02.12.2015 15:09

Խմբագրական. Տեր-Պետրոսյանի «անապատի քարոզը»

Խմբագրական. Տեր-Պետրոսյանի «անապատի քարոզը»

Մեծ իմաստություն ունենալ պետք չէ հասկանալու համար, որ մեր տրամաչափի պետությունների կայունությունն ու անվտանգությունը՝ երկարատեւ կտրվածքով, կախված է աշխարհակարգից՝ միջազգային համակարգից: Սրանով անկախ պետության դերն այդ հարցերում չի նվազեցվում. խոսքն անվտանգության հենց երկարատեւ, առավել հիմնարար մակարդակի մասին է, որը որեւէ՝ նույնիսկ մեզնից շատ ավելի մեծ եւ հզոր պետություն չի կարող ապահովել միայն ինքն իրենով, աշխարհակարգից դուրս: Նույնիսկ մեծ տերությունները, որքան էլ նրանց փաստացի անկախության չափն անհամեմատ ավելին է, քան մյուսներինը՝ աշխարհի միասնական համակարգի մասն են եւ այդ առումով՝ կախյալ մեկը մյուսից:

Կայունության կղզյակն անխաղաղ օվկիանոսում

Իսկ Հայաստանի տիպի երկրները ստանում կամ կորցնում են անկախությունը՝ հիմնականում միջազգային համակարգերի մեծ անկայունությունների, վերադասավորումների շրջանում: Աշխարհակարգային համեմատաբար կայուն շրջաններում հնարավոր է գոյատեւել նույնիսկ ոչ այնքան լավ կառավարման եւ միջակ քաղաքականության պայմաններում: Սակայն, հաշիվ փակելու ժամանակը գալիս է կարճատեւ, բայց համատարած փոփոխությունների շրջանում, եւ այստեղ արդեն միմյանց հետ չափվում են կայուն ժամանակներում կուտակված, թեկուզեւ արտաքին հայացքին անտեսանելի ազգային ներուժերը: Ամենամոտ օրինակները 20-րդ դարում են: Համեմատեք հայոց պատմության վայրիվերումները համաշխարհային երկու մեծ անկայունությունների՝ 1914-21 եւ 1985-94 –ի շրջաններում (1939-45 թթ.-ը մեզ վրա այդքան ճակատագրական չանդրադարձան, թեեւ նոր մեծ հուսախաբությունների առիթ դարձան): Կարծես, բավականին հստականում են նշանները, որոնք վկայում են եթե ոչ համաշխարհային, ապա առնվազն տարածաշրջանային մեծ անկայունության մասին: Իհարկե, ոչ ոք այս պահին դեռ չի կարող կանխատեսել նույնիսկ մոտակա ապագան, բայց ոչ ոք նաեւ չի կարող բացառել անկայունության խորացումը հեղափոխականացման՝ աշխարհակարգի հիմնարար փոփոխության աստիճան: Գոնե Մեծ Մերձավոր Արեւելքում այլեւս դժվար է դառնում որեւէ՝ դեռ մի քանի տարի առաջ ֆանտաստիկ թվացող սցենարների բացառումը: Ոչ միայն արաբական աշխարհում, այլեւ որոշ չափով Թուրքիայում, Ադրբեջանում ու Վրաստանում ավելանում են անկանխատեսելիության գործոնները: Թվում է՝ Հայաստանը բացառություն է այս ցանկում: Իրոք, հիմնականում շնորհիվ մեր պետության ազգային եւ կրոնական միատարրության, մենք յուրահատուկ կայունության կղզյակ ենք. նույնիսկ Եվրոպան այսօր պակաս ապահով տեղ է թվում: Բայց երեւի ավելորդ է ասել, թե որքան թվացյալ է նման կայունությունը. չի կարող կայուն եւ ապահով համարվել 40 հազար կմ2 երկիրը՝ շրջապատված զարգացող արտաքին անկայունությամբ: Մեր կղզյակն ամենեւին էլ Խաղաղ օվկիանոսի սրտում չէ: Թվում է՝ սա բոլորս էլ գիտենք, հասկանում ենք: Իրականում իմանալն ու գիտակցելը տարբեր են: Մարդիկ կարող են շատ բան իմանալ, բայց գիտակցում են միայն այն, ինչն իրենց կենսոլորտի մասն են համարում: Կարելի է իմանալ միջազգային բարդացող իրավիճակի մասին, բայց շարունակել ապրել այնպես, կարծես դա չկա, քանի դեռ քո իրական կենսոլորտը նեղ անձնական եւ խմբային շահերն են: Այդպես էլ ապրում է հայկական վերնախավը:

«Ոչ»-ից ու «Այո»-ից անդին

Լեւոն Տեր-Պետրոսյանի օրեր առաջ հնչեցրած խոսքը հենց սրա մասին էր: Այդ խոսքը հնարավորինս պարզ եւ ուղիղ էր՝ ասված էր հենց ա՛յն, ինչ ասված էր՝ անկախ նրանից, թե ասելիք չունեցող, բայց էջեր մրոտող, նախկինում Լեւոնի անունով երդվողներն օրվա մեջ քանի «թաքուն մեսիջ» կբացահայտեն դրա մեջ:

Առաջին նախագահի հոդվածի շեշտը սահմանադրական փոփոխությունները չէին, թեեւ դրանց հետ կապված իրավիճակին նվիրված էր նյութի զգալի մասը: Բայց այդքանն ասելու համար հաստատ չարժեր, որ Տեր-Պետրոսյանը խախտեր վերջին ամիսների իր լռությունը. սահմանադրական փոփոխությունների սպառիչ գնահատականը նա տվել է դեռ շատ վաղուց, եւ որեւէ սուր կարիք չկար կրկնելու դա: Տեր-Պետրոսյանի խոսքի շեշտը հոդվածի երկրորդ մասն է, ուր խոսվում է միջազգային եւ տարածաշրջանային նոր իրավիճակի եւ դրանից բխող լրջագույն մարտահրավերների մասին: Սահմանադրական գործընթացը դիտարկվում է այս անգամ ոչ թե ինքնին, այլ հենց ա՛յս՝ նոր պայմաններում: «Հայաստանն