19.11.2015 12:47

Խմբագրական. «Թագավորը» կոկորդներիս է, եւ եթե կուլ չենք տալիս, ապա մի օր թքելու ենք դուրս

Խմբագրական. «Թագավորը» կոկորդներիս է, եւ եթե կուլ չենք տալիս, ապա մի օր թքելու ենք դուրս

Եթե այդ պահին նկարահանող տեսախցիկ ու լրագրողներ չլինեին, Սերժ Սարգսյանը չէր կանգնի ու խոսքի չէր բռնվի`իր կարծիքով «անշառ մի բձու» հետ: Հույս ուներ, որ տարեց մարդը իրեն տեսնելով վախ կզգա սրտում, եւ ինքը կկարողանա մի քանի անգամ իր ոճի մեջ քահ-քահ ծիծաղելով` ծեր մարդուն համոզել, թե բա դատարանները չեն աշխատում, դրա համար էլ Սահմանադրություն ենք փոխում, համարյա ուզում էր ասել «մեր պետությունը բժշկին քիչ էվճարում, հովվին քիչ է վճարում, որովհետեւ Սահմանադրությունը վատն է, դրա համար էլ այն փոխում ենք»: Բայց չհասցրեց դեմագոգիան ավարտին հասցնի, երբ տարեց մարդը պոռթկաց: «Դուք ձեզ փոխեք, ձեզ, ոչ թե Սահմանադրությունը»: Ու այստեղ ահա իր ասած «խիյարը սկսեց թարս բուսնել»: Տեսախցիկը նկարահանում էր, լրագրողները մոտ էին, ու եթե տարեց մարդու բերանը փակելու հրահանգ տար, ստիպված պիտի հրահանգեր նույնն անել նաեւ լրագրողների հետ: Մտածեց, երեւի, հասկացավ, որ դրանից հետո մեծ «շուխուռ» կբարձրանա, հատկապես որ տեսախցիկ կա, եւ հեչ պետք չէր իրեն, որ այն ֆիքսեր, որ ինքն անձամբ հրահանգել է փակել քաղաքացու ու լրագրողների բերանը: Որովհետեւ էդ տեսանյութից հետո միջազգային կառույցները մեկը մյուսի հետեւից մի հայտարարություն կանեին, իրեն կդատապարտեին, իսկ դա` էս հանրաքվեից առաջ իրեն պետք չի: Ինքը ինչպես սովորաբար անում է ցանկացած քվեարկությունից առաջ, փորձում է պուպուշ խաղալ, իբր մտնում է մարդկանց մեջ, խոսում է նրանց հետ, իբր էն ինչ եղել է մինչ այդ, էդ հեչ կապ ու նշանակություն չունի, այ սրանից հետո ամեն ինչ լավ է լինելու: Ու հենց էդ դերի մեջ մտած էլ զրույցի բռնվեց տարեց մարդու հետ, ինչ-ինչ ծածուկ հույսեր փայփայելով, էն էլ պարվեց, մարդը ամբողջ ազգի, ՀՀ բոլոր քաղաքացիների անունից իր մոտ գնացած բանբերն է, որն իրեն ավետիս չի բերել, այլ գնացել է բոլոր քաղաքացիների հավաքական զայրույթն արտահայտելու, ցույց տալու, որ քեզնից էս երկրում վախեցող չկա, (իրականում էլ հո գիտենք, որ էդ ինքն է մեզանից վախենում, դրա համար էլ հսկայական շարասյուն է պահում, մեր մեջ չի մտնում, փողոցներն էլ փակել է տալիս, որ հավքն իր թեւով, օձն իր պորտով անգամ իր կողքով չանցնի), որ ոչ միայն իրենից վախեցող չկա, այլեւ մենք իր երեսին կարող ենք ասել այն, ինչ մտածում ենք, որ ժողովուրդն իրեն արդեն ոչ թե խոհանոցներում է հայհոյում ու մեքենայի ղեկին, այլեւ հենց իր աչքերի մեջ նայելով, որ ժողովուրդի համբերության բաժակը լցվել է, եւ թքած ունի իր սահմանադրական կապիկությունների վրա:

Չէ, էնպես չէր, որ ինքը չգիտեր, թե մարդիկ ինչ են իրականում մտածում իր թատրոնի մասին, եւ առավելեւս, թե մարդիկ գլխի չեն ընկնում իր իրական մտադրությունների մասին, բայց ինքը հույս ունի, որ էլի պիտի հրապարակավ կանգնի ու ճոռոմ-ճոռոմ հայտարարի, թե ինչքան կուզենք, էնքան կխփենք, ու ամբոխի միջից ոչ մեկ ձայն չի հանի, էն էլ հույսը գետնին փռվեց, երբ տարեց մարդը իրեն ասեց «ձեզ փոխեք, ձեզ, ոչ թե Սահմանադրությունը»:

Ու իրեն չփրկեց իր հաստավիզների ներկայությունը, եւ կամ պոտենցիալ վախը, որ հետո ինքը հարցեր կլուծի: Մարդը պարզ ասեց իրեն, որ կորցնելու էլ ոչինչ չունի, ու եթե իր ուզածը մարդկանց ահաբեկիչ դարձնելն է, ապա թող դարդ չանի, ինքն էդ էլ կստանա: Ի՞նչ հասկացավ ինքը այդ զրույցից: Թերեւս` ոչ մի նոր բան: Ինքը միշտ էլ գիտեր, որ ինքը բոլորի կոկորդին է նստած, ու եթե կուլ չեն տալիս, ապա մի օր թքելու են դուրս:  

Քրիստինե Խանումյան