09.11.2015 11:00

Այսօր ծնվել է Կարլ Սագանը, կամ՝ բայց դու դեմք ես, Կարլ

Այսօր ծնվել է Կարլ Սագանը, կամ՝ բայց դու դեմք ես, Կարլ

Այս Կարլն իր ոչ երկար կյանքի ընթացքում ոչ միայն հասցրել է մի քանի տասնյակ մարդկանց շատ երկար ապրած կյանքի չափ հետք թողնել գիտական աշխարհում, այլեւ հետն էլ՝ հասարակ մահկանացուներիս մասին է մտածել։ Ո՞նց։ Դե, ամեն ինչ արել է, որ մենք էլ քիչ թե շատ հասկանանք այն բարդագույն բաները, որոնք հասանելի են միայն մինչեւ մազերի ծայրը գիտության մեջ խրվածների ուղեղներին։

Կարլ Էդվարդ Սագանը (1934-1996) ամերիկացի աստղագետ է, աստղաֆիզիկոս, նաեւ՝ գրող։ Հանրությանը հայտնի է «Տիեզերք. անձնական թռիչք» հռչակավոր սերիալով (դիտել է առնվազն 500 միլիոն մարդ՝ 60 երկրներից), նույն՝ «Տիեզերք» անվամբ գրքով, իր համանուն վեպի հիման վրա նկարահանված «Շփում» գեղարվեստական ֆիլմով, որի ավարտը չհասցրեց տեսնել (եթե դիտել ու տեսել եք, թե ինչ հմայիչ է այստեղ Ջուդի Ֆոսթերը, ուրեմն՝ նաեւ նկատած կլինեք, որ ֆիլմի վերջում գրված է՝ նվիրվում է Կարլին), գիտահանրամատչելի բազմաթիվ գրքերով, 600 գիտական աշխատանքներով, հոդվածներով, 20 գրքի համահեղինակ է կամ խմբագիր։ Նրա ստացած մրցանակների ու պարգեւների ցանկն այնքան մեծ է, որ բոլորը թվարկելն «անգթություն» կլինի։

Ծնվել է Նյու Յորքում։ Չիկագոյի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։ Դասավանդել է Հարվարդի համալսարանում 60-ականներին, 1968-ին փոխադրվել է Կորնելի համալսարան, որտեղ էլ պրոֆեսոր է դարձել։ Ղեկավարել է ՆԱՍԱ-ի գիտարշավներն այլ մոլորակներ՝ Մարիներ, Վիքինգ, Վոյաժ, Գալիլեո։ Մեդալներ է ստացել ՆԱՍԱ-ից՝ բացառիկ գիտական նվաճումների, ակնառու պետական ծառայության եւ «Ապոլոն» տիեզերական ծրագրի հաջողությունների համար։ Հենց Սագանի մտահղացումն է 1972-ի մարտի 3-ի ուղերձը միջմոլորակային «Պիոներ-10» կայանից արտերկրյա քաղաքակրթություններին՝ Արեգակնային համակարգի սահմաններից անդին։ Ուղերձը կրկնել են նաեւ 1973-ին, 1974-ին։ Սագանը նաեւ Միջմոլորակային ընկերության հիմնադիրներից է, «Իկարուս» ամսագրի խմբագիրն է եղել։

Հմայիչ ժպիտը դեմքին՝ նա երկար տարիներ զրուցել է մեզ հետ, սովորեցրել է մտածել քննադատաբար, ներշնչել է, որ ինքնուրույն մտածելն է ազատության առաջին քայլը, եւ որ՝ ոչ մի հեղինակության պետք չէ կուրորեն հավատալ։

Եթե սխալվել է, բութ համառությամբ չի պնդել իր սխալի անխոցելիությունը, ասել է՝ սխալվեցի, կպատահի։ Կարճ ասած, այն խոժոռադեմ գիտնականների թվին չի պատկանել, որոնք եթե մի բան չեն կարողանում ապացուցել, ասում են՝ նման բան չի կարող լինել։ Այդպես էլ ասել է. «Փաստի ապացույցի բացակայությունն այդ փաստի բացակայության ապացույց չէ»։

