09.11.2015 13:22

Խմբագրական. «Հպարտ» մենության ծոցում թողեք աշոտյանանմաններին ու սրանց շոուն

Խմբագրական. «Հպարտ» մենության ծոցում թողեք աշոտյանանմաններին ու սրանց շոուն

Ուրբաթ օրը Հանրային կոչվող հեռուստատեսության «Եռանկյունի» հաղորդաշարի «դիջեյը» Արմեն Աշոտյանն էր։ Հանրապետական կուսակցության կարկառուններից մեկը։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը (խեղճ-խեղճ մեր կրթություն ու գիտություն)։ Հաղորդման նպատակը հասարակությանն ապացուցելն էր, որ սահմանադրական «բարեփոխումներին» ընդառաջ՝ ՀՀ քաղաքացիների գրպանի հաշվին ապրող այս հեռուստաընկերությունն ապահովում է  բազմակարծությունը։ Աշոտյանի միջոցով։

Ապահովեց լիուլի։ «Անշահախնդիր» կողմ Աշոտյանը «անաչառ» հարցեր էր տալիս, իր հարցերին պատասխանող հյուրերի պատասխանների ընթացքում՝ գերակտիվորեն «անաչառ» մեջ էր ընկնում իր տափակ հետեւություններով ու հանրապետականավայել «քլնգոցներով»։ Եվ ողջ ընթացքում նրա պլպլան դեմքից ինքնագոհ ժպիտը չէր անհետանում։ Ո՞նց ինքնագոհ չլիներ, եթե սրահում «հավասար իջանք» կարգով նստոտած  էին մի խումբ «անաչառ» քաղաքացիներ, որոնք այնպիսի համերաշխությամբ էին ծափահարում էս պլպլան պարոնի ամեն խոսքի ընթացքում եւ հետո, որ, թվում էր՝ վարագույրի հետեւից ինչ-որ մեկը դիրիժորություն է անում այս՝ նախապես ստուգողական թելադրություն գրած ու ստրկամտության քննությունը «գերազանց» հանձնած «երգչախմբին»։

Բայց, անկեղծ ասած, մեծ պատիվ կլինի աշոտյանների ու սրանց նմաններին ամբիոն տրամադրող Հանրային հեռուստատեսության ղեկավարների համար, եթե սրանից ավելի խոսվի այս էժանագին ու սերժիկաշունչ շոուի մասին։

Ինձ այլ հարց է հետաքրքրում։ Ի՞նչ գործ ունեին այնտեղ «Ժառանգություն» կուսակցության Արմեն Մարտիրոսյանը եւ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։ Ինչու՞ էին իրենց ներկայությամբ, կամա թե ակամա՝ էական չէ, աջակցում, որ աշոտյանների շոուն կայանա։ Նախապես չգիտեի՞ն, որ միայն այն հանգամանքը, որ հաղորդաշարը վարում է պաշտոնյա՛ն, իշխող կուսակցության ջերմեռանդ անդա՛մը, ուրեմն՝ բացառվում է, որ այդ հաղորդման շրջանակներում անաչառության նշույլն անգամ ապահովվի։ Ամենակարեւորը՝ չգիտեի՞ն, որ անաչառության կոպտագույն ոտնահարում է հենց այն փաստը, որ այդ հաղորդումը վարում է Սերժիկ Սարգսյանի ամենահավատարիմ մանկլավիկներից մեկը։ Դժվար է հավատալ, չէ՞, որ երկարամյա խմբագիրը եւ փորձառու կուսակցական գործիչը չէին գիտակցում, որ, ինչպես Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հայտարարության մեջ է ասված. «Հանրային հեռուստատեսությունում քարոզչության հենց առաջին օրը բացված «Եռանկյունի» հաղորդաշարը ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ»։

Եթե չեն գիտակցել այս պարզ բանը, դրա համար էլ «սիրով եւ բարեկամական ջերմ մթնոլորտում» մասնակցում էին այս թամաշային՝ մտահոգիչ է։ Եթե գիտակցել են ու չեն մերժել հաղորդմանը մասնակցելու հրավերը՝ շա՛տ մտահոգիչ է։

Սա մեղադրանք չէ, հարգարժան պարոնայք։ Մտահոգություն է։ Ստացվում է այսպես՝ մենք կամովին թույլ ենք տալիս, որ մեզ ծաղրեն, իսկ հետո զարմանում ու զայրանում ենք, որ ծաղրում են։

Զավեշտաողբալի չէ՞։

Լիզա Ճաղարյան