11.11.2015 14:48

Այսօր ծնվել է Մարիա Բաշկիրցեւան՝ ոսկե վանդակում պատեպատ զարկվող վարդը

Այսօր ծնվել է Մարիա Բաշկիրցեւան՝ ոսկե վանդակում պատեպատ զարկվող վարդը

Այս գեղեցկուհին սկսել է իր օրագրությունը 12 տարեկանից եւ շարունակել 13 տարի՝ մինչեւ մահ։ 105 տետր՝ ֆրանսերեն, որոնք հետագայում հրատարակվել, հանրահայտ են դարձել ու թարգմանվել բազմաթիվ լեզուներով։

Մարիա Բաշկիրցեւան (1858-1884) ծնվել է Ռուսաստանի Պոլտավյան երկրամասում, ազնվականի ընտանիքում, հետագայում՝ ծնողների բաժանումից հետո, մայրը դստեր հետ փոխադրվել է Ֆրանսիա։ Նրա կենսագրության մեջ շեշտվում է, որ ֆրանսիացի նկարիչ է, իսկ ահա ծագումը, ըստ ուկրաինացիների՝ ուկրաինական է, ըստ ռուսների՝ ռուսական։ Մենք ոչ մեկին նախապատվություն չենք տալիս՝ առանց դրա էլ ռուս-ուկրաինական սրված հարաբերությունների վրա յուղ չլցնելու համար։

Եվ վերջապես՝ մեզ ի՞նչ նրա ծագումը։ Մենք տեսնում ենք մի անուշիկ աղջկա, որին, կարծես, տրված էր ամեն ինչ՝ այս աշխարհում անհոգ ու թռի-վռի ապրելու համար. ազնվական ծագում, գեղեցկություն, հարստություն, հոգատար ծնողներ, ապրում էր բարձրակարգ հյուրանոցներում ու բնակարաններում, նրա համար վարձում էին շքեղ առանձնատներ, նրա գեղեցկությամբ հիանում էին հերցոգներն ու կոմսերը, գրողներն ու արվեստագետները։ Գերազանց կրթություն էր ստացել, ռուսերենից ու ֆրանսերենից բացի՝ տիրապետում էր նաեւ լատիներենին, անգլերենին ու գերմաներենին, նվագում էր դաշնամուր, մանդոլին եւ տավիղ։ Բայց բնությունը երբեմն չար կատակներ է անում մարդկանց հետ, եւ այդ «երբեմն»-ի հարվածի տակ էր ընկել նաեւ Մարիան։ Մանկուց արդեն վատառողջ էր, իսկ 1874-ին այս աղջնակի դուռը բախեց թոքախտը, որի պատճառով 1876-ին կորցրեց ձայնը, 1880-ին՝ լսողությունը, չորս տարի հետո էլ՝ իր կյանքը։

Նկարել է ընդամենը յոթ տարի։ Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Փարիզում՝ 1885, Ամստերդամում՝ 1887, ԽՍՀՄ-ում՝ 1929։ Այժմ դրանք պահվում են Փարիզի, Ամստերդամի, Վիենայի, Աթենքի, Նիսի, Չիկագոյի, Ռուսաստանի, Ուկրաինայի բազմաթիվ թանգարաններում, Տրետյակովյան պատկերասրահում։

Սակայն, նրա առավել հետաքրքիր ժառանգությունը համարվում է «Օրագիրը», որը եթե հիացրել է Մարիա Ցվետաեւային, Վելիմիր Խլեբնիկովին, Վալերի Բրյուսովին, իսկ Գի դը Մոպասանը խորը հառաչել է Մարիայի մահից հետո՝ ասելով, որ եթե իմանար՝ այդքան կարճ է տեւելու նրա կյանքը, ինքը վարդերով կսփռեր Մարիայի ճանապարհը, ապա ոմանց էլ միայն տհաճություն են պատճառել մահացու հիվանդ աղջկա տագնապահար դեգերումները շքեղ կյանքի, սիրված կին լինելու եւ միաժամանակ՝ ճանաչված ու գնահատված լինելու ոլորաններում։ «Ինքնասիրահարվածի մեկն է»,- քամահրանքով դեմքները ծամածռել են որոշ խստաշունչ «կատարելություններ»։ Հատկապես չափազանց խիստ է արտահայտվել հրապարարակախոսական հոդվածների, պատմվածքների ու բանաստեղծությունների հեղինակ Ելիզավետա Դյակոնովան, որը գրեթե Մարիայի ժամանակակիցն էր՝ ծնվել է նրանից 12 տարի հետո, նույն ճակատագիրն է ունեցել՝ հիվանդության պատճառով մահացել է 27 տարեկանում։ Նա էլ է 11 տարեկանից օրագիր պահել, որը նույնպես հանրության սեփականությունն է դարձել «Ռուս կնոջ օրագիրը» վերնագրով։ Ինչու՞ է Ելիզավետային այդքան զայրացրել իր բախտակիցը. «Ավարտեցի Մարիա Բաշկիրցեւայի օրագրի ընթերցումը։ ... Հեղինակի կերպարը վերին աստիճանի տհաճ է։ Փնտրեք գեթ մեկ ուշագրավ գիծ նրա բնութագրում... «Ես»-ը հորդում նրա բոլոր էջերից հազար երանգներով, մռայլից մինչեւ լուսավոր եւ հակառակը։ ...Չեմ հասկանում, ոնց կարող էին հետաքրքվել այս օրագրով...» եւ այլն, եւ այլն։ Վերջում էլ ավելացնում է. «Չմտածեք, որ սա գրում եմ կանացի նախանձից»։

Դժվար է չմտածել։

Մարիան ապրել է առանց նյութական դժվարությունների, իսկ Ելիզավետան՝ կիսաքաղց։ Եվ եթե մի քիչ մեծահոգի լիներ իր բախտակցի նկատմամբ, գուցե ցանկանար տեսնել ու տեսներ, որ Մարիայի համար շքեղ կյանքը ոսկե վանդակ է ընդամենը, որից փորձում էր ազատվել իր կարճատեւ կյանքի ընթացքում։ Գուցե տեսներ, որ մահվան դատապարտված այս Մարիան եթե չի էլ թաքցնում, որ փառքի է ձգտում, ապա այդ փառասիրության հիմքում կնոջ վիրավոր արժանապատվությունն է եւ կռիվն աշխարհի հետ, թե ինչու է ստեղծագործող տղամարդուն նախապատվություն տրվում, իսկ կինն ընկալվում է ընդամենը որպես մուսա, որի համար նախասահմանված է փռվել հանճարների ոտքերի առաջ, որ նրանք մեծահոգաբար՝ վերեւից նայեն իրենց ու ոգեշնչվեն։ «Ինձ ասացին, որ չեմ կարող ստորագրել այդ նկարը, սկանդալ կսկսվի։ Սադրիչ նկար է, մարդիկ կսկսեն աղմկել, հատկապես եթե իմանան, որ նկարողը կին է, աղջիկ»,- գրում է Մարիան։ Եվ բազմաթիվ են տղամարդու գերակայության մասին վկայող նրա տողերը, նրա բողոքը, նրա տրտունջը։

Կամ՝ եթե 15-ամյա աղջնակը գրում է, որ ինքը շատ գեղեցիկ է, եւ բոլորը հիանում են իր գեղեցկությամբ, գուցե սա չարաճճի ճի՞գ է՝ մահվան դեմքին ծիծաղելու։

Եվ այս «ինքնասիրահարված» ու «փառասիրությունից կուրացած» աղջիկն իր կյանքի վերջին օրերին խնամել է իր ուսուցիչ, մահամերձ նկարիչ Բաստիեն Լըպաժին եւ... մահացել է նրանից առաջ։

Թաղված է Փարիզում։