25.11.2015 14:30

Այսօր ծնվել է Լոպե դե Վեգան՝ ուրախ-տխուր «բնության հրաշքը»

Այսօր ծնվել է Լոպե դե Վեգան՝ ուրախ-տխուր «բնության հրաշքը»

«Դոն Կիխոտ»-ին աշխարհին նվիրած Միգել դե Սերվանտեսը «բնության հրաշք» եւ «թատերական կայսրության միապետ» է անվանել Լոպե դե Վեգային։ Իսպանիայի փյունիկ, Պոեզիայի օվկիանոս՝ այսպես էին մեծարում նրան ժամանակակիցները։ Դերձակի ընտանիքում ծնված այս Լոպեն իրոք արտառոց երեւույթ էր։ Հինգ տարեկանից կարդում էր իսպաներեն ու լատիներեն, իսկ 6-ից՝ արդեն բանաստեղծ էր։ 10 տարեկան էր, նստեց ու թարգմանեց 4-րդ դարի հռոմեացի պոետ Կլավդիանոսի ստեղծագործություններից մեկը։ Ծնողները եւ բարեկամները ապշած էին, որովհետեւ այդ գործը բուռն կրքի արտահայտություն էր, եւ սա հասկանալու ու թարգմանելու համար հասուն տղամարդ լինելը պետք է որ պարտադիր լիներ։ Սա դեռ քիչ էր, երկու տարի հետո ի՛նքը գրեց «Իսկական սիրեկանը» վերնագրով մի պիես։ Երբ անհանգստացած հայրը հարցնում է, թե ո՞նց է հնարավոր գրել մի բանի մասին, ինչից դեռ բան չես հասկանում, այս մեր 12-ամյա Լոպեն նախ հայացքը համեստորեն հառում է գետնին, հետո շատ խորհրդավոր ժպտում։ Եվ այդ ժպիտից ծնողներն ստիպված էին հետեւություն անել, որ իրենց անչափահաս զավակը լա՛վ էլ գիտեր, թե ինչի մասին է գրում։ 13 տարեկան էր, երբ նրա կատակերգություններից մեկը բեմադրեցին թատրոնում։

Ըստ կենսագիրների՝ իսպանացի դրամատուրգ, բանաստեղծ եւ արձակագիր Լոպե դե Վեգան (1562-1635) մոտավորապես 2000 պիես է գրել, որոնցից 400-ից ավելին հասել են մեր օրերը, նաեւ՝ 3000 սոնետ, նաեւ՝ «Արկադիա» վեպը։ Սովորել է Ալկալեի համալսարանում, բայց չի ավարտել, որովհետեւ 16 տարեկան էր, երբ դարձավ մի ամուսնացած դերասանուհու «իսկական սիրեկանը», իսկ երբ այդ կինը լքեց նրան, վիրավորված պատանին պամֆլետներ գրեց նախկին սիրուհու եւ նրա ընտանիքի մասին՝ իրեն նեղություն չտալով նույնիսկ անունները փոխել։ Բնականաբար, իր ընտանիքի «բարի համբավը» արատավորելու համար դերասանուհին դատի տվեց Լոպեին. դատեցին, հետո աքսորեցին։

Ութ տարի նա իրավունք չուներ ոտք դնելու Մադրիդ։ Սա, իհարկե, չխանգարեց, որ մեր արկածասերը մի օր գաղտնի վերադառնա հայրենի քաղաք եւ փախցնի իր սիրելի Իզաբելին։ Կնոջ հետ նա հաստատվում է Վալենսիայում, կարծես երջանիկ է, հանգիստ ստեղծագործում է, բայց այս հովվերգությունը յոթ տարի է տեւում ընդամենը։ Մեռնում է Իզաբելը, իսկ հետո՝ նրանց երկու փոքրիկ աղջիկները։

Ի վերջո՝ վերադառնում է Մադրիդ, կյանքը շարունակվում է, եւ նա ամուսնանում է երկրորդ անգամ՝ մի խոշոր մսարտադրողի դստեր՝ Խուանայի հետ։ Տանը վայելում է ընտանեկան խաղաղ կյանքը, դրսում՝ դերասանուհի Միքայելայի բուռն սերը եւ այսրոպեական կանանց պարգեւած հաճույքները։ Եվ կրկին՝ ողբերգություն։ Մեռնում է իր եւ Խուանայի որդին, հետո՝ կինը։ Լոպեն մնում է իր փոքրիկ աղջկա՝ Ֆելիցիանայի հետ մենակ։ Ողջ կյանքում բազմաթիվ սիրավեպերից չհագեցող գրողը մտածում է, որ Աստված պատժում է իրեն անբարո վարքի համար, եւ «մաքրագործվելու» համար նետվում է ինկվիզիտորների «մաքրամաքուր» գիրկը։ Ծառայում է նվիրումով. ասում են՝ նույնիսկ մի հերետիկոս քահանայի «զտման» արարաողությունը հենց ինքն է կատարել։

1616-ին ամուսնանում է երրորդ անգամ՝ քսանամյա Մարթայի հետ։ «Սուրբ հավատաքննիչների» հետ համագործակցությունը չի փրկում նրան։ Ծովում խեղդվում է իր եւ Մարթայի որդին, Մարթան կուրանում է ու խելագարվում, իսկ չորս տարի հետո մահը փրկում է այդ խեղճ կնոջը երկրային տառապանքներից։

Ահա այսպիսի զարհուրելի անձնական կյանք ապրած մարդն է աշխարհին նվիրել բազմահատոր ստեղծագործություններ, որոնց գերակշիռ մասը՝ կատակերգություն։ Ի՞նչ է զգացել եւ ապրել Լոպե դե Վեգան չորս պատերի ներսում՝ ինքը գիտեր, բայց ուրիշներին ծիծաղ ու ուրախություն է պարգեւել՝ յուրաքանչյուր պիեսի ստեղծման վրա ծախսելով ընդամենը երեք օր։

Լոպե դե վեգայի մահը սգացել է ողջ Իսպանիան։

Բնականաբար։