27.11.2015 15:51

Խմբագրական. Ռուս-թուրքական բախման հիմքերը

Խմբագրական. Ռուս-թուրքական բախման հիմքերը

Ռուսական ինքնաթիռի ոչնչացումը թուրքերի կողմից որպես լրատվական սենսացիա գուցեեւ անսպասելի էր, բայց իրականում՝ վերջին ամիսներին Մերձավոր Արեւելքում ծավալվող զարգացումների տրամաբանությունից բխող իրադարձություն էր: Ճիշտ է, եթե վերցնենք ոչ թե վերջին ամիսներն, այլ ավելի լայն՝ վերջին տարիները, ապա ռուս-թուրքական հարաբերությունները բավական դրական էին թվում: Թերեւս, ամենաէականն էր այն, որ Թուրքիան բավականին չեզոք պահեց իրեն ուկրաինական ճգնաժամի հարցում՝ արեւմտյան իր դաշնակիցներից տարբերվող, անկախ դիրք բռնելով: Ռուսների համար թուրքական այս դիրքորոշումը կարեւոր էր, որովհետեւ հնարավորություն էր տալիս շրջանցելու արեւմտյան «շրջափակումը»: Շրջանցման այս քաղաքականության շրջարկում կատարվեցին համապատասխան այցեր, կնքվեցին պայմանագրեր, ասվեցին ջերմ խոսքեր միմյանց նկատմամբ:

Թուրքական Ազգային ուխտի տարածքները

Այսքանով հանդերձ՝ կային եւ հակասություններ, որոնցից կարեւորը սիրիական խնդիրն էր: Ռուսներն ի սկզբանե պաշտպանում էին Ասադին՝ դեռ մինչեւ ուղղակի միջամտությունը սիրիական պատերազմին՝ էական աջակցություն ցուցաբերելով Սիրիայի նախագահին: Թուրքիան հակառակը՝ հենց սկզբից ակտիվորեն աջակցեց Ասադի դեմ պայքարող սիրիական խմբավորումներին, չնայած՝ մինչ սիրիական պատերազմն Էրդողանն ու Ասադն իրար եղբայր էին կոչում: Սիրիական պատերազմը թուրքերն ընկալեցին որպես եզակի հնարավորություն՝ իրենց ազդեցությունը դեպի Օսմանյան կայսրության նախկին տարածքներ ընդլայնելու համար, եւ բացի այդ՝ կար քրդական շարժմանը, նաեւ Իրանի ազդեցության աճին հակադրվելու խնդիրը: Ըստ համառորեն պտտվող լուրերի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունները կապ ունեն ոչ միայն, այսպես կոչված, «չափավոր» իսլամիստական, այլեւ ԻԼԻՊ-ի (Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն) ստեղծման հետ: Պետք է նաեւ հաշվի առնել, որ, այսպես կոչված, «արաբական գարնան» հիմնական միտումը՝ անցումն աշխարհիկ եւ իրենց ծագմամբ՝ հեղափոխական, ազգայնական եւ սոցիալիստական դիկտատուրաներից դեպի այս կամ այն երանգի քաղաքական իսլամիզմ, տիպաբանորեն նույնանում է Թուրքիայի՝ Էրդողանի օրոք կատարված անցման հետ՝ քեմալիզմից դեպի իսլամիզմ: Պարզապես Թուրքիայում անցումը տեղի ունեցավ ավելի սահուն, այլ ոչ թե հեղափոխության կամ պատերազմի ճանապարհով: Այսինքն, բացի աշխարհաքաղաքական շահերից, որոնք գերակայող են, Թուրքիայի ներկա վարչակարգը նաեւ ներքին հարազատություն է զգում արաբական մի շարք երկրներում տեղի ունեցողի հետ (նույն անցումը, բայց շատ ավելի վաղ եւ շատ յուրահատուկ, տարբերվող ձեւերով տեղի ունեցավ Իրանում՝ իսլամական հեղափոխությամբ):

Սիրիական հարցում հակասությունն, ուրեմն, ի սկզբանե կար, բայց դա չէր խանգարում ուրիշ ուղղություններով ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը՝ մինչեւ այն պահը, երբ ռուսներն արդեն անմիջականորեն ներգրավվեցին սիրիական պատերազմի մեջ՝ ռմբակոծելով սիրիական իսլամիստների դիրքերը: Ինչ-որ իմաստով սա կարելի է համարել ռուս-թուրքական չհայտարարված պատերազմի սկիզբ (բաց ենք թողնում այստեղ այն հարցը, թե որքանով սա կարելի է համարել Ռուսաստան-Արեւմուտք վերածնված հակամարտության մասը): Շատ է խոսվել նրա մասին, որ թուրքերը, ձեւականորեն անդամ լինելով հակաԻՍԻՊ-յան կոալիցիայի (որն ընդհանրապես էլ բավականին ձեւական բնույթ ունի), իրականում հովանավորում են նույն ԻՍԻՊ-ին կամ առնվազն փոխշահավետ կապերի մեջ են ծայրահեղ իսլամիստների հետ: Շատ է խոսվել նաեւ քրդական գործոնի դերի մասին՝ թուրքական այսպիսի դիրքորոշման առթիվ: Բայց այս ամենն ինչ-որ տեղ մանրամասներ են:

Եթե հարցն ավելի ընդհանուր դիտարկենք՝ մանրամասներից դուրս, ապա պետք է հաշվի առնենք, որ Թուրքիայի տեսակետից Սիրիայի եւ Իրաքի հյուսիսը ոչ թե նույնիսկ թուրքական ազդեցության գոտիներ են, այլ հենց «սեփական»՝ թուրքական տարածքներ: Այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիան եւ Իրաքը լիարժեք պետություններ էին, այդ սեփականության զգացումը, այսպես ասած, «քնած» վիճակում էր, բայց այն պահից, երբ միասնական Սիրիան եւ Իրաքը փաստացի վերացան՝ նորից արդիական է: Այստեղ դեր ունի եւ Օսմանյան ժառանգությունը (Սիրիան, Իրաքը եւ արաբական այլ երկրներ Օսմանյան կայսրության մասն էին դարերի ընթացքում), որի վերականգման ջատագով են թուրքական իսլամիստները, այդ թվում՝ Էրդողանի վարչակարգը, բայց նույնիսկ օսմանյան ժառանգությունից հրաժարվող 1919 թ.-ի քեմալիստական հայտնի Ազգային ուխտը սահմանում էր, օրինակ՝ Մոսուլն Իրաքի հյուսիսում որպես թուրքական ազգային տարածք: Հետաքրքիր է այդ առումով մեր ազատագրական պայքարի հայտնի գործիչներից՝ 1920-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀՅԴ երկար տարիներ բյուրոյապետ Ռուբեն Տեր-Մինասյանի արաբական երկրներին նվիրված հոդվածաշարից հետեւյալ հատվածը. «Սակայն, այս բարդութեանց մէջ Սուրիոյ ամենէն աւելի մեծ վտանգը Թուրքիան է, որ ընդունած է Սուրիոյ անջատումը իրմէ, բայց բնաւ համակերպած չէ այս իրողութեան հետ: Թուրքերու Ազգային Ուխտի մաս կը կազմէ Անտիոք-Ալեքսանտրեթ շրջաններու կցումը Թուրքիոյ, ինչպէս եւ հիւսիսային Իրաքի, Մոսուլի կցումը, որ փաստորեն պիտի նշանակէ Սուրիոյի հիւսիսի եւ Իրաքի հիւսիսի անջատումը: Ալեքսանտրեթի հարցի արծարծումը Թուրքիոյ կողմէ ոչ այլ ինչ էր, եթե ոչ նախերգանքը իր աւելի լայն ծրագիրներու՝ հիւսիսային Արաբիոյ նուաճման եւ արաբական երկիրներու վրայ իր այս կամ այն ձեւի ազդեցութեան տարածման: Ասիկա մասնակի գաւառական հարց չէ, այլ Օսմանեան կայսրութեան վերականգնման ճիգ մը...» (նշենք, որ Ալեքսանդրետի շրջանը Թուրքիան կարողացավ միացնել իրեն): Այս տողերը գրվել են 1930-ականներին, բայց քանի որ աշխարհաքաղաքական շահերն ավելի կայուն գործոն են՝ ի տարբերություն գաղափարախոսությունների եւ վարչակարգերի փոփոխականության, Ռուբենի այս ձեւակերպումները կարող ենք համարել նաեւ այսօրվա իրավիճակի բանալին տվող: Օգտվելով Իրաքի եւ Սիրիայի փլուզումից՝ Թուրքիան փորձում է վերահսկողություն սահմանել Սիրիայի եւ Իրաքի հյուսիսային մասերի նկատմամբ՝ սունի իսլամիստների միջոցով:

Հին օրեր եւ նոր օրեր

Ընդհանրապես Մերձավոր Արեւելքն այսօր բարդ եւ խաչասերվող հակադրությունների թատերաբեմ է, հակադրություններ, որոնք միշտ են եղել, բայց այսօր մտել են «տաք»՝ ուղիղ ռազմական բախման փուլ: «Բեմադրվող» կարեւոր սյուժեներից են՝ պատերազմը շիաների եւ սունիների միջեւ, որն ընթանում է ոչ միայն Սիրիայում եւ Իրաքում, այլեւ Եմենում: Շիական կողմից գլխավոր խաղացողն է Իրանը, իսկ նրա դաշնակիցներն են Իրաքի, Լիբանանի («Հըզբոլահը») եւ Եմենի (հութիներ) շիաները, Սիրիայի ալավիները (սրանք տարբեր են ալեւիներից), իսկ սունիական կողմից «խաղում են» Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ ծայրահեղ իսլամիստական խմբավորումները: Այս պատերազմում երկու կողմերն էլ հասել են իրենց ազդեցության գոտիների աննախադեպ ծավալման, բայց մյուս կողմից էլ՝ կողմերից ոչ մեկն ի զորու չէ վճռական հաջողության հասնել: Այս ամենը հիշեցնում է եւ փաստացի վերականգնումն է ուշ միջնադարի հակամարտությունը Օսմանյան կայսրության եւ Սեֆեւյան Իրանի միջեւ, եւ պատահական չէ, որ, օրինակ՝ Իրաքի սունիները հենց սեֆեւյաններ էլ կոչում են պարսիկներին եւ իրենց դաշնակիցներին: Տարածաշրջանի դավանական բաժանումը վերջնականապես ձեւավորվել է հենց օսմանյան-սեֆեւյան պատերազմների շրջանում, երբ մի կողմից սեֆեւյանները բոլոր միջոցներով, այդ թվում՝ բռնի, պարտադրում էին շիական դավանանքն իրենց գրաված վայրերում՝ Իրան, Իրաք, Ադրբեջան, իսկ մյուս կողմից օսմանցիները հալածում էին շիաներին՝ ընդհուպ մինչեւ զանգվածային ոչնչացում:

«Բեմադրության» մյուս սյուժեն էլ քրդական գործոնի աճն է, որն է՛լ ավելի բարդ կապեր ունի: Դավանանքով քրդերի մեծ մասը սունի է, բայց կրոնական գործոնը երկրորդական է նրանց քաղաքական մտածողության մեջ՝ քրդերը մնում են միակ աշխարհիկ ուժն այս շիլայում: Նրանք մի կողմից աջակցություն են ստանում ամերիկացիներից, հին կապեր ունեն Իսրայելի հետ, մյուս կողմից՝ նրանց դեմ են ամերիկացիների դաշնակից թուրքերը: Քրդերը կռվում են սունի իսլամիստների դեմ եւ ժամանակավոր դաշինքի մեջ կարող են դիտվել շիական կողմի հետ, բայց մյուս կողմից էլ՝ խորքային հակասություն ունեն Իրանի հետ (որն ունի իր Քրդստանը), իսկ անկախացման ձգտումը հակադրում է նրանց Սիրիայի եւ Իրաքի պաշտոնական կառավարություններին:

Եվ ահա այս բարդ խաղին անմիջականորեն միջամտում է նաեւ Ռուսաստանը՝ առաջին անգամ ՍՍՀՄ փլուզումից հետո ակտիվորեն ներգրավվելով Մերձավոր Արեւելքի գործերին, ընդ որում՝ ռուս-ամերիկյան հակամարտության սրացման շրջանում, ինչը չի կարող չհիշեցնել Մերձավոր Արեւելքում ռուս-անգլիական վաղեմի հակամարտության օրերը, հակամարտություն, որի փաստացի զոհ դարձան նաեւ Արեւմտյան Հայաստանի հայերը, եւ որի շրջանակներում էին ժամանակին ծավալվում նաեւ Ռուսաստանի հարաբերությունները Օսմանյան կայսրության հետ՝ պատերազմներից մինչեւ ռուս-թուրքական բարեկամության եւ նույնիսկ դաշինքի օրեր:

Թուրքական «Ուկրաինան»

Վերադառնանք, սակայն, ռուս-թուրքական այսօրվա խնդրին: Եթե նայենք դեպքերին թուրքական տեսակետից, ապա ռուսները՝ սիրիական գործերին իրենց անմիջական միջամտությամբ, ներխուժել են թուրքական կենսական շահերի, ավելին՝ հենց «թուրքական» տարածք (վերոշարադրյալից պարզ է արդեն թուրքական նման մոտեցման հիմքը): Այսինքն, Թուրքիայի տեսակետից՝ ոչ պաշտոնական պատերազմը սկսել են ռուսները: Սա, բնականաբար, թուրքական գործողությունների արդարացման փորձ չէ, այլ իրադարձությունների խորքային տրամաբանության պարզաբանում (արդարացում կլիներ այն դեպքում, եթե թուրքական հավակնությունները եւ նրանց գործելակերպը համարեինք հիմնավոր եւ արդար): Թուրքական տեսակետից սա նաեւ յուրահատուկ նենգություն է, քանի որ երբ Արեւմուտքը փորձ արեց մտնել, ռուսների կարծիքով՝ ռուսական «սեփականություն» Ուկրաինա, թուրքերն, ինչպես վերը նշեցինք, բավականին չեզոք դիրք գրավեցին: Բայց ստացվում է, որ ի պատասխան դրա՝ ռուսներն այժմ մտնում են թուրքական «Ուկրաինա»՝ ծայրագավառ («Ուկրաինա»-ն բառացի նշանակում է հենց ծայրամաս): Հետեւաբար, այդ պահից սկսած՝ «պատերազմը» կարելի է սկսված համարել:

Եվ մինչեւ ինքնաթիռի դեպքը եղան ուշագրավ հայտարարություններ ու դեպքեր: Այսպես, նոյեմբերի կեսերին հենց թուրքական Անթալիայում տեղի ունեցած Գ20-ի երկրների ֆորումում Պուտինը հայտարարեց, որ իրենց տվյալներով՝ ԻՍԻՊ-ը ֆինանսավորվում է այդ թվում՝ նույն Գ20-ի մեջ մտնող երկրներից: Պարզ էր, որ այս ակնարկն ուղղված էր, նախ, Թուրքիային եւ Սաուդյան Արաբիային: Այսինքն, հենց Թուրքիայի տարածքում Ռուսաստանի նախագահը մեղադրանք ներկայացրեց թուրքերին: Սրան զուգահեռ, ռուսները ծավալեցին ԻՍԻՊ-ի եւ թուրքերի միջեւ իրականացվող նավթի ոչ օրինական առեւտրի տեխնիկական միջոցների ոչնչացման գործողությունները: Թուրքերն էլ իրենց հերթին բարձրացրին սիրիական թուրքերի (ռուսական լրատվամիջոցներում սրանց ասում են՝ թուրքմեն) հարցը, որոնք, ըստ թուրքական կողմի, տուժում են ռուսական ռմբակոծություններից: Թուրքիան զգուշացրեց, որ դա կարող է բերել լուրջ հետեւանքների:

Այսպիսով, ինքնաթիռի միջադեպն ունի կոնկրետ նախապատմություն, բոլոր նկարագրված հայտարարություններն ու դեպքերը տեղի են ունեցել նոյեմբերի երկրորդ կեսին՝ ռուսական ինքնաթիռի ոչնչացումից անմիջապես առաջ: Անհեթեթ է, ուրեմն, ռուսական ինքնաթիռի ոչնչացումը քննարկել զուտ իրավական տեսակետից: Պարզ է, որ իրավական կողմը տվյալ դեպքում մաքուր ձեւականություն է՝ մտե՞լ էին արդյոք ռուսները թուրքական տարածք, թե՝ ոչ, որքա՞ն ժամանակ էին այդտեղ անցկացրել, եւ քանի՞ անգամ էին թուրքերը զգուշացրել խփելուց առաջ, եթե՛ զգուշացրել էին. բոլորն էլ խնդրի էության հետ կապ չունեցող հարցեր են: Իհարկե, եթե ռուսներն իրոք մտել էին թուրքական օդային տարածք, ապա թուրքերը ձեւական իրավունք ունեին հարվածելու, բայց հասկանալի է նաեւ, որ նման դեպքերում ինքնաթիռը խփում են, երբ որ ուզում են խփել, երբ կա քաղաքական որոշում: Հակառակ դեպքում՝ հազար ու մի տարբերակ կա հարցն այլ կերպ լուծելու համար: Վերոշարադրյալից պետք է պարզ լինի, որ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե պատահականության, այլ տրամաբանական շղթայի հերթական օղակի հետ՝ ռուս-թուրքական փաստացի «պատերազմը» ինքնաթիռի միջադեպով չի սկսվել, այլ այդ միջադեպն ի՛նքն է մասը մինչ այդ արդեն սկսված գործընթացի:

Ռուս-թուրքական բախումն անցողիկ չէ

Բայց իհարկե, ռուսական ինքնաթիռ խփելն ունի նաեւ ինքնուրույն նշանակություն: Սա թուրքերի կողմից նախապես հաշվարկած քայլ պետք է համարել, որով նրանք ատամ են ցույց տալիս: Որքանով սպասելի էր սա ռուսների համար, կամ նույնիսկ, եթե ավելի էքզոտիկ տարբերակ մտածենք՝ որքանո՞վ հենց ռուսների կողմից էր սադրված, չեմ կարող ասել: Թուրքերի ուղերձն այն է, որ նրանք կարող են դիմել նաեւ վճռական քայլերի եւ չեն վախենում ռուսների հետ հակամարտությունից: Նրանք մարտահրավեր են նետում ռուսներին՝ կասկածի տակ դնելով ռուսական ռազմուժի զորությունն ու հեղինակությունը Մերձավոր Արեւելքում, եւ գոտեպնդում իրենց դաշնակիցներին Սիրիայում եւ Իրաքում: Չեմ ուզում այստեղ ծավալվել ռուսական հնարավոր հակադարձի տարբերակների առումով՝ այդ հարցը թողնելով ռազմական եւ տնտեսական մասնագետներին: Համենայն դեպս, իմ աչքաչափով՝ կողմերի հնարավորությունները միմյանց «կծելու» առումով, բավական հավասար են թվում՝ խաղաքարտեր ունեն թե՛ ռուսները, թե՛ թուրքերը:

Ամեն դեպքում պարզ է թվում հետեւյալը: Ռուս-թուրքական ներկա բախումը անցողիկ երեւույթ չէ՝ մոտակա ապագայում այս կամ այն կերպ մնալու է կայուն իրողություն, գուցե նաեւ՝ ծավալվելու է, քանի որ հիմքում ոչ թե պատահական միջադեպ է, այլ շահերի սուր բախում Մերձավոր Արեւելքում: Քանի դեռ ռուսները գործում են «թուրքական» տարածքում, Թուրքիան չի կարող անտարբեր մնալ: Երբ ասում են, թե ռուս-թուրքական պատերազմ չի լինի, դա ճիշտ է այնքանով, որ չի լինելու պաշտոնական, այսպես ասած՝ դասական կռիվ. ռուսական տանկերը չեն հատի թուրքական սահմանը, թուրքերն էլ նոր Սարիղամիշի օպերացիա չեն մշակի: Բայց ոչ պաշտոնական, չհայտարարված պատերազմը փաստացի ընթանում է, եւ հայտնի չէ, թե երբ եւ ինչպես կավարտվի, քանի որ ավարտի համար կողմերը պետք է ինչ-որ փոխզիջումային տարբերակ գտնեն ոչ թե սոսկ ինքնաթիռի միջադեպը հարթելու, այլ Մերձավոր Արեւելքում շահերի բախումը լուծելու շուրջ:

Հայկական հարցադրումը

Ամոթ է նույնիսկ հիշեցնել, որ այս ամենն անմիջական կապ ունի Հայաստանի հետ. հայկական գործոնի օգտագործման փորձեր ռուսների կողմից, հայ-ռուսական ռազմական դաշինք, ռուսական բազա Հայաստանում, հայ-թուրքական հարաբերություններ, Ղարաբաղի հարց, էլ չասած՝ պատմական հիշողությունների հոգեբանական ազդեցությունը: Այս հոդվածի մեջ այդ խնդիրներին չեմ ուզում մանրամասն անդրադառնալ: Բայց մի բան պարզ է՝ այսօր մեր քաղաքական միտքը պետք է առաջնային հենց այս խնդրով զբաղվի, բացի ամենից՝ թույլ չտալու համար մեր հրապարակային խոսքի դաշտն իրենցով արած այլեւայլ համաշխարհային կենտրոնների ազդեցության հայանուն, բայց քաղաքականապես ոչ հայ գործակալներին՝ մանիպուլյացիայի ենթարկելու մեր հասարակության գիտակցությունը: Եվ երբ ասում եմ՝ հարցով զբաղվել, նկատի ունեմ ոչ թե ինչ-որ դոգմատիկ եւ կաղապարված մոտեցումների վերարծարծում, այլ կոնկրետ եւ կենդանի քննություն, որի կիզակետը պետք է լինեն ոչ թե հին ու նոր վախերը, հին ու նոր ցնորքները, այլ՝ ի՞նչ եւ ինչպե՞ս կարող է այս ամենից Հայաստանը շահել: Հարցադրումը հենց նման կերպ դնելը շատ կարեւոր է: Մենք անընդհատ բողոքում ենք, թե պատմականորեն զոհ ենք գնացել այլոց շահերին, տուժել ենք մեզնից մեծերի բախումներից: Ընդ որում, երբ ասում ենք, թե այս կամ այն պետությունը սոսկ իր շահն է հետապնդում, դրա մեջ մի տեսակ նեղացկոտ, բացասական ենթատեքստ ենք դնում: Եվ եթե այս ամենից մեր եզրակացությունը պետք է լինի միայն այն, որ մենք պետք է աշխարհից «յան տված» ապրենք՝ նեղացած հարսի կեցվածք ընդունելով, ապա դա պակաս ապուշություն չէ, քան պատկերացնել, որ որեւէ մեկը մեր փոխարեն պարտավոր է լուծել մեր խնդիրները: Հենց դրա համար էլ հարցը պետք է դնենք դրական երանգով՝ ի՞նչ կարող է Հայաստանը շահել յուրաքանչյուր նոր իրավիճակից, ինչն, իհարկե, չի բացառում նաեւ հակառակը՝ ի՞նչ կարող է կորցնել հարցը եւ համապատասխան գործողությունները:

Հրանտ Տեր-Աբրահամյան