17.11.2015 12:19

Խմբագրական. Մի շոուի մասին. «արաղ, թութուն, ախպերութուն»

Խմբագրական. Մի շոուի մասին. «արաղ, թութուն, ախպերութուն»
(c) Ֆոտոլուր

Ինչպես հայտնի է, հեռուստաընկերություններից մեկը սահմանադրական փոփոխությունների թեմայով «Այո» եւ «Ոչ»-ի մի ռեալիթի շոու է կազմակերպել: Բառի բուն իմաստով՝ շոու: Ճիշտ այնպիսին, ինչպիսին ռուսական ալիքներից մեկով տարիներ շարունակ ցուցադրվող «Դոմ»-ը: Միասին ճամփորդում են Հայաստանով մեկ, քարոզում, հետո միասին նարդի ու շախմատ խաղում (կամ ֆուտբոլ), հետո երգում են միասին, հետո միասին հաց ուտում ու զրից անում, «արաղ, թութուն, ախպերութուն»:

Ճիշտ է, տեղական շոուի հեղինակները դեռ չեն հասել ռուսական շոուի մակարդակին եւ առայժմ զերծ են մնում սիրային թեժ կրքեր ցուցադրելուց, բայց այն, ինչին մենք ականատես ենք լինում, ոչ պակաս արժանի է իրական շոու կոչվելուն: Ընդ որում` չենք էլ խոսում այն մասին, որ շոուի ընթացքում «ոչ» քարոզողները նույնքան կապ ունեն «ոչ»-ի հետ, որքան Տարոն Մարգարյանը՝ բալետի: Բայց այս մասը հանգիստ կարող ենք բաց թողնել, որովհետեւ ինչպես հայտնի թատերասերն էր ասում՝ սա փոքր երկիր ա, եւ այստեղ բոլորն իրար ճանաչում են, եւ շատ լավ գիտեն՝ ով-ով է:

Շոուի ուշագրավությունն այս պարագայում այն է, որ մարդիկ տեսնեն, որ իրենց մոտ են գալիս ինչ-որ մարդիկ, մի մասը «ոչ» է քարոզում, մյուս մասը՝ «այո», հետո էդ նույն մարդիկ նստում են մի սեղանի շուրջ եւ իրար կոմպլիլմենտներ են անում, քեֆ են անում, ասում- խոսում-ուրախանում՝ «մե քե~ֆ, մե ուրախուչո~ւն»: Եւ ի՞նչ եզրակացություն պիտի անի այս ամենից հեռուստադիտողը: Պարզ է՝ մեկ բան: Նա պետք է մտածի՝ արա դե ճիշտ են ասում, էլի, որ «սաղն էլ նույնն են», որ «սաղն իրար բերան թքած ունեն», որ «մեկի պոչը մյուսի ոտի տակ է», եւ այլն: Պիտի մտածեն, որ ճիշտ են ասում իշխանական քարոզիչները, երբ տարածում են, թե բոլորը իրար հետ նույն խաղն են խաղում, ի՞նչ պայքար, ի՞նչ բան, գործ է՝ անում են, ուղղակի մեկին էսօր էս դերն է բաժին հասել, մյուսին՝ էն դերը, հետո տեղերով կփոխվեն, ու այդպես շարունակ:

Ու ըստ էության, էդ տաշի-տուշին եթեր տալով՝ քարոզիչները հենց այդ նպատակն էլ հետապնդում են, առավելեւս, որ շոուի քարոզիչների հետ հանդիպումներին հիմնականում բերում են կամ ՀՀԿ-ականներին, կամ՝ պետական հաստատությունների աշխատողներին: Սա, իհարկե, կարող է որոշակի առումով աշխատող սցենար լինել, հատկապես նրանց համար, ովքեր դեկտեմբերի 6-ին ոչ թե տեղամաս են շտապելու, այլ այս կամ այն մոլը՝ զեղչված ապրանք գնելու, եւ ոչ միայն չգիտեն, թե դեկտեմբերի 6-ին ինչ է տեղի ունենալու, այլեւ անգամ չգիտեն, թե դեկտեմբերի 7-ին ինչ է տեղի ունեցել:

Մյուս բոլոր առումներով իշխանական քարոզիչները, կարելի է ասել, որ հերթական անգամ տապալվել են: Եւ ահա թե ինչու: Ցանկացած պրոյեկտ հաջողության մեկ գրավական ունի՝ եթե հստակ որոշված են այն թիրախային խմբերը, ում համար արվում է այդ պրոյեկտը, եւ վերջապես, եթե թիրախային խմբին կարողանում ես հասցնել այն մեսիջը, որը նպատակ ունես հասցնել: Հիմա հարց, ո՞վ է այն թիրախային խումբը, որի համար ստեղծվել է այս պրոյեկտը: Նրանք, ովքեր տեղյա՞կ են  հանրաքվեի մասին: Նրանք, ովքեր տեղյակ են, նրանց մեծ մասը վաղուց իր մեծ «ոչ»-ն է ասել բարձր սարի գագաթից: Իսկ նրանք, ովքեր տեղյակ չեն,  իսկի չեն էլ նայում այդ շոուն: Եւ արդյունքում ստացվում է այնպես, որ շոուն վերածվում է ընդամենը ծաղրի առարկայի: Մարդիկ նայում են միայն խնդալու համար: Այսքան բան:

Եւ բացի այդ, կարեւոր է նաեւ այն, որ անգամ լավ ծրագրված այս շոուի ժամանակ է ակնհայտ դառնում, որ «այո»-ն մերժված է: Որովհետեւ մեկ էլ տեսնում ես՝ կադրում է հայտնվում սցենարով «չնախատեսված» մի հյուր եւ իր «ոչ»-ով «փչացնում» իդիլիայի ողջ տեսարանը: Կարեւոր է նաեւ այն, որ անգամ բերված մասսովկային «այո» ասողները այդպես էլ չեն կարողանում հիմնավոր բացատրել, թե ինչի պետք է այդ մարդիկ «այո» ասեն: Մեկին ասում են, որ եթե «այո» ասես, եկող տարի կամուսնանաս, մյուսին՝ թե ավելի լավ երկիր կունենանք, եւ այլն, եւ այսպես շարունակ: Ու փաստացի, նույնիսկ պոտենցիալ «լուռ» մասսայի մոտ «այո»-ն մնում է անարձագանք: