01.12.2015 12:07

Խմբագրական. Եվրոպական արհամարհանք. ԺՀՄԻԳ-ը ուղարկել է ընդամենը 4+1 դիտորդ

Խմբագրական. Եվրոպական արհամարհանք. ԺՀՄԻԳ-ը ուղարկել է ընդամենը 4+1 դիտորդ

Դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քվեարկության ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող ամենամասնագիտական ու լուրջ կառույցը` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է իրականացնելու ընդամենը 4+1 դիտորդով. 4 դիտորդ եւ եւս մեկը` գրանցված, հնարավոր է` թարգմանիչ կամ օգնական:

Սա արհամարհանքի ամենաբարձր մակարդակն էր, որ այդ կառույցը կարող էր ցուցաբերել այնպիսի կարեւոր պահի, երբ Հայաստանում ամբողջ քաղաքական դաշտն ալեկոծված է, երբ ողջ ժողովուրդն ունի հստակ դիրքորոշում, եւ վերջապես, երբ Հայաստանում անցկացվելու է համապետական քվեարկություն: Ճիշտ է, այլ կառույցներ եւս ուղարկել են իրենց դիտորդներին (ԱՊՀ` 44 դիտորդ, ԱՊՀ ՄՎ` 23 դիտորդ, օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչները` 33 դիտորդ, ԵԽԽՎ` 11 դիտորդ), սակայն, դա պատկերը չի փոխում երկու պատճառով: Նախ, բացի ԵԽԽՎ-ից, մյուս բոլոր կառույցները մշտապես իրականացրել են, այսպես կոչված, ձեւական դիտորդություն եւ, անկախ քվեարկության, նախընտրական ու հետընտրական իրավիճակից, միշտ դրական գնահատականներ են հնչեցրել, եւ երկրորդ, ինչպես արդեն նշեցինք, հենց ԺՀՄԻԳ-ն է, որ մասնագիտական դիտորդություն է իրականացնում, որովհետեւ ունի իր չափորոշիչները, որոնց համաձայն՝ նախընտրական շրջանում Հայաստան ժամանած երկարաժամկետ դիտորդները որոշակի պարբերականությամբ հրապարակում են նախնական զեկույցներ, ապա քվեարկության շեմին թիմը համալրվում է, գալիս է կարճաժամկետ դիտորդների երկրորդ` ավելի ստվար խումբը, քվեարկությունից հետո նրանք հրապարակում են եւս մեկ նախնական զեկույց, եւ արդեն 2-3 ամիս անց` վերջնական զեկույցը` առաջնահերթ հանձնարարականներով:

Կարեւորության առումով կարելի է նշել նաեւ ԵԽԽՎ-ն, որը եւս զեկույց է հրապարակում, սակայն, ի տարբերություն ԺՀՄԻԳ-ի` ընտրությունների ավարտից հետո, սակայն, եւս ներկայացնում է հանձնարարականներ` «հայտնաբերված թերությունները» շտկելու համար:

Եւ ահա այս երկու կառույցներն էլ, ըստ էության, գրեթե մարդ չեն ուղարկել Հայաստան:

Ընդհանուր պատկերն այսպիսին է.

ԱՊՀ- 144 դիտորդ

ԱՊՀ ՄՎ- 23 դիտորդ

Օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներ- 33 դիտորդ

ԵԽԽՎ- 11 դիտորդ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ- 5 դիտորդ

Ընդհանուր` 216 դիտորդ, որոնցից մասնագիտացված ու կարեւոր, որոնք հետո զեկույց են հրապարակում` ընդամենը 17 դիտորդ:

Համեմատության համար տեսնենք, թե ինչպիսին էր դիտորդական պատկերը վերջին 4 համապետական ընտրությունների ժամանակ:

2007 ԱԺ ընտրություններ

ԱՊՀ ՄՎԽ 52 դիտորդ

ԱՊՀ 186 դիտորդ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 387 դիտորդ

ԵԱՀԿ ԽՎ 78 դիտորդ

ԵԽԽՎ 46 դիտորդ

ԵԽ 18 դիտորդ

Ընդհանուր` 767 դիտորդ

2008 նախագահական ընտրություններ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ- 309 դիտորդ

ԱՊՀ- 155 դիտորդ

ԵԱՀԿ ԽՎ – 53 դիտորդ

ԱՊՀ ՄՎ – 38 դիտորդ

Եվրոպական խորհրդարան – 7 դիտորդ

ԵԽԽՎ- 30 դիտորդ

Ընդհանուր` 592 դիտորդ

2012 ԱԺ ընտրություններ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ- 258 դիտորդ

ԵԽԽՎ-37 դիտորդ

ԱՊՀ ՄՎ- 22 դիտորդ

ԱՊՀ- 151 դիտորդ

Եվրոպական խորհրդարան- 12 դիտորդ

ԵԱՀԿ ԽՎ- 69 դիտորդ

Այ Էֆ Ի Էս- 3 դիտորդ

Այ Սի Ի Էս- 20 դիտորդ

ՍԻԼԲԱ- 16 դիտորդ

ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններ- 35 դիտորդ

Օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներ- 24 դիտորդ

Ընդհանուր` 647

2013 նախագահական ընտրություններ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-263 դիտորդ

ԵԽԽՎ-36 դիտորդ

Այ ՍԻ Ի ԷՍ-35 դիտորդ

ԱՊՀ ՄՎ- 30 դիտորդ

ԱՊՀ- 163 դիտորդ

ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններ-34 դիտորդ

ԵԱՀԿ ԽՎ- 31 դիտորդ

ԵՄ խորհրդարան- 12 դիտորդ

Օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներ- 25 դիտորդ

Այ Էֆ Ի Էս- 1 դիտորդ

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար

ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար

Ընդհանուր`632 դիտորդ

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ դեկտեմբերի 6-ի քվեարկությունը կայանալու է եվրոպական կառույցների բացարձակ արհամարհանքի ու անտարբերության պայմաններում: Սա այն դեպքում, երբ այդ կառույցները, որոնք իրենց գերնպատակ են հռչակել ժողովրդավարությունը, ազատ ընտրությունները, մարդու իրավունքները եւ այլն, պարտավոր են հետեւել իրենց անդամ երկրում տեղի ունեցող այսպիսի կարեւորագույն իրադարձություններին, այն դեպքում, երբ այս իրադարձությունն իրենց անդամ երկրում մեծ ռեզոնանս է առաջացրել, այն դեպքում, երբ նախորդ ընտրություններից հետո իրենց կողմից հրապարակված զեկույցներում նշված հանձնարարարականները ոչ միայն չեն կատարվել, այլեւ` խախտվել են:

Բայց ինչպես տեսնում ենք, ունենք այն, ինչ ունենք:

Քրիստինե Խանումյան