13.11.2015 10:14

Այսօր ծնվել է Վանո Սիրադեղյանը, կամ՝ «Վանոյի բացակայությունը մեր բոլորիս թուլությունն է»

Այսօր ծնվել է Վանո Սիրադեղյանը, կամ՝ «Վանոյի բացակայությունը մեր բոլորիս թուլությունն է»

Աստված մի արասցե հայկական սոցցանցերի հույսին մնանք՝ որեւէ գրողի, արվեստագետի կամ առհասարակ Հայաստանի նշանավոր քաղաքացու մասին տեղեկություն քաղելու համար։ Կամ՝ կցկտուր տեղեկություններ են, կամ՝ կոկած-արդուկած-պլպլան «արձաններ», կամ՝ լկտի կամայականություններով «քերթվածքներ», ներկա իշխանության մանկլավիկ պատմության կեղծարարների գաղջ շնչի գարշահոտով։

Նույնն էլ, պարզվեց, տաղանդավոր արձակագիր Վանո Սիրադեղյանի պարագայում է։ Մի քանի կցկտուր տեղեկություն՝ ծնվել է 1946-ին, Տավուշի մարզի Կոթի գյուղում, ավարտել է Երեւանի պետական համալսարանը, աշխատել է մի շարք պարբերականներում, «մեծահոգաբար» նշված է նաեւ, որ 1982-ին դարձել է «Դրուժբա նարոդով« ամսագրի մրցանակակիր, 1988-ից՝ Հայոց համազգային շարժման եւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նույն թվականի դեկտեմբերին կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվել է մինչեւ 1989-ի մայիսը, Հայաստանի անկախացումից հետո ՀՀ անտառտնտեսության պետ է եղել, նաեւ ԳԽ պատգամավոր, հետագայում՝ ՆԳ նախարար, Երեւանի քաղաքապետ, նաեւ՝ ԱԺ պատգամավոր, ամուսնացած է, ունի հինգ երեխա եւ... այս ժլատ տեղեկություններից հետո կագեբեաշունչ կենսագիրները բլբուլ են կտրում։ Ճամփա տվեք՝ հասել են «հանցագործություններին»։ Հասել են ու ընկել «աղվանի բոստանը». Վիքիպեդիայում իրենց «պատվավոր» տեղն են գրավել Հայաստանի արդար, անկաշառ դատարանի մեղադրանքները՝ մանրադիտակային մանրամասներով, նույնիսկ չեն մոռացել կրկին բանալու անցքից ծիկրակել ու Արշալույս գյուղում սեղանի շուրջը տաքգլուխ ասվածը մեջբերել։

Եվ ուրեմն, չեն մոռացել ներկա Հայաստանի ամբարտավան հանցագործներին, գողերին ու մարդասպաններին անթաքույց հովանավորող Աղվան Հովսեփյանի կարած-կարկատած մեղադրանքները հրապարակել, իսկ ահա մոռացել են, որ երբ առաջին անգամ Վանո Սիրադեղյանի պատմվածքները տպագրվեցին «Գարուն» ամսագրում, դա այնպիսի տաղանդավոր արձակի հայտ էր, որ հեղինակավոր գրականագետները չզլացան գրախոսություններ գրել ընդամենը երեք փոքրիկ պատմվածքի մասին։ Մոռացել են գրել, որ Վանոյի արձակին, Վանո-անհատին այնպիսի տողեր է նվիրել մեր Մեծ գրողը, որոնցից միայն այս փոքրիկ հատվածը բավական է՝ հասկանալու համար, որ քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանին ցանկացած մարդ կարող է ընդունել կամ չընդունել, կարող է սիրել կամ ատել, կարող է նույնիսկ նրա կենսագրությունը կեղծել՝ ըստ իրեն տրված գումարի չափի, բայց չի կարող հանգցնել նրա «Ծանր լույսը», որովհետեւ. « Խոսքը գրական խոշոր անհատականության մասին էր լինելու, եթե 1988 թ. ծանր տարին կտրած չլիներ գրական աշխարհի այդ լրջմիտ, խելացի, լիցքավոր բնակչի վերընթացի ճանապարհը։ Եթե ճանապարհը միանգամից, հանկարծ, ծանր փլքի պես ընդհատված չլիներ՝ հայ գրականությունը, հանձին Վանոյի, այսօր իր Վիկտոր Աստաֆեւն էր ունենալու՝ սրա պես զգայուն, սրա չափ մարդու գինն իմացող, բարի, գրի էությունն ու առաքելությունը ճանաչելու կոչված։ Հայ գրականության մեջ Վանոյի կարիքը կար, Վանոյի տեղը նշված էր ու պարապ էր» (Հրանտ Մաթեւոսյան)։

Մոռացել են գրել, որ «Ղարաբաղ« կոմիտեի անդամ լինելը նշանակում է, որ եթե այսօր Հայաստանն անկախ է, ապա այդ Վանո Սիրադեղյանն իր անջնջելի ներդրումն ունի այդ նվիրական ճանապարհին։ Մոռացել են գրել, թե ինչու հենց «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ձերբակալեցին ու տարան-հասցրին մոսկովյան բանտեր, եւ իրենք՝ Վանոյին այսօր ահասարսուռ հանցագործ ներկայացնողներն այդ ժամանակ որտե՞ղ էին, ի՞նչ էին անում, ինչու՞ իրենց էս «արդարադատ» գոյությունը չանհանգստացրեց Հայաստան-գաղութը կորցնող Կրեմլին, ու հենց իրենց չփակեցին բուտիրկաներում, իսկ ահա հիմա սրանք հայտնվել են, դատավորի թիկնոցն առել ուսերին եւ Հայաստանի անկախության ճանապարհի ամենաառանցքային դեմքերից մեկին աղվանհովսեփյանական հուդայությամբ «մատուցում են» հասարակությանը։

Մոռացել են գրել, որ Վանո Սիրադեղյանը երբ ՆԳ նախարար էր, Հայաստանում տեղ չունեին այն քրեական հանցագործները, որոնք այսօր վխտում են նախարարություններում, իրավապահ մարմիններում, Ազգային ժողովի միջանցքներում, եւ այս երկրի քաղաքացին չէր սարսափում փողոց դուրս գալ նույնիսկ կեսգիշերին, ինչպես հիմա նույնիսկ օրը ցերեկով է զգուշանում՝ ի՞նչ իմանաս, գնդակը կույր է, մեկ էլ տեսար՝ «լավ տղերքն» իրար «սատկացնելիս» մի քանի փամփուշտ էլ անմեղ անցորդներին բաժին հասցնեն, ինչը պատահել է բազմիցս ու դեռ շարունակվելու է, քանի դեռ Հայաստանի ղեկին Վանոյին դատող բազմակի հանցագործներն են նստած։

Շատ բան են մոռացել գրել, նույն կերպ՝ ինչպես նորագույն պատմության դասագրքերում մոռանում են գրել, թե իրականում ոնց պատահեց, որ հաղթեցինք ղարաբաղյան պատերազմում, եւ ոնց պատահեց, որ անկախությունը մտավ Հայաստան, որը հիմա թերհաս ավազակախումբը բռերով բաժանում է օտարներին։

Մոռացել են գրել, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ Վանո Սիրադեղյանը նամակով զգուշացրել էր Վազգեն Սարգսյանին, թե ինչ մղձավանջ է սպասվում իրեն եւ Հայաստանին, եւ մենք հիմա ապրում ենք այդ մղձավանջի պայմաններում, իսկ Վազգենը չկա այս աշխարհում, որովհետեւ երեւի քմծիծաղեց Վանոյի նամակը կարդալուց հետո՝ վստահ, որ «հայը չի սպանի իրեն»։

Իշխանությունը զավթած հայը այսօր Հայաստանն է սպանում, մի քանի հայի եղա՞ծն ինչ է, որ չսպաներ։

Այսօր ծնվել է տաղանդավոր արձակագիր Վանո Սիրադեղյանը, եւ «Վանոյին կկալանեն կամ չեն կալանի, կդատապարտեն կամ չեն դատապարտի՝ միեւնույն է, միջակություններս ասպարեզից հսկա ենք հեռացնում, եւ ինչ դիպուկ հարվածներով, եւ ազգը ծվատելու եղանակի ինչ եզակի ընտրությամբ, թշնամին անգամ այսքան դիպուկ չէր լինի։ Վատ է, պարոնայք, շատ վատ է։ ...Վերջին տխմարներն են նրանք, ովքեր իրենց ուժեղ են տեսնում այս խոշոր անհատի բացակայությամբ։ Վանոյի բացակայությունը մեր բոլորիս թուլությունն է» (Հրանտ Մաթեւոսյան)։

Այդպես էլ եղավ՝ հիմա մեր թուլությունից ծնկած երկիրը ղեկավարում են տխմարները։

Եվ այնքան տխմար են, որ կարծում են՝ իրենց կհաջողվի աղվանների «ստեղծագործությամբ» ստվերել Վանոյի Ստեղծագործությունը։