիրը ենթադրում է էական փոփոխություններ ներկայիս քաղաքական դաշտի խաղի կանոններում՝ փոփոխություններ, որոնք վերաբերում են նաեւ իշխող խավի ներքին դասավորությանը: Ներիշխանական լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ առկա դասավորությունը նորի իդեալին համապատասխանեցնելու համար: Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ նոր սահմանադրության ընդունումից հետո դեռ մի քանի տարի անց սպասվում է անկայունության որոշակի շրջան՝ իր համեմատական սրացումներով եւ համեմատական անդորրներով: Վերնախավային անկայունությունը նպաստավոր միջավայր է ստեղծելու իշխանական ծրագրին դիմադրելու համար, եթե այս նպաստավոր միջավայրից օգտվել կարողացող ուժեր լինեն: Իշխանական ծրագրի գաղափարախոսները, մի կողմից՝ ասում են, որ իրենց նպատակը հեղափոխական անկայունությունների բացառումն է, մյուս կողմից էլ՝ հենց իրենց ծրագիրը կոչում են հեղափոխություն: Այսինքն՝ «մեծ պլանի» էությունը վերեւից իրականացված հեղափոխությունն է «հեղափոխության դեմ»: Իսկ հեղափոխությունը նշանակում է անցումային անկայուն շրջան: Ահա այս շրջանում է, որ կարող են նոր, այժմ դեռ դժվար սահմանելի հնարավորություններ բացվել: Վերափոխումների ենթակա վերնախավն անհրաժեշտաբար ունենալու է թուլության, պառակտման, զտման փուլեր, իսկ եթե այդ փուլերը փորձեն հնարավորինս մեղմել, ապա կիսատ է իրականանալու բուն ծրագիրը:

3. Այս պայմաններում ընդդիմությունը, անհրաժեշտաբար դիմադրելով սահմանադրական փոփոխություններին, չպետք է միաժամանակ տարվի «վերջին ճակատամարտի» հոգեբանությամբ, չպետք է շփոթի սահմանադրական փոփոխությունների ընդունումը բուն «մեծ պլանի» վերջնական իրականացման հետ, այլ գիտակցի, որ տեղի ունեցողը ոչ թե ավարտի, այլ ընդամենը նոր մեկնարկի սկիզբ կարող է լինել: Տարբերակները շատ կարող են լինել՝ գրեթե պարտիզանական, այլախոհականին մոտ ձեւաչափերից մինչեւ նոր լայն համախմբումներ: Եթե հաշվի առնենք «մեծ պլանի» իդեալական տարբերակը, ապա շատ հնարավոր է, որ իշխող խումբն իր գլխից բարձր է ուզում թռչել, իսկ հայաստանակենտրոն ինքնիշխան քաղաքականության հիմք՝ հայաստանյան զանգվածներին այնքան էլ հեշտ չի լինի լիովին բացառել քաղաքականությունից (որքան էլ դա այսօր արտաքուստ հեշտ թվա՝ նայելով ոչ մեծածավալ հանրահավաքներին), եթե ընդդիմադիր ուժերն էլ գիտակցեն, որ իրենց միակ հենքը Հայաստանի ժողովուրդն է, այլ ոչ թե դրսի կենտրոնները, որոնք իրավամբ հաշվի են առնում ոչ թե իրենց սիրաշահողներին, այլ ներքին, ինքնակենտրոն ուժ ի հայտ բերողներին:

Հրանտ Տեր-Աբրահամյան