19.11.2015 14:02

Այսօր ծնվել է Հակոբ Պարոնյանը՝ գինեմոլ ու կնամոլ իմաստունը

Այսօր ծնվել է Հակոբ Պարոնյանը՝ գինեմոլ ու կնամոլ իմաստունը

Եվ նորից ճարահատյալ՝ հայ կենսագիրների հույսին մնացինք։ Որովհետեւ մեր ուժերից վեր էր չտեսնելու տալը, որ մեր մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի (1843-1891) ծննդյան օրն է այսօր։ Եվ ինչ են պատմում սոցցանցային մեր կենսագիրները, որոնք, ի դեպ, իրենց մատների՛ց չեն հոտ քաշել՝ Պարոնյանի կենսագրությունը շարադրելիս, այլ հաստատապես օգտվել են ո՛չ սոցցանցային աղբյուրներից։

Պատմում են, որ նա ծնվել է Թուրքիայի Ադրիանապոլիս քաղաքում, հայրը՝ Հովհաննես աղան, միջին կարողության տեր մարդ է եղել, նախնիները գաղթել են պատմական Ակն քաղաքից, Պարոնյանի մանկությունն անցել է հունական միջավայրում, փոքր տղա էր, որ զրկվեց հորից եւ մնաց մոր հույսին։ Հետո, իհարկե, աշխատել է էս թերթում, էն թերթում, գրել է էսուէն, որտեղ «խարազանել է», «ներկայացրել է»... եւ այլն, ապրել է ծայրահեղ աղքատության պայմաններում, սովից հյուծվել է ու թոքախտից վախճանվել։

Իսկ պատմելու այլ բաներ էլ կան։ Չեն պատմում՝ ամոթ է։ Ինչու՞ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» վեպը, «Պաղտասար աղբար»-ը, մյուս պիեսները, կսմիթները ընթերցողներն, օրինակ, հանկարծ իմանան, որ իրենց սիրելի գրողը շատ է սիրել գինի ու կանանց։ Որ իր ժամանակի մեծ մասն անցկացրել է գինետներում՝ կասկածելի վարքի տեր կանանց հետ, եւ հենց երեւի դա է պատճառը, որ մեր Հակոբը կանանց մասին այնքան էլ բարձր կարծիք չի ունեցել՝ մեղմ ասած, եւ նրա կսմիթներից պատկառելի բաժին է հասել նաեւ «թույլ սեռին»։

Շրջանցում են նույնիսկ, այսպես ասած՝ անմեղ փաստերը։ Օրինակ, որ մեր սիրելի գրողը բազմանդամ ընտանիքի անդամ է եղել, վեց երեխաների ավագն էր, եւ իր եղբայրները, ժամանակակից լեզվով ասած՝ բիզնեսմեններ էին եւ ամեն ինչ արել են, որ իրենց ավագ եղբայրն էլ զբաղվի բիզնեսով ու կարողանա իր ընտանիքի հացը վաստակել, պարզապես Պարոնյանը վաճառականությունից, առուծախից հեռու մարդ էր, գրչի՛ մարդ էր, եւ այս փաստն արձանագրելիս՝ թող ոչ ոք մեղադրանք չփնտրի տողատակերում, որ նա առուծախով չի ցանկացել զբաղվել։ Այսինքն՝ իր դժվարին կյանքի ճանապարհն ի՛նքն է ընտրել, եւ չարժեր այդպես ինքնամոռաց տրվել «հալածյալի» կերպար կերտելու գայթակղությանը։ Հակառակորդներ, անկասկած, ունեցել է Պարոնյանը եւ ո՞նց կարող էր հակառակորդ չունենալ «Ազգային ջոջեր»-ի հեղինակը։ Բայց դա պատճա՞ռ է, որ կենսագիրները ոչ մի տեղ չհիշատակեն, որ Պարոնյանն ընտանիք է ունեցել։ Ի դեպ, ամուսնացել է 1879 թվականին, այսինքն՝ 36 տարեկան է եղել, երբ վերջապես որոշել է ընտանիք կազմել, եւ նրա կինը՝ Սաթենիկը, անմռունչ կրել է իր խաչը (մեր մեծ երգիծաբանն ամուսնությունից հետո էլ է գինետների մշտական այցելու եղել՝ սրանից բխող ոչ այնքան պայծառ հետեւանքներով), եւ Պարոնյանի մահից մեկ տարի հետո մահացել է նաեւ նրա կինը, եւ նրանց երկու երեխաները՝ Աշոտն ու Զաբելը, եթե մի քիչ «թվաբանություն» անենք, ապա որբացել են մոտավորապես 10-11 տարեկան հասակում։ Տեղեկություն կա նաեւ, որ Պատրիարքարանը հանգանակություն է կազմակերպել որբացած երեխաների համար, բայց եւ՝ փաստ է, որ Հակոբ Պարոնյանը շիրմաքար չունի։

Ահա այսպիսի ու այսքան կցկտուր տեղեկություններ՝ մեծ դժվարությամբ պեղված՝ Հակոբ Պարոնյանի «վարագուրված» կյանքի մասին։

Կասեք՝ ինչու էինք այսպես շահագրգռված, որ ընթերցողի աչքին խամրի նրա բյուրեղյա կերպարը։ Փաստորեն՝ ի՞նչ է ստացվում. մեր մեծ երգիծաբանը հարբեցող ու կնամո՞լ է եղել, եւ նրա թշվառ կյանքի պատճառներից մեկն էլ այն է, որ իր վաստակածի մեծ մասը գինետներու՞մ է ծախսել։

Եթե նույնիսկ այդպես է, ի՞նչ է փոխվում դրանից։ Նրա ստեղծագործություններն արժեզրկվու՞մ են։ Էլ չե՞ք ուզում հիանալ նրա գրական ժառանգությամբ, նրա մտքի սրությամբ ու սթափությամբ։

«Ի՞նչ է պատմությունն. ետեւիդ նայիլ՝ առջեւդ տեսնել»։

«Թող ազգային բանաստեղծներ Եփրատն ու Տիգրիսն Հայաստանի երկու աչեր ներկայացնեն եւ լան, թո՛ղ պ. Չուխաճյանին ալ եղանակներ հորինել տան ու եղանակով լան. Ես, պարոններ, ես կծիծաղիմ եւ ծիծաղելու համար ո՛չ եղանակի կարոտություն ունիմ եւ ոչ դաշնակի։ Թերություններու վրա լալն թերություններու մեծագույնն է, խեղճության վրա արտասուք թափելն ապացուցանել է թե արյուն չունինք թափելու»։

«Գիտուն ըլլալուն ամենեն պարկեշտ եւ ուղիղ ճամփան յուր տգիտության ճանչնալն է»։

«Սխալն ճանչնալն խելացություն է, իսկ զայն խոստովանիլը՝ մեծ քաջություն»։

Իսկ գուցե ժամանա՞կն է վերջապես՝ դադարեցնել մեր Մեծերին տաշել-հղկելը, յուղել-ձեթելը, նրանց մարդկային թուլությունները «քարե արձանների» տակ շնչահեղձ անելը։

Մեր թանկագին գրականագետներն իրո՞ք կարծում են, որ իրենց ներկայացրած «բյուրեղյա» Հակոբ Պարոնյանն ավելի հետաքրքիր ու գունեղ է, քան այստեղ պատմված գինեմոլ եւ գործնական կյանքում անչափ անկարող ու անճար, իսկ իր գրականությամբ՝ մեզ պաթետիկ սնամեջության ճահճից դուրս քաշող, իմաստուն Պարոնյանը։