12.11.2015 16:58

Այսօր ծնվել է Գրեյս Քելլին, կամ՝ հրաբուխը մարեց ձյան տակ

Այսօր ծնվել է Գրեյս Քելլին, կամ՝ հրաբուխը մարեց ձյան տակ

«Եվ Մոխրոտը գտավ իր արքայազնին». տարբեր շարադասությամբ, իրարից շատ քիչ տարբերվող խանդավառությամբ գրում են այս կնոջ կենսագիրները։ Նկատի ունեն Գրեյսի եւ Մոնակոյի իշխանի ամուսնությունը։

Իրո՞ք։ Գրեյս Քելլին (1929-1982) երբեւէ եղե՞լ էր մոխրոտի կարգավիճակում կամ՝ է՞ր, երբ հանդիպեց Մոնակոյի, այսպես ասած՝ թագավոր Ռենյե Գրիմալդիին։

Այլ հարց է, որ ոչ ոք չստիպեց այս հաջողակ ու սիրառատ գեղեցկուհուն հրաժարվել հոլիվուդյան կինոաստղի փայլից ու շուքից, բուռն ու ազատ կյանքից եւ ընտրել իշխանուհու «հպարտ» մենությունը։ Ի՛ր որոշումն էր։

Սակայն, ահա այս իռլանդացու ու գերմանացու արմատներով «մոխրոտը» ամերիկաների գետտոներում չէր ծնվել։ Ծնվել էր Ֆիլադելֆիայի հարուստ արդյունաբերողի ընտանիքում, մեծացել շքեղ դղյակում։ Հայրը, հարստություն դիզելուց զատ, հասցրել էր նույնիսկ ակադեմիական թիավարության օլիմպիական չեմպիոն դառնալ, հորեղբայրը հայտնի դրամատուրգ էր եւ Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր։ Եվ դեռ մանկուց Գրեյսը, այսպես կոչված, բարձր հասարակության լիիրավ անդամ էր։

Եվ այն պահին, երբ ընդունեց Մոնակոյի իշխանի ամուսնության առաջարկը՝ Գրեյս Քելլին արդեն հասցրել էր մի քանի տարվա ընթացքում 10 ֆիլմում նկարահանվել, «Օսկար»-ի եւ «Ոսկե գլոբուս»-ի նման հեղինակավոր մրցանակների արժանանալ, Ալֆրեդ Հիչքոքի ամենացանկալի դերասանն էր եւ իր ժամանակի ամենաբարձր վճարվող կինոաստղը։ Ավելին, ֆոսֆորի պես լույս արձակող մաշկով, մանուշակագույն աչքերով Գրեյսի ձեռքը խնդրողները եւ նրանով հմայվողները նույնպես «մոխրոտների» դասակարգից չէին։ Օրինակ, Ժակլին Քենեդիի եւ հոլիվուդյան գրեթե բոլոր աստղերի զգեստների հռչակավոր ձեւավորող Օլեգ Կասինիին մերժել է հենց Գրեյսը՝ ծնողների պնդմամբ, եւ Կասինին հետագայում խոստովանել է, որ շատ-շատ է զղջում մերժումից հետո հեշտությամբ նահանջելու համար։ 1947-ից սկսվում է Գրեյս Քելլիի ինքնուրույն կյանքը, սիրավեպերի շարքն էլ՝ հետը. 30-ականների կինոաստղ Ալեքսանդր Դ՛Արսի, Բրոդվեյի թատրոնի ռեժիսոր Դոն Ռիչարդսոն, Իրանի շահ Մոհամեդ Ռըզա Փահլավի, որի ամուսնության առաջարկը նույնպե՛ս Գրեյսն է մերժել, «քամուց քշված» Քլարկ Գեյբլ, Քերի Գրանտ... Ի դեպ, Գրեյսը ոտք դրեց Մոնակո հենց այս հռչակավոր աստղի նվիրած պուդելին գրկած։