Ուսանողները շատ են սիրել Կարլին, նրա դասախոսություններն ընթացել են լեփ-լեցուն լսարաններում։ Նրան մտահոգել են գործարար աշխարհի լիակատար ազատությունը՝ առանց քաղաքացիական դիրքորոշման, մշակույթի եւ առհասարակ մարդու ինտելեկտուալ զարգացման ետընթացը։ Նա հակապատերազմական պայքարի առաջամարտիկներից էր, պայքարում էր սառը պատերազմի դեմ եւ նույնիսկ երկու անգամ ձերբակալվել է։ Հակառակորդն էր ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի «Աստղային պատերազմներ» նախաձեռնության, պնդում էր, որ սա չափազանց թանկ, միաժամանակ՝ անարդյունավետ, տեխնիկապես անհնար ու զինաթափման գործընթացն ապակայունացնող գաղափար է։ Հենց դա է պատճառը, որ երեք անգամ հրավիրել են Սպիտակ տանը նախագահական ընթրիքի մասնակցելու, երեք անգամն էլ մերժել է։ ԽՍՀՄ-ին էլ է բաժին հասցրել։ Սագանը ժամանակ առ ժամանակ Մոսկվա էր ուղարկում Լեւ Տրոցկու «Ռուսական հեղափոխության պատմությունը» գրքի օրինակները, որ սրանք հանկարծ չմոռանան, թե որտեղից են եկել ու ոնց են եկել։

Մտերիմները պատմում են, որ Կարլ Սագանը նաեւ կանխատեսումների վարպետ էր։ Ըստ համակուրսեցիներից մեկի՝ դեռեւս 1957-ին նա ասել է, որ 1970-ին մարդը կքայլի Լուսնի վրայով, գրազ են եկել մեկ տուփ շոկոլադի վրա, եւ գաղտնիք չէ, որ 1969-ին իրականացավ Սագանի կանխատեսումը։ Համակուրսեցին, սակայն, լռում է այն մասին՝ շոկոլադ գնե՞ց ընկերոջ համար, թե՝ ոչ։ Գիտնականները խոստովանում են, որ նրա «Շփում» վեպի բազմաթիվ անհավանական կանխատեսումները նույնպես սկսել են իրականանալ։ Անշուշտ, մեր Կարլին վանգաների շարքին չարժե դասել։ Նա գիտնական էր, եւ նրա կանխատեսումներն էլ գիտական ուսումնասիրությունների տրամաբանական արդյունք էին։ Պարզապես նա համարձակ մարդ էր եւ չէր վախենում բարձրաձայնել մտքովն անցածը։

Կարլ Սագանը հասցրել է ամուսնանալ երեք անգամ։ Առաջին կինը կենսաբան Լին Մարգուլիսն էր (երկու երեխա), երկրորդ կինը նկարիչ Լինդա Զելցմանն էր (մեկ երեխա), երրորդը՝ գրող Էն Դրույանն էր (երկու երեխա), որի հետ ապրել է մինչեւ կյանքի վերջը։

62 տարեկանում մահացավ թոքերի բորբոքումից, որը հետեւանք էր ողնածուծի հիվանդության դեմ երկտարյա պայքարի։

Բայց սպասեք... Այս մարդը, ում անունն են կրում առաջին անօդաչու մարսագնացի վայրէջքի հատվածը եւ «Աստերոիդ 2709»-ը, մարիխուանա «ըմբոշխնող» էր՝ մոլի։

Դե՜մք ես, Կարլ, եւ շատ դիպուկ է «Թայմ» թերթի լրագրողներից մեկը ժամանակին գրել. «Երբ մեր կողքին կա Կարլ Սագանի նման երկրաբնակ, ու՞մ են պետք եկվորները»։