23.11.2015 11:26

Այսօր ծնվել է Ֆրանկլին Փիրսը՝ ԱՄՆ-ի ամենաչսիրված, մոռացված նախագահը

Այսօր ծնվել է Ֆրանկլին Փիրսը՝ ԱՄՆ-ի ամենաչսիրված, մոռացված նախագահը

Երեք լավ գործ արել է այս մարդը. Սպիտակ տանը լոգարան, ավելի ստույգ՝ վաննա չկար, հրամայել է վաննա դնել, որ պառկի տաք ջրի մեջ ու հավեսով չոփչոփիկ անի։ Նախորդ նախագահները միշտ դժգոհել են, որ մրսում են ձմեռները, կենտրոնացված ջեռուցում չկա, Փիրսը եկել ու այդ հարցն էլ է լուծել քարածխի միջոցով։ Ու մեկ էլ՝ նա առաջինն էր, որ Ամանորին հրահանգեց տոնածառ դնել Սպիտակ տանը ու զարդարել։

Կասեք՝ չլինի՞ հանրապետական է եղել։ Դե, ոնց որ մեր հանրապետականները. իրենց ծառերը ջրում են, իսկ ողջ երկիրն անապատ դարձնում։

Չէ, դեմոկրատներից էր ԱՄՆ 14-րդ նախագահ Ֆրանկլին Փիրսը։ Իբր։ ՀՀԿ-ականների նման. հանրապետական են, նժդեհական են, տարոնական են, բայց իրականում՝ ընդամենը սերժիկական են։

«Սերժիկականը» հենց կարդացիք, երեւի անմիջապես հասկացաք, որ այս Փիրսը ԱՄՆ-ի չսիրված նախագահներից է, շատերի պնդմամբ՝ նույնիսկ ամենաչսիրվածը։ Բայց՝ մի էական տարբերությամբ։ Այս Փիրսն իրոք ընտրվել էր եւ ի դեպ՝ ձայների ճնշող առավելությամբ։ Այլ հարց է, որ ընտրվելուց հետո խորապես հիասթափեցրել է ընտրողներին, բայցեւ՝ այս չսիրված Փիրսն ամեն դեպքում գոնե այնքան պարկեշտ է եղել, որ երկրորդ անգամ չի էլ փորձել վերընտրվել։ Սուսուփուս հավաքել է իր բեռուբարձը ու Սպիտակ տնից գնացել մի այլ համեստ տուն ու գլխովին նորից տրվել հարբեցողությանը։ Ինչու՞ «նորից»։ Որովհետեւ այս Փիրսը մինչ նախագահ դառնալն էլ էր հարբեցող։

Ֆրանկլին Փիրսը (1804-1869) ծնվել է ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգում։ Հայրը նահանգապետ Բենջամին Փիրսն էր։ Իրավաբանական կրթություն ստանալուց հետո Ֆրանկլինը նվիրվում է քաղաքականությանը։ 25 տարեկանում Նյու Հեմփշիրի խորհրդարանի պատգամավոր էր, չորս տարի հետո՝ Ներկայացուցիչների պալատում էր, եւս չորս տարի՝ արդեն սենատոր էր։ Եվ հանկարծ՝ գլխապտույտ հաջողությամբ վեր ընթացող այս մարդը հրաժարվում է քաղաքական կարիերայից ու Վաշինգթոնից վերադառնում Նյու Հեմփշիր եւ բավարարվում փաստաբանի համեստ աշխատանքով։ Ասում են՝ պատճառը կինն էր՝ Ջեյնը. նա խստաշունչ դաստիարակություն էր ստացել բողոքական քահանա հոր տանիքի տակ եւ ատում էր քաղաքականությունը ու պնդում, որ իրենց ընտանիքի գլխին թափվող դժբախտությունների պատճառն իր ամուսնու քաղաքական գործունեությունն է։ Իսկ դժբախտություններն իրոք ահավոր էին։ Նրանց առաջին որդին մահանում է ծնվելուց մի քանի ամիս հետո, երկրորդը տիֆից՝ չորս տարեկանում... Իսկ երրորդը...

Չշտապենք։ 1846-ին սկսվում է Մեքսիկայի դեմ պատերազմը, Փիրսը կամավոր մեկնում է բանակ եւ կարճ ժամանակում եֆրեյտորից բրիգադի գեներալ է դառնում։ Ասում են՝ քաջաբար կռվելով հասնում է հակառակորդի մայրաքաղաքի մատույցները, բայց մայրաքաղաքի գրավումը, որ նույնն է՝ հաղթանակի պտուղները, չի վայելում, որովհետեւ նախորդ օրը ձիուց ընկնում, վնասվածքներ է ստանում, եւ այդպես էլ՝ զինվորական կարիերայի գագաթնակետին չի հասնում։

Եվ այսպես, երկու երեխայի կորուստ, թոքախտից եւ ընկճախտից տառապող կին, եւ այս վշտերը մոռանալու ցանկություն՝ ալկոհոլի «փրկարար» օգնությամբ։ Նաեւ՝ քաղաքականության։ Փիրսը որոշում է այլեւս չլսել կնոջ սթափեցնող ճիչերն այն մասին, որ իրենց ընտանեկան ողբերգությունների պատճառը քաղաքականությունն է։

Ւզուր։

Ֆրանկլին Փիրսի նախագահական երդմնակալությունից առաջ՝ հենց ծնողների աչքի առջեւ՝ երկաթուղային վթարի զոհ է դառնում նրանց տասնմեկ տարեկան որդին՝ վերջինն ու միակը։

Դաժան բան է երկրի բեռն ուսերին առնելու պարտավորությունը։ Նա, այնուամենայնիվ, մասնակցում է երդմնակալության արարողությանը, չի կարդում նախապես գրված տեքստը, իր ափսոսանքն է հայտնում, որ չցանկանալով՝ ստիպված է նստել մի աթոռի, որին կարող էր նստել մեկ ուրիշը, որը սրտանց ցանկանում էր դա։

Եվ իրոք։ Այլեւս ոչինչ չուներ կորցնելու, եւ թվում է՝ գլխովին կնվիրվեր երկիրը ճգնաժամից հանելու, զարգացնելու գործին։ Բայց՝ ոչ։  

Նա հնդկացիներին քշեց արգելաբնակավայրեր, իսկ ով դիմադրեց՝ ծայրահեղ դաժան պատասխան ստացավ։ Ընդունեց «Կանզաս-Նեբրասկա» հայտնի օրենքը, ըստ որի՝ այդ երկու զարգացած նահանգներն իրենք պետք է որոշեին՝ արգելե՞լ ստրկությունն իրենց նահանգներում, թե՝ ոչ։ Կանզասում երկու Սահմանադրություն գրվեց, երկու կառավարություն ձեւավորվեց, որի հետեւանքը եղավ անողոք քաղաքացիական պատերազմը, որը պատմության էջերում ամրագրվեց «Արյունոտ Կանզաս» անվամբ։ Նրա օրոք առավել սրվեցին Հյուսիսի եւ Հարավի հարաբերությունները։ Եվ այս ամենի պատճառն այն էր, որ այս Փիրսը չգիտեր՝ ինչ բան է փոխզիջումը։

Նրա նախագահության ավարտից հետո, հանրապետական քաղաքական գործիչ Չարլզ Ֆրենսիս Ադամեն գրում է Մասաչուսեթս նահանգի սենատոր Չարլզ Սամներին, թե՝ պետք է միայն ուրախանալ, որ այնպիսի նախագահ է ունեցել ԱՄՆ-ը, որի ծանրագույն սխալները դաս կլինեն հաջորդների համար։

Բոլորից արհամարհված, աշխարհի դեմ չարացած այս Փիրսը մահացավ ամերիկյան քաղաքացիական պատերազմի ավարտից չորս տարի հետո՝ լյարդի ցեռոզից, որովհետեւ հարբում էր անխնա ու կատաղի։

Ասում են՝ Ֆրանկլին Փիրսը «Ոսկե շրջանի ասպետներ» գաղտնի կազմակերպության անդամ է եղել, որի հիմնական նպատակը գաղութային տարածքների ընդլայնումն էր, եւ որ՝ հենց այս «ասպետներն» են կազմակերպել ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի սպանությունը, որին, ի տարբերություն այս Փիրսի, ամերիկացիները շատ են սիրել ու մինչեւ հիմա էլ սիրում են։

Ախ, հա՛։ Մի մահափորձ էլ այս Փիրսի նկատմամբ է «սանձազերծվել»։ Մի հարբեցող հարձակվել ու շատ պինդ եփած ձվով առանձնակի դաժանությամբ հարվածել է նրան։