23.11.2015 13:26

Խմբագրական. Հուսանք՝ «ՄԵՆՔ»-ը ողբալիորեն սակավաթիվ չէ

Խմբագրական. Հուսանք՝ «ՄԵՆՔ»-ը ողբալիորեն սակավաթիվ չէ

Գաղջը խտանում ու խտանում է Հայաստանի մթնոլորտում։

Դիմացը ձմեռն է՝ անորոշության պատկառելի շերտով, նկատելի ու աննկատ սրընթաց թանկացումներով, խեղկատակ ու հանցագործ իշխանության անչափ վիրավորական ներկայությամբ, անպատժելիության զգացումից լկտիացած գործատուների՝ «դուրըդ չի գալիս, ճամփեն բաց ա, էնքան մարդ կա քո տեղին սպասող» միջնադարյան ֆեոդալի կեցվածքով  եւ սրանց հույսին մնացած Հայաստանի քաղաքացիների անելանելի վիճակի վաղուց ի վեր հաստատված «գեղեցիկ ավանդույթի»։

Եթե պետական համակարգում իրենց ոտնահարված աշխատանքային իրավունքները դատական կարգով պաշտպանելու փորձեր եղել են (ձեւակա՛ն փորձեր, որովհետեւ, պարզից պարզ է, եթե նույնիսկ ինչ-որ մեկին հաջողվել է արդար վճիռ կորզել դատարանից, միեւնույն է՝ դրանից հետո այդ մարդը չէր կարող աշխատել մի համակարգում, որտեղ, ղեկավարի հրահանգով, նրան դժոխային պայմաններ են սպասվում), ապա այս համակարգից դուրս մարդու ճակատագիրը կախված է որեւէ ստրկատիրոջ կամ ճորտատիրոջ, կամ՝ մի ավելի վատ «բանի» քմահաճույքից։ Կուզենա՝ կապրես, չի ուզենա՝ ձմեռվա դեմ հանդիման կկանգնես անպաշտպան, եւ միակ մխիթարությունդ ու ապրելու ազդակդ կդառնա «Ոչ»-ը։

Ժամանակավոր սրտահովա՞նք է այս «Ոչ»-ը։ Չէ։ Ես գրեթե հավատացած եմ, որ այս անգամ Հայաստանի թալանչիներին չի հաջողվելու իրենց զավեշտի վերածված, արհամարհված, քամահրված ու առանձնակի դաժանությամբ հայհոյված ու հայհոյվող «այո»-ն փաթաթել ժողովրդի վզին։ Այս անգամ սրանց նույնիսկ «մեռած հոգիները» չեն փրկելու։ Սա այն հանգրվանն է, երբ մեզ քաջածանոթ ու բազմաչարչար «մենք ոչինչ չունենք կորցնելու՝ բացի մեր շղթաներից»-ը կատարված իրողություն է։

Եվ եթե այս «գրեթե»-ն դեկտեմբերի 7-ին իրականություն դառնա, եւ «Ոչ»-ը շռնդալից ապտակ հասցնի հանրապետականների «բութ ու շատակեր» դեմքին, դրանից հետո մենք ոչ միայն մեր տունն աղբից մաքրելու գործը պետք է գլուխ բերենք, այլ նաեւ եւ առաջին հերթին՝ այս բարոյալքված տարիների ընթացքում ավերված ու խեղված մեր հոգիները։

Այս վերջինն ամենադժվարն է։

«Ոչ»-ի հաղթանակն ավգյան ախոռների ախտահանում չի նշանակում։

«Ոչ»-ի հաղթանակն ընդամենը մեզ հնարավորություն է տալու այդ ավգյան ախոռների ախտահանման սկիզբը դնել։

Եվ հուսանք՝ այդ «ՄԵՆՔ»-ը ողբալիորեն սակավաթիվ չէ։

Լիզա Ճաղարյան