Այնպես որ, եթե այս ամուսնական զույգից մեկը «մոխրոտ» էր, ապա հաստատ Գրեյսը չէր։ Այս նույն կենսագիրները չեն էլ թաքցնում, որ այդ շրջանում մեր Աբովյան քաղաքից փոքր տարածք զբաղեցնող Մոնակո գաճաճ պետությունը, որն, ի դեպ, հասկանալի պատճառներով, Հայաստանի իշխանավորների սիրած եւ շատ հարազատ վայրերից է, դժվարին ժամանակներ էր ապրում, եւ Գրեյսի նման գեղեցկուհին ու կինոաստղն օդուջրի նման անհրաժեշտ էր՝ աշխարհի ուշադրությունն իրենց կողմը դարձնելու եւ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստների հետ համագործակցած ու վարկաբեկված Մոնակոյի իշխանի նկատմամբ քիչ թե շատ բարեհաճ վերաբերմունք ձեւավորելու համար։ Միայն խաղամոլներով ու Օնասիսի փողերով երկիր պահել չէր լինի։ Թեկուզեւ՝ մի մատնաչափ երկիր։

«Դարի ամուսնությունից» հետո իշխան Ռենյեն արգելեց իր տիկնոջ մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրումը։ Մոնակոյու՛մ՝ իհարկե։ Ձեռքն այդ սահմաններից դուրս չէր հասնում։ Տարիներ հետո համառ Հիչքոքը կրկին դեր առաջարկեց Մոնակոյի իշխանուհուն, բայց նրա մանուշակագույն աչքերից հոսող տաք արցունքները չհալեցրին ամուսնու սրտի սառույցը, եւ երբեմնի կինոաստղը ստիպված եղավ մերժել իր սիրելի կինոռեժիսորին։

Գրեյսն, ըստ կենսագիրների, լիուլի արդարացրեց Մոնակոյի հասարակության եւ իր ամուսնու հույսերը։ Երեք երեխա նվիրեց իշխանին, որոնցից մեկն էլ՝ Ալբերը, այժմ կառավարում է երկիրը։ Բարեգործությամբ էր զբաղվում, հովանավորում էր արվեստը։ Իր անմիջականությամբ, մարդամոտությամբ եւ, բնականաբար՝ գեղեցկությամբ, Մոնակոյի հեղինակությունը զգալիորեն բարձրացրեց։ Ալֆրեդ Հիչքոքը Գրեյսին այսպես էր բնութագրել. «Հրաբուխ ձյան տակ»։ Գրեյս Քելլին այս հրաբուխն էլ տարիներ շարունակ թաղած պահեց Մոնակոյի իշխանական դղյակում, իսկ մի օր էլ նստեց ավտոմեքենան, սլացավ, սլացավ ու գլորվեց ձորը։ Ու՞ր էր սլանում։ Գուցե՝ իր իսկ կամքով կորցրած ազատության հետեւի՞ց։

Ամբողջ աշխարհը հեռուստաէկրանների մոտ նստած հրաժեշտ տվեց գեղեցկուհի Գրեյսին, իշխան Ռենյեն բարձրաձայնեց, որ ողջ կյանքում սիրել է միայն իր կնոջը, եւս քսան տարի ապրեց նրա մահից հետո եւ այլեւս չամուսնացավ։

Իսկ հարցը մնաց՝ այս պատմության մեջ ո՞վ էր «մոխրոտը»։

Ֆրանսիացի կինոռեժիսոր Օլիվիե Դահանի նկարահանած «Մոնակոյի իշխանուհին» ֆիլմի (Գրեյս Քելլիի դերում Նիկոլ Քիդմանն էր) նկարահանումների ընթացքում մի լրագրողի հետ հարցազրույցում՝ իշխան Ռենյեի դերակատար Թիմ Ռոթն ասում է կինոէկրանի իր կողակցի մասին. «...Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, թե ինչպես եղավ, որ իմ գործընկերն իր հրաշալի մասնագիտությունը փոխեց բոլորովին այլ, շատ տարօրինակ աշխատանքի հետ։ Ապշել կարելի է, թե ինչպես կարող է «Օսկարը» ձեռքն առած մարդն ավերել, քանդուքար անել իր աշխարհն իր իսկ գլխին եւ հայտնվել սկզբունքորեն օտար վայրում»։ 

 Եղածը եղած է՝ ապշենք-չապշենք։