12.11.2015 12:29

Խմբագրական. Թե բա՝ մենք ձեր լավն ենք ուզում

Խմբագրական. Թե բա՝ մենք ձեր լավն ենք ուզում

Եթե հավատանք սահմանադրական փոփոխությունների հետ կապված` իշխանական քարոզչությանը, ու եթե մեկ նախադասությամբ ամփոփենք նրանց մեսիջները՝ ուղղված ժողովրդին, կունենանք մոտավորապես այսպիսի մի բան. «մենք ձեր լավն ենք ուզում»: Պարզ չէ միայն մի բան. եթե իշխանություններն ինչ անում՝ ժողովրդի համար են անում, ժողովրդի պայծառ ապագայի ու բարեկեցության համար են անում, էլ ինչի՞ են այսպես ձեռ ու ոտ ընկել:

Ինչի՞ եք բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով տարփողում, թե սա այն է, ինչ պետք է ժողովրդին, ինչի՞ եք քարոզչական հեղեղ ու տարափ անում՝ է՛լ վերամբարձ երգեր, է՛լ քարոզչության մեջ ներգրավված վարչական ռեսուրս, է՛լ թաղային հեղինակություններ, է՛լ համատիրության աշխատակիցներ, է՛լ պետական ապարատում աշխատող քաղաքացիների վրա ճնշումներ, է՛լ կրթական հաստատություններում իրականացվող ապօրինի քարոզ, էլ չասած՝ մի Սոսո Պավլիաշվիլի, որին իբր թե երիտասարդության օրվա կապակցությամբ, Երիտասարդական հիմնադրամի փողերով (հիմնադրամն էլ, հիշում ենք՝ ով է ղեկավարում՝ Փուչիկ մականունով հայտնի ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը) բերել եք Երեւան, ուսանողների համար համերգ եք կազմակերպում, թե ինչ է՝ վերջում Սոսոն ասի, թե գնացեք ու «այո» ասեք սահմանադրական փոփոխություններին, որը, ըստ իշխանությունների, ինչպես ասացինք, մեր բարեկեցության համար է: Թե չէ, ասում են, իրենց ի՞նչ, եթե իրենց նպատակը վերարտադրությունը լիներ, իրենք էս Սահմանադրությամբ էլ կարող են վերարտադրվել: Ինչպիսի հուզիչ ինքնախոստովանական ցուցմունք:

Բայց դե էս հանրապետականների հետ՝ բովանդակային հարցով ոչ մի քննարկում. ինչ է գրված թղթի վրա՝ կարեւոր չէ, որովհետեւ բոլոր մյուս թղթերում էլ լիքը լավ բաներ կան գրված, բայց արդյո՞ք մենք տեսնում ենք այդ ամենը գործողության մեջ: Չէ: Դե որ չէ, էլ ինչի՞ պիտի քաղաքացին հավատա, որ այս անգամ ամեն ինչ այլ կերպ է լինելու: Անգամ եթե՝ հանրապետականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Շմայսի արեւով երդում ուտեն:

Սրանց պետք է ընդամենը մեկ պարզ պատասխան տալ. այ հանրապետականներ, ժողովուրդը հո երեխա չէ՞, որ իր լավը չհասկանա, իր շահը չհասկանա: Ժողովուրդը եթե տեսնում է, որ մի բան իսկապես իր համար է արվում, առանց համոզելու էլ կողմ կլինի դրան:

Դուք ժողովրդին, ինչի, ո՞ւմ տեղն եք դրել: Կարծում եք՝ ժողովուրդը կո՞ւյր է, ոչինչ չի՞ տեսնում: Թե՞ կարծում եք՝ ժողովուրդը խուլ է, ոչինչ չի լսում: Եւ առավելեւս, սխալվում եք, եթե կարծում եք, թե ժողովուրդը համր է, որ ամեն ինչ տեսնելուց ու լսելուց հետո պետք է լուռ «այո» ասի: Կամ էլ՝ պետք է իր ձայնը չբարձրացնի ու չասի «ոչ»: Սխալվում եք: ժողովուրդը ոչ կույր է եւ ոչ էլ խուլ: Եւ առավելեւս՝ համր չէ, նա իր ձայնն արդեն հնչեցնում է եւ ասում է «ոչ»: