18.11.2015 15:36

Խմբագրական. “Winter is coming”. «Ձմեռը գալիս է»

Խմբագրական. “Winter is coming”. «Ձմեռը գալիս է»

Սովոր ենք միջազգային քաղաքականությունը նկարագրել որպես շահերի հետապնդման, սառը հաշվարկների, ուժի կշռույթի համակարգ: Դա սխալ նկարագրություն չէ, բայց դա չի նշանակում, որ միջազգային համակարգը լիովին բանական է, հետեւաբար՝ կանխատեսելի եւ անվտանգ: Նախ՝ բացի շահերից եւ հաշվարկներից, կան նաեւ կրքեր, հույզեր եւ մասնավոր ձգտումներ, որոնք հնարավոր չէ անտեսել, երկրորդ եւ ավելի կարեւոր՝ շահը չափազանց վերացական հասկացություն է եւ կարող է շատ տարբեր կերպ մեկնաբանվել, իսկ հաշվարկները մարդկային են, հետեւաբար՝ կարող են սխալ դուրս գալ: Վերջապես՝ բանականությունը չի սահմանափակվում միայն շահերով եւ հաշվարկներով, այլ ավելի բազմահարկ եւ ընդգրկուն կառույց է, որի ստորին հարկում կարող ենք տեսնել արդեն հիշատակված հույզերն ու կրքերը, միջին հարկում՝ իրապաշտական համարվող հաշվարկները, իսկ վերնահարկում՝ իդեալները եւ նվիրական ու հիմնարար համարվող գաղափարները: Ավելին՝ բանականության համընդհանուր բնույթն այնպիսին է, որ նա ընդգրկում է իր մեջ նույնիսկ թվացյալ՝ ապաբանականը, ստվերայինը, մութը, որը կարող ենք համարել բանականության շենքի նկուղ:

Դժոխքը՝ դրախտի հայելի

Փարիզյան վերջին դեպքերը հենց այդպիսի ստվերի, նկուղի, եթե կուզեք՝ քաղաքականության սեւ խոռոչի հերթական դրսևորումն էին, ինչը, սակայն, այդպիսին լինելով հանդերձ՝ իրականում հազար ու մի թելերով կապված է կառույցի մյուս հարկերի հետ՝ ոչ թե համակարգից դուրս, ինչ-որ այլ աշխարհից եկող ու բացարձակ անբացատրելի, աննկարագրելի սարսափ է միայն, այլ համակարգի հարազատ մաս, դրա յուրահատուկ արտացոլում, նունիսկ՝ հայելի, որի մեջ պետք է տեսնել ոչ թե անդրաշխարհային ուրվականներ, այլ սեփական իսկ դեմքի ինչ-որ մի մասի՝ թեկուզ աղճատված, բայց իրական արտացոլանքը: Խնդիրը մեղավորներ փնտրելն ու մերկացնելը չէ: Մեղավորն ու մեղքը բարոյականության եւ իրավունքի ոլորտներից են, որոնց հետ այստեղ գործ չունենք: Հարցն աշխարհի միասնականությունն է եւ այդ միասնության պատճառահետեւանքային կապերն են:

Գուցե կարելի է պատմական նախախնամություն տեսնել այն փաստի մեջ, որ Եվրոպայի անվտանգությունն այսօր սերտորեն կապված է Մերձավոր Արեւելքի հետ: Ապահով, գրեթե երկրային դրախտ, ինքն իր ներսում հեղափոխություններն ու պատերազմները բացառած Եվրոպայի կայունության հիմնական սպառնալիքը գալիս է այն մեծ տարածաշրջանից, որն արեւմտյան մեծ քաղաքակրթության բնօրրանն է (Մերձավոր Արեւելքը միայն Եվրոպայի նկատմամբ է արեւելք, իսկ համաշխարհային պատմության տեսակետից այն կարելի է համարել «մեծ Արեւմուտքի մաս», որը Եվրոպայի հետ միասին պատմականորեն եւ մշակութաբանորեն հակադրված է «իսկական»՝ Հեռավոր Արեւելքին), բայց այսօր ավելի ու ավելի վերածվում է սեւ խոռոչի, ուրվականներով բնակեցված մութ նկուղի, ապահովության եւ դրախտի հայելային հակադրության՝ քաոսի եւ դժոխքի: Եվրոպական կայունությունն ու ապահովությունը թվացյալ է եւ ավելի ու ավելի խնդրահարույց, քանի դեռ Արեւելքի խնդիրը լուծում չունի (երբ ասում ենք՝ Եվրոպա, տվյալ դեպքում կարող ենք նկատի ունենալ նաեւ հետսովետական տարածքը՝ որպես համեմատական կայունության եւ ապահովության գոտի):

Նրբացող Սանասարն ու կոպտացող Բաղդասարը

Շատերն ընկալում են արդեն երկու տարի Ասորիքի եւ Միջագետքի հյուսիսում՝ քաղաքակրթության այդ բնօրրաններում հաստատված Խալիֆաթը որպես ժամանակավրեպ ինչ-որ երեւույթ, անցյալի ուրվական, միջնադարի անսպասելի, բայց եւ ժամանակավոր վերադարձ, որը, չնայած իր գրեթե թատերական, գրոտեսկային սարսափելիությանը՝ հաղթահարելի է հենց թեկուզ այնքանով, որ ժամանակավրեպ է, դուրս է այսօրվա մարդկության պատկերացումերից, ինքնագիտակցությունից, իդեալներից, զարգացման փուլից: Բայց դա ինքնախաբեություն է: Պոստապոկալիպսիս ժանրի կինոների իրականացում թվացող Խալիֆաթն ամեն ինչ է, բայց ոչ ժամանակավրեպ, եւ պատճառը միայն այն չէ, որ ԻՍԻՊ-ը (Իրաքի եւ Սիրիայի Իսլամական Պետություն) հրաշալի օգտվում է գերժամանակակից քարոզչական տեխնոլոգիաներից (անհամեմատ ավելի լավ, քան, օրինակ, հայաստանյան քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը), եւ ոչ էլ այն, որ դրա անդամների մի մասը, ասենք, անգլիական պրեստիժ ուսումնական հաստատությունները հաճախած նախկին ուսանողներ են (օրինակ, վերջերս սպանված դահիճ Ջիհադի Ջոնը): Տեխնոլոգիան ընդամենը հարցի մակերեսն է: Իսկ հարցի էությունն այն է, որ եթե որեւէ երեւույթ առաջացել եւ զարգանում է այսօ՛ր, այլ ոչ թե անցյալի ինչ-որ վերապրուկ է, ապա դա պետք է բացատրվի այսօրվանի՛ց իսկ. սա պատմագիտական աքսիոմ է՝ ամեն բան բացատրելի է ի՛ր, այլ ոչ թե ուրիշի ժամանակի մեջ (վերապրուկն ուրիշ է՝ նա գոյատեւում է մեկուսացված տարածքներում եւ ոչ թե զարգանում ու տարածվում, այլ անկում է ապրում):

Դեռ անցած դարի կեսին Մերձավոր Արեւելքի երիտասարդները պայքարում էին Եվրոպայից եկած, առաջադիմական համարվող եւ համենայն դեպս աշխարհիկ՝ սոցիալիզմի, ազգային-ազատագրական, դեմոկրատիայի, պրոգրեսի դրոշների տակ: Քաղաքական իսլամիզմը կար, բայց նա հաղթողը չէր, երկրորդ շարքում էր: Ավելին, այդ ժամանակվա իսլամիզմն էլ զուտ պահպանողական չէր, այլ փոխառում էր աշխարհիկ եվրոպական գաղափարների մի զգալի մասը՝ վերամեկնաբանելով իսլամը այդ փոխառությունների ազդեցությամբ (Իսլամական հեղափոխությունն Իրանում, օրինակ, հենց այդպիսի բազմաշերտ, իրար գոնե արտաքուստ հակասող տարրերի միաձուլում էր, որն ուներ նաեւ իր առավել հեղափոխական (օրինակ՝ Ալի Շարիաթին) եւ առավել պահպանողական թեւերը): Այսօր նույն այդ երիտասարդությունը բարձրացրել է քաղաքական իսլամիզմի կանաչ դրոշը, այն էլ այնպե՛ս մեկնաբանված իսլամիզմի, որից դուրս են մղված բոլոր արդիական, աշխարհիկ տարրերը: Բայց դժվար չէ նկատել, որ գերպահպանողական այս կեցվածքը արդի աշխարհում, հաճախ էլ՝ արեւմտյան մեգապոլիսներում մեծացած ու ամենավերջին տեխնոլոգիաներից օգտվող մարդկանց կողմից թատերականության զգալի տարր ունի, բայց ոչ թե գիտակցված նմանակման, այլ անկեղծորեն դերի մեջ մտածի խաղի իմաստով:

Համենայն դեպս՝ աշխարհիկ գաղափարներից դեպի կրոնական ֆունդամենտալիզմ անցումը Մերձավոր Արեւելքում ոչ թե այդ տարածքի զուտ ներքին խնդրի, այլ համաշխարհային ինչ-որ երեւույթի արտացոլում պետք է համարել: Փոխվել է նախ Արեւմուտքը, որն առնվազն վերջին մի քանի դարի ընթացքում նորաձեւության թելադրողն է, առաջ տանողն է, եւ որպես դրա հետեւանք միայն՝ Արեւելքը, որը եթե ժամանակին ինքն էր առաջատարը, ապա այսօր հետեւից գնացողն է: Եվ այնքան էլ դժվար չէ արմատական իսլամիզմ կոչված քաղաքական ներկայացման մեջ նշմարել հետարդիական խաղարկման, բանականության կազմաքանդման, աշխարհայացքային հարաբերականության (ռելյատիվիզմի) կենդանի հետքերը: Արաբական արդիականությունը (մոդեռնը), քարանալով եւ այլասերվելով՝ հասավ իր մայրամուտին՝ ի դեմս Սադամի, Մուբարաքի, Քադաֆիի, Ասադի, Սալեհի եւ այլոց՝ նախկին հեղափոխականների ռեժիմների, բայց այդ անկումն արեւմտյան արդիականության անկման եւ հետարդիականության փուլի զուգահեռն էր: Տիպաբանորեն՝ նույն գործընթացը, բայց առանց քաոսի աստիճանի հասնելու՝ ընթացավ նաեւ Թուրքիայում, ուր աշխարհիկ քեմալականությունն իր տեղը զիջեց չափավոր համարվող իսլամիզմին: Հետաքրքիր է, որ կայուն մնացին միայն ա՛յն արաբական երկրները, ուր 20-րդ դարի հեղափոխականությունը չէր հասել իշխանության, եւ ուր պահպանվել է միապետական իշխանությունը՝ Հորդանան, Սաուդյան Արաբիա եւ այլն: Այսինքն՝ հենց առավել պահպանողական հասարակությունները, նրանք, որոնք կապը չէին խզել իրական, այլ ոչ թե խաղարկված ավանդույթի հետ, առայժմ խուսափեցին արմատական իսլամիզմի ալիքով ծածկվելու մարտահրավերից (իհարկե՝ սա էլ որոշ չափով պայմանական պնդում է, բայց ավելի խորանալու իմաստ այստեղ չկա):

Արմատական իսլամիզմն, ուրեմն, ամենեւին էլ ժամանակավրեպ չէ, հետեւաբար, որպես իրականություն եւ մարտահրավեր՝ դեռ երկար լինելու է մեր կողքին, այլ ոչ թե անցնելու է պատահական քամու նման: Դեռ մեծ հարց է, թե ապագայում ի՛նչն ավելի շատ տեղ կունենա՝ «վերադարձը դեպի միջնադարյան բարբարոսությո՞ւն», թե՞ իր բովանդակությունը կորցնող, մաշվող, այլափոխվող եւ հաճախ տափակ շամանական բառախաղի ու բառակռվի վերածվող ժամանակակից առաջադիմականությունը: Համենայն դեպս՝ իրավունք ունենք կասկածելու, որ կենսունակությունը կորցնելու աստիճան «նրբացող» Արեւմուտքը (շեշտեմ եւս մեկ անգամ, որ տվյալ դեպքում նկատի ունեմ ոչ միայն Արեւմտյան Եվրոպան, այլեւ հետսովետական տարածքը, նաեւ՝ մեզ, որովհետեւ միտումը նույնն է ամեն տեղ), եւ մարդկային դեմքը կորցնելու աստիճան «կոպտացող» Արեւելքը իրար հետ շատ ավելի սերտ կապի մեջ են, քան կարող է թվալ առաջին հայացքից, այսինքն՝ «կոպտացումը» «նրբացման» երկվորյակ եղբայրն է, նրա հարազատը, հայելային արտացոլանքը, եւ երկուսը միասին՝ դասական բանականությունը ժխտող հետարդիականության դրսեւորումն են: Արմատական իսլամիզմը՝ գերժամանակակից հետարդիականությո՞ւն: Ինչո՞ւ ոչ: Համենայն դեպս՝ այս ձեւակերպումն ինքը շատ էլ հետարդիական, այսինքն՝ ժամանակի ոգին արտահայտող կարող է լինել:

Մարտեր առանց կանոնների

Բայց ոչ միայն այս՝ ընդհանուր պատմագիտական կամ մշակութաբանական տեսակետից  է արմատական իսլամիզմը կենսունակ երեւույթ: Հոդվածի սկզբում ակնարկած աշխարհաքաղաքական շահերն ու հաշվարկները նույնպես կապ ունեն: Այսօր Խալիֆաթ կոչվածը գոյատեւում է շնորհիվ, այսպես ասած՝ աշխարհաքաղաքական «դաբրոյի»՝ փաստացի տրված նրան աշխարհի մեծերի կողմից: Երկու տարի է արդեն, ինչ ծայրահեղ իսլամիստները վերահսկում են Ասորիքի եւ Միջագետքի հյուսիսը՝ հիրավի աննախադեպ իրավիճակ, երբ նմանատիպ մի շարժում գործում է ոչ թե ընդհատակյա ցանցի (ինչպես, օրինակ, Ալ-Քաիդան նախորդ տասնամյակում), այլ տարածք վերահսկող պետության ձեւով: Երկու տարի է՝ այդ պետությունը խախտում է աշխարհում ընդունված բոլոր խաղի կանոնները, խախտում է մտածված, հետեւողականորեն, համակարգված: Սա ինչ-որ շարքային ավտորիտար համակարգ չէ, որը «շուստրիկություն է» անում գեոպոլիտիկ բախումների արանքներում, այլ բացարձակ ժխտողական եւ այդ ժխտողականությամբ իր կողմը ձգող, ուժի զարգացող եւ կենսունակ կենտրոն ստեղծող մի համակարգ: Անհավատալի թվացողը՝ ստրուկների պաշտոնական առեւտուր, հազարամյա մշակութային հուշարձանների ոչնչացում, դաժան մահապատիժների իրականացման ցուցադրական տարածում եւ արդարացում, ողջակիզված գերու գունավոր նկարներով եւ այդ գործողությունը հիմնավորող «գլյանցեւի» ամսագիր, բռնի հավատափոխություն եւ այլն՝ ոչ թե միանգամյա, այլ համակարգված, տեւական, արմատավորված իրականություն: Այս ամենի դիմաց, մեծ հաշվով՝ ոչինչ, բացի դատապարտման ընդհանուր խոսքերից: Թվում է, թե աշխարհը պետք է ցնցվեր, մի կողմ թողներ բոլոր հակասությունները, որոնք երկրորդական են դառնում այս մարտահրավերի համեմատ, եւ վճռական ուժ գործադրեր: Բայց նման բան չկա:

Իրական դիմադրության բաղադրատոմսն այս չարիքին պարզ է բոլորին՝ ա. բոլոր համաշխարհային եւ տարածաշրջանային ուժերի համախմբում վճռական հարվածի համար, բ. Խալիֆաթի ռեսուրսների աղբյուրների իրական բլոկադա եւ հնարավորինս ոչնչացում, գ. ռազմական վճռական գործողություններ, այդ թվում՝ ցամաքում, դ. խնդրի հիմնարար քաղաքական լուծում, որի հիմքում պետք է ընկած լինի Ասորիքի եւ Միջագետքի սունիների քաղաքական պահանջների հնարավորինս բավարարումը, որով ԻՍԻՊ-ը պետք է կորցներ իր տեղական հենարանը՝ ի դեմս իրենց ճարը կորցրած համարող սունի բնակչության աջակցության: Այս ամենի ակնարկն իսկ չկա: Միակ ուժը, որն իրապես երկու տարի դիմադրել է ԻՍԻՊ-ին եւ արգելափակել է նրա վերջնական հաղթանակը, եղել է Իրանը, բայց նա էլ ունի սահմանափակ ռեսուրսներ, եւ բացի այդ՝ հենց իրանական միջամտությունն անընդունելի է տեղի սունիների (մասամբ նույնիսկ՝ արաբ շիաների) համար: Վերջին շրջանում ավելի շեշտված դարձավ նաեւ Ռուսաստանի աջակցությունը, որը, կարծես, իրական ազդեցություն ունեցավ ուժերի դասավորության վրա, բայց ռուսական միջամտությունն էլ ինքն իրենով միայն լավագույն դեպքում կարող է պահպանել ստատուս քվոն, բայց ոչ վճռականապես փոխել իրավիճակը: Ամերիկացիների եւ դաշնակիցների գործողություններն է՛լ ավելի աննշան արդյունք են տվել՝ որպես չափազանց անվճռական եւ անհետեւողական, չնայած վերջին շրջանում, ի պատասխան ռուսական քայլերի՝ որոշ աշխուժություն այստեղ էլ կարծես նկատվում է: Քիչ հույս կա, որ ֆրանսիական դեպքերից հետո էլ մի բան արմատապես փոխվի, քանի որ, չնայած նոր ամպագոռգոռ հայտարարությունների, իրականում շարունակվում է նախկին վարանոտությունն ու կեղծիքը:

Աշխարհի կեսը գիտի, որ Խալիֆաթը կայացել է թուրքական, սաուդյան, քաթարյան ուղղակի կամ անուղղակի աջակցության շնորհիվ, գիտի նաեւ, որ հիմա էլ գոյատեւում է ստվերային առեւտրի (նավթ, մշակութային արժեքներ եւ այլն) շնորհիվ, բայց բոլորը  ձեւացնում են, թե ամեն բան նորմալ է: Վախենում են Իրանի ուժեղացումից, սաուդիտների եւ թուրքերի հետ հարաբերությունների փչացումից, շարունակում են համառորեն խաղարկել «ռուս-արեւմտյան» «նոր սառը պատերազմը», մանթրայի պես կրկնել վաղուց իմաստազրկված՝ Ասադի անհապաղ հրաժարականի պահանջը (ակնհայտ է, որ եթե նույնիսկ Ասադը չարիք է, հարցն ունի փոխզիջումային լուծման բազմաթիվ տարբերակներ) եւ այլն: Այսինքն՝ գործում է միջազգային համակարգին այդքան բնորոշ «ամեն մեկն իր շահն է հետապնդում եւ հաշվարկում» սյուժեն, իսկ Խալիֆաթը գոյատեւում եւ զարգանում է ուժերի կշռույթի խաչմերուկում, կամ, ինչպես կասեր Մայակովսկին՝ «եթե աստղերը վառվում են, ուրեմն դա ինչ-որ մեկին պետք է»: Բայց այստեղ էլ երեւում է այդ համակարգի ապաբանական կողմը:

Երբ խոսքը միջազգային համակարգի շրջանակներում մանր-մունր տեղական, այսպես ասած՝ «սերժական» խախտումների մասին է, ապա շահեր-հաշվարկներ համակարգը գործում է (ասենք՝ «Սերժը դեմոկրատ չէ, բայց մեր տղեն ա» սկզբունքով, ուր աշխարհաքաղաքանությունը վեր է գաղափարից): Բայց կա մի մակարդակ, երբ այդ նույն համակարգը համարժեք չէ՝ երբ խոսքը ոչ թե թույլատրվածի եզրին «օրինախախտումների» (պայմանական ասած՝ կարմիր լույսի տակ անցնել, հարկերի մի մասից խուսափել, կաշառք վերցնել), այլ միջազգային համակարգի հիմքերի ժխտման մասին է: Այստեղ մասնավոր շահը հեռանկարում վերածվում է ինքն իր հակառակի՝ պարզ է, որ վաղը եթե Խալիֆաթը հաղթի Ասորիքում եւ Միջագետքում, ապա նա չի վարանի հարվածել նաեւ ժամանակին իրեն սնուցող Թուրքիային կամ նույնիսկ Սաուդյան Արաբիային, էլ չասած Արեւմուտքի մասին: Իհարկե, այստեղ հաշվարկն այն է, որ իրենք ամեն բան վերահսկում են եւ թույլ չեն տա ծայրահեղականների նման հզորացում, բայց սա էլ հենց զուտ «հաշվարկային» քաղաքականության կարճատեսությունն է՝ ոչ ոք իրականում չի կարող լիարժեք վերահսկել բացարձակ ժխտողական, խաղի կանոններից դուրս խաղացող ուժը: Ցանկացած խաղում անխուսափելի են խախտումները, բայց երբ ֆուտբոլի դաշտ է դուրս գալիս մի թիմ, որը, թեկուզ խախտումներով, բայց ֆուտբոլ խաղալու փոխարեն՝ խաղում է առանց կանոնների մարտ՝ պատրանք է դրա վերահսկելիությունը: Այդպես ժամանակին անգլիացիներն ու ԽՍՀՄ-ն էլ, յուրաքանչյուրն՝ իր օգտին, խաղացնումն էր Հիտլերին՝ մինչեւ այդ խաղի հայտնի ավարտը:

Ճպուռն ու մրջյունը

Ի՞նչ է այս ամենը նշանակում Հայաստանի համար: Ավելորդ է հիշեցնել, թե աշխարհագրորեն որքան մոտիկ է մեզ Խալիֆաթի տարածքը, ավելորդ է հիշեցնել նաեւ մեր դիրքն ու խնդիրները տարածաշրջանում: Երեւի չարժե նույնիսկ հիշեցնել, որ այսօր  ԻՍԻՊ-ի կազմում կռվում են Վրաստանի Պանկիսի կիրճի եւ այլ տեղերի մահմեդականներ, Ադրբեջանի քաղաքացիներ, նաեւ մի քիչ ավելի հեռավոր, բայց՝ ո՛չ մեր տեսակետից՝ ոչ աշխարհի ծերում ապրող միջինասիացիներ: Դրանք մի օր վերադառնալու են եւ ով գիտի՝ ի՛նչ ազդեցություն են ունենալու մեր անմիջական հարեւանությամբ: Բայց հարցը նույնիսկ դա չէ, այլ ավելի ընդհանուր է: Ամենամեծ հաշվով՝ մեր անվտանգության ու համեմատական կայունության հիմքը միջազգային համակարգն է: Բայց որեւէ միջազգային համակարգ անվերջ չէ՝ ինքնին, եւ այսօր, թվում է, ականատեսն ենք տվյալ պահի համակարգի լուրջ ճեղքերի նախանշանների: Հայտնի սերիալի ասած՝ «ձմեռը մոտենում է»: Մեր քաղաքականությունը, նախ եւ առաջ, պետք է կառուցենք այդ հեռանկարից ելնելով, խնդիրների լուծմանը մոտենանք՝ իսկ ի՞նչ ենք անելու, երբ այսօրվա աշխարհակարգն արմատական վերափոխման անխուսափելի փուլ մտնի (ինչպես եղել է բոլոր նախկին՝ հավերժ թվացող աշխարհակարգերի հետ): Ի՞նչ պետք է անենք այսօր, որպեսզի Հայաստանը վերապրի համաշխարհային հեղափոխման հերթական ալիքը կամ նույնիսկ օգտվի դրանից, ինչպես եղավ 1988-94-ին, այլ ոչ թե մնա փլատակների տակ, ինչպես 1914-21-ին էր: Վստա՞հ ենք, որ այսօրվա մեր վիճակով, եթե «ձմեռը» գա հենց վաղը, պատրաստ ենք դրան, թե՞ ճպուռի եւ մրջյունի առակը նորից մեր մասին է լինելու:

Հրանտ Տեր-Աբրահամյան