20.11.2015 14:16

Խմբագրական. Երկիրը եւ մարդը (Զորիկ Գալստյանի հիշատակին)

Խմբագրական. Երկիրը եւ մարդը (Զորիկ Գալստյանի հիշատակին)

Հայաստանը հեշտ ընկալելի երկիր չէ: Նրա բնապատկերն ու ժողովուրդը հիմանականում զուրկ են մակերեսային գեղատեսիլությունից եւ աչք զարնող արտիստիզմից, արտաքին էֆեկտներից (դրանք քիչ թե շատ արտահայտվում են միայն սահմանային, անցումային գոտիներում, օրինակ՝ հայ-վրացական սահմանի արեւելյան հատվածում): Հայաստանն ու իր ժողովուրդն ինքնամփոփ եւ զուսպ են՝ ի հեճուկս հարավի մասին տարածված պատկերացումների, պարզության եւ չափավորության մեջ հասնում են նույնիսկ կոշտության եւ կոպտության սահմանին՝ տարբերվելով ե՛ւ պարսկա-թուրքական արեւելյան արտաքին վարքի փափկությունից, ե՛ւ վրացական խաղարկային ազնվականությունից: Լինի լեռնային բնապատկեր, թե դրա մեջ ծառի բնականությամբ «աճող» միջնադարյան եկեղեցի՝ կարեւորն այդտեղ բացված է միայն ընդհանուր գծերով, մանրամասները բաց են թողնված, շատ բան միայն ակնարկված է, նշված է, բայց չի ասված, թաքնված է, որով առավելապես վիպական է (էպիկական), եւ պակաս չափով միայն՝ քնարական: Խամրած գույներ, քար ու թուփ, մի երկու «կարճահասակ» ծառ (եթե կա), վառող, բայց ոչ միշտ տաքացնող արեւ, մոտակայքում, ամենայն հավանականությամբ՝ մի ձոր եւ պատկերն ամբողջացնող, իրենով սահմանող լեռ կամ լեռնաշթղա՝ առանձին տարածքներն այս երկրում իրարից զատվում են տեսարանը իրենցով պահող լեռամբ կամ լեռներով: Սա Հայաստանի միջին պատկերն է, բայց կան եւ բազմաթիվ այլ, այդ թվում՝ միջինից շեշտակիորեն տարբերվողները՝ հատվածականությունը, առաջին հայացքից իրար հետ չկապվող տարրերի եւ համակարգերի բազմազանությունը նույնպես Հայաստանինն է: Այդու նույնիսկ տեղացու համար դժվար է բռնացնել հեշտ ընկալումներից փախչող այդ երկիրը (իր աշխարհագրությամբ, ժողովրդով, պատմությամբ, լեզվով, արվեստով), առավել եւս՝ բարդ է միասնականության բերել կոտրտված հատվածների ինքնակենտրոն բազմազանությունը:

Ինձ միշտ զարմացրել է, թե ինչպե՞ս մի մարդ, որը արվեստագետ չէր, ընդհանրապես՝ զուրկ էր որեւէ ավելորդ պաթոսից եւ հավակնություններից, հպարտանում էր իր գյուղացի լինելով (ծնունդո՛վ գյուղացի լինելով, իրականում՝ շատերից ավելի կրթված եւ քաղաքացի էր)՝ կարողանում է իր սիրողական լուսանկարներով արտահայտել այն, ինչ հազվադեպ են կարողացել արտահայտել նույնիսկ մեր հայտնի արվեստագետներից շատերը՝ Հայաստանի բնապատկերը: Խոսքը վերջերս կյանքից վաղաժամ հեռացած Զորիկ Գալստյանի մասին է: Ուզում եմ գրել իր այդ զարմանալի ունակության մասին՝ ոչ միայն որպես հիշատակի տուրք բոլորիս կողմից սիրված «ֆեյսբուքահային», այլ որպես կարեւոր առիթ մեզանում այդքան հազվադեպ իրական, ոչ թե անվանական հայրենասիրության մասին խոսակցության (կարդալով այս տողերը՝ Զորիկը գուցե վրդովվեր, որ իր հետ կապված՝ հայրենասիրություն բառն եմ օգտագործում, բայց վերջում կտեսնենք, թե ինչի մասին է խոսքը):

Չնայած իր խորությամբ եւ բազմաշերտ ամբողջականությամբ Հայաստանը պետք է իսկական նվեր լիներ արվեստագետների համար, սակայն հենց նույն այդ պատճառով միայն քչերին հաջողվեց իրապես դիպչել այդ միաժամանակ պարզ եւ բարդ խորքին: Անցած դարի կեսերին արեւելահայ եւ արեւմտահայ գրականության իր համեմատական վերլուծության մեջ Հակոբ Օշականը գրում էր. «Ըլլալ ժողովուրդը ամենախոր զգայնությամբ մը, ունենալ երկիր մը, ուր գիծ ու կարկառ, կանաչն ու դեղինը, կապուտն ու ճերմակը խառնվին իրարու անորակելի գեղեցկության ընդմեջեն (մեր երկիրը այցելողներ անոր նկարագրությունեն հանած են զմայլելի քերթվածներ: Լինչի «Հայաստանը» կը կարդացվի հիանալի գեղեցկությամբ՝ իբրեւ մեկ արձակ քերթված մը), ինչպե՞ս կըլլա, որ հարյուր տարվան քերթողության մը մեջ մեզի զլացվի վայելքը մեր երկրին պատկերացումներին, գույներու եւ գիծերու տիրական հարազատության մը: Ո՞րն է քերթվածը, ուր ինծի տրվեր հաստատել այն անփոխարինելի շքեղությունը ստեղնաշարերու (գույներեն կուզեմ խոսիլ), որով կը թրթռա «Արեւելահայ Հայաստանը» Լինչին: Չկա:» Սա գրված է բանաստեղծության մասին, բայց կարելի է տարածել նաեւ արվեստի վրա ընդհանրապես: Ճիշտ է, Օշականի այս ձեւակերպումներից հետո անցած ժամանակվա ընթացքում մեր արվեստում ստեղծվել են գործեր, որոնք կարող են համարվել այս պահանջների իրականացում: Ունեցել ենք Սարյան, որը Հայաստանի բնապատկերներից ընդհանրացրել է Օշականի պահանջած գույնն ու գիծը: Մյուս մեր մեծ նկարիչ Հակոբ Հակոբյանը ունի բնապատկերներ, որոնք Հայաստանի էությունն արտահայտելու առումով կարելի է կատարյալին մոտ համարել: Սարյանի մոտ, սակայն, զգացվում է յուրահատուկ հեքիաթային ենթաշերտը (եկած «հրաշալի արեւելքի» հղացքից, որը շեշտված է Սարյանի վաղ նկարներում), եւ ի վերջո՝ սարյանական ոճը մեզանում վերածվեց այլեւս ոչինչ չարտահայտող կաղապարի, իսկ Հակոբյանի մոտ, կարծես, մի քիչ չափն անցած է պայմանականությունն ու միապաղաղությունը: Գեղարվեստական խոսքի մեջ էլ ունեցանք Հրանտ Մաթեւոսյան, որը, խորացնելով հատկապես Բակունցի նախանշած ուղին, վերջապես խոսեցրեց բուն երկիրն ու ժողովուրդը՝ իրականությունը, այլ ոչ թե իր պատկերացումները պարտադրեց իրականությանը: Կարելի է հիշել եւ այլ օրինակներ, բայց, միեւնույն է, եղածը քիչ է, եւ Օշականի ձեւակերպած խնդիրը դեռ արդիական է:

Համեմատենք Զորիկին թվարկած մեծերի հե՞տ: Ոչ, իհարկե՝ դրա կարիքը չկա: Պարզապես այսքանով ուզում էի ցույց տալ, որ խնդիրը կա, եւ կապ չունի, թե ինչպե՛ս՝ մեծ արվեստագետների ձեռա՞մբ, թե՞ սիրողական լուսանկարչությամբ, բայց Հայաստանը դեռ լավ «խոսեցված» չէ, դեռ ինքնարտահայտված չէ, եւ ոչ ոք չի կարող պնդել, որ միայն մեծերի ու հայտնիների միջոցով դա կարող է լինել:

Չմոռանանք նաեւ, որ իրապես մեծ արվեստը, այլ ոչ թե իրեն ձեւ տված կապիկությունը, պետք է որքան խորքային, նույնքան եւ մատչելի լինի: Այս ձեւակերպմամբ անշուշտ սադրում ենք ժամանակակից պատկերացումները, բայց, այո՛՝ խորքը նաեւ մատչելին է, որովհետեւ խորքն այն է, ինչը, անկախ կրթությունից եւ գիտելիքից, կարող է եւ պետք է փոխանցվի մարդուց դեպի մարդ անմիջական զգացողության միջոցով: Արվեստը, որը կարիք ունի հավելյալ բացատրության, կամ, առավել եւս՝ այն, որը գոյություն չունի առանց բացատրողական-մեկնաբանական աշխատանքի՝ շամանություն եւ բառախաղ է: Այսքանով՝ շատ հեռու ենք արվեստի մեջ տափակ ռեալիզմի քարոզից. ժանրը ընդհանրապես կապ չունի՝ խոսքը ձեւի մասին չէ, այլ էության, որը կարող է արտահայտվել կամ չարտահայտվել իր ուզած ձեւով: Սրանով հասանք լուսանկարչության խնդրին:

Լուսանկարչությունը գայթակղություն է, որովհետեւ թվում է աշխարհի ամենապարզ բանը՝ մի հատ չխկոց, եւ այն, ինչ տեսնում է եւ ինչով հիանում է աչքը՝ հավերժացված է, որով եւ՝ ռեալիզմը հաղթանակած: Բայց տարրական կենցաղային փորձը ցույց է տալիս, որ նման պատկերացումը չափազանց հեռու է իրականությունից: Լուսանկարը փաստագրություն չէ: Որպես զուտ փաստագրություն, իրականության բառացի արտահայտում՝ այն բնական, կենդանի պատկերի մահն է: Տասը հազար հատ լուսանկարից ո՞րն է հաջողված եւ ինչո՞ւ: Նա, որի մեջ տեսնում ենք ավելին, քան բառացի արտաբերումը, նա, որը զգալ է տալիս իրականությունն իր կենդանության մեջ, փոխանցում է ա՛յն զգացողությունը, որը վերապրել է նկարողը իրական պատկերը տեսնելիս, այլ կերպ ասած՝ լուսանկարը, բացի չոր պատկերից, պետք է ունենա պատմելու, խոսելու, ազդելու՝ իր մեջ անմիջապես չպատկերվածն արտահատելու կարողություն: Կարելի է էջերով թերթել որակյալ տպագրությամբ եւ գունավոր ու բազմազան դիտանկյուններից արված նկարներով ալբոմներ Հայաստանի բնության եւ ճարտարապետության մասին, եւ գրեթե ոչինչ չգտնել, չզգալ: Լավագույն դեպքում՝ կարող ես գտնել զուտ իրականությունը քիչ թե շատ հարազատորեն արտացոլող նկարներ, վատագույն դեպքում՝ նույնիսկ իրականությունը հարազատ չէ: Ուրեմն, նախ՝ նկարողն ինքը պետք է ունենա կենդանի զգացողությունն իր մեջ, որպեսզի կարողանա փոխանցել իրականությունն այնպիսի պարզ եւ փաստագրական թվացող լուսանկարչական արվեստի միջոցով:

Անվիճելի է, որ Զորիկ Գալստյանն իր լուսանկարներով կարողացել էր հասնել գլխավորին՝ փոխանցել հայաստանյան պատկերների խորքը, վերապարել տալ իր տեսածը, եւ միաժամանակ մնալ մատչելիի, պարզության սահմաններում, այսինքն՝ արվեստ կերտել: Ինչո՞ւ էր իրեն դա հաջողվել: Կարծես կա այդ հարցի պատասխանը: Զորիկը կրողն էր մեզանում եզակի մի աշխարհայացքի: Նրանն էր երկիրը սիրելը՝ առանց պաթոսի, առանց հայտարարությունների, առանց պատրանքների եւ առանց լաչառության: Մեզանում հայրենասերը նա է, ով՝ ա. բարձր գոռում է եւ ամեն անկյունում հայտարարում է իր հայրենասիրության մասին, բ. ով սիրում է ամեն ինչ, բացի իրական Հայաստանից, գ. ում համար իրական Հայաստանն իր թերիներով, դարդերով ու ցավերով միայն անեծքի, ողբասացության, ժխտողականության առարկա է: Հեշտ է սիրել վերացական հայրենիքը, բանաստեղծական երկրային դրախտը, անցյալում կորցրած փառքը, կուշտ ու երջանիկ տարիները, բայց դժվար է սիրել այն, ինչ կա իրականում որպես Հայաստան՝ առանց պատրանքների: Սիրել լավն ու վատը, գեղեցիկն ու տգեղը, թռիչքներն ու անկումները, սիրել տիրոջ իրավունքով, սիրել հավատալով, սիրել գիտակցված, սիրել իրապաշտորեն: Վերջապես՝ սիրել առանց մակերեսային պաթոսի՝ ավելի դիրքով, քան խոսքով, ավելի վարքով, քան բառով, սիրել եւ զգալ առանց որեւէ մեկին որեւէ բան պարտադրելու՝ հանգիստ, զուսպ, այնպիսի խորությամբ, որի հետ մակերեսային դրսեւորումները չեն սազում:

Բայց սա հենց այն նկարագրությունն է՝ չափ, զսպվածություն, խորք, մանրամասների եւ արտաքին գեղատեսիլության սակավություն, քնարականության պակաս, որը բնորոշ է հենց իրեն՝ Հայաստան երկրին՝ բնապատկերին, կլիմային, հին արվեստին, ժողովրդական ավանդական հոգեբանությանը....: Հետեւաբար՝ նույնանում են սթափ հայրենասիրությունը եւ Հայաստանի՝ որպես հայրենիքի էությունը: Այստեղից էլ Հայաստանը բացվում է նրան, ով կրողն է այդ որակների: Պարզ լուսանկարով հնարավոր է դառնում արտահայտել այն, ինչ միշտ չէ, որ հաջողվել է ավելի պատվավոր համարվող արվեստների միջոցով, որովհետեւ գտնված է ճիշտ դիտակետը:

Հրանտ Տեր-Աբրահամյան