13.11.2015 16:11

Սեդա Մեսրոպյան. «Ջոկել եմ, թե որտեղ եք ուզում ինձ քցած լինեք»

Սեդա Մեսրոպյան. «Ջոկել եմ, թե որտեղ եք ուզում ինձ քցած լինեք»

Գնացել եմ շուկա՝ կարտոշկա առնելու: Ոնց որ հայտնի գովազդում է ասվում՝ «ձմեռն է մո-տե-նում, ձը-մեռ-ն է մո-տե-նում»: Իսկ մենք (այսինքն՝ մեր տնեցիները) ձմեռվա համար պարկով ենք կարտոշկա առնում: 

Շատ է թանկացել էս տարի. անցյալ տարվա համեմատ՝ համարյա կրկնակի: Անցնում եմ մի վաճառասեղանից մյուսը, բոլորը, ձենները մեկ արած՝ համարյա նույն գինն են ասում՝ 250 կամ, լավագույն դեպքում՝200 դրամ: 
Ու մեկ էլ մի մեքենա է հայտնվում՝ կարտոֆիլի պարկերով ծանրաբեռնված: «Էստի՜ համեցեք, ընտիր կարտոլ, կիլոն՝ 100 դրամ», մոտավորապես էսպես՝ գիքորավարի, հրավիրում է նորահայտ վաճառողը: Մոտենում եմ, նայում. ոնց որ թե՝ վատ կարտոֆիլ չի: Բայց ինչի՞ է էսքան «էժան» ծախում: Հաստատ՝ մի բան էն չի: 
Ուզում եմ հեռանալ: Բայց էս վաճառողը կպել՝ պոկ չի գալիս. «Այ հորողբեր, խի՞ չես առնում, ընտիր ապրանք ա, համարյա ձրի եմ տալիս»: Կասկածներս ավելանում են: «Բայց ինչի՞ ես էդքան էժան ծախում»: «Ախպեր ջան, ինչ անում ենք՝ ժողովրդի հըմար ենք անում: Բա մեր հայ մայրերին ու քույրերին թողենք՝ սոված մնա՞ն ձմեռվա կեսին: Ա՛ռ, չես փոշմանի»: Բայց ես տատանվում եմ: Չէ, չե՛մ էլ տատանվում: Հիշում եմ, որ «թանկից էժանը չկա», ու ի կատարումն էդ ասույթի՝ հեռանում եմ:
Հիմի էս «էժան» ծախողն ընկել է հետևիցս՝ պոկ չի գալիս, թևիցս է բռնում, ճամփես է փակում, օձի լեզու է թափում, թե՝ «արի իմ կարտոլն առ, խի՞ չես ուզում իմ կարտոլն առնես, ընտիր ապրանք ա, անցյալ տարվանինից առողջ, դիմացկուն, հյութեղ, յուղ էլ պետք չի ավելացնես, մատներդ էլ հետը կուտես…»:
Ախպեր, յան տուր, գոռում եմ, չե՛մ ուզում քո ընտիր ապրանքը, անցյալ տարվա իմ առած կարտոլն էլ շա՛տ էլ լավն էր, ի՞նչ ես ուզում ինձնից: Թե՝ չէ որ չէ, պըտի առնես, քեզ համար եմ ասում, հորողբեր, ինձ ի՞նչ կա, ես, մեկ ա, իմ ապրանքը կծախեմ, բայց ուզում եմ, որ դու էլ էդ կարտոլն առնես… Այո՛, այո՛ ասա այո՛…
«Ախպեր, չեմ ջոկում՝ որտե՞ղ ես ուզում ինձ քցած լինես»,- գոռում եմ ես ու վեր թռնում քնիցս:
«ԱՅՈ-ն առավելություններ կտա ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու հարցում»,- հեռուստացույցից մեղմորեն հորդում է հաղորդավարի ձայնը: Ուրեմն՝ էլի հեռուստացույցի առաջ նստած՝ աչքս կպել էր: Իսկ էդտեղ շարունակվում է հանրաքվեի քարոզարշավը՝ փաստորեն: 
Ճիշտն ասած՝ էստեղ ջոկում եմ, թե որտեղ են ուզում «քցած » լինեն: Ու մենակ ես չեմ, որ ջոկում եմ: Էդ՝ հաստա՛տ:
Հ.Գ. Փաստորեն՝ երազումս «հորողբեր» էի, այլ ոչ թե «մորքուր»: Մի հատ երազահանում նայեմ՝ դա ի՞նչ կնշանակի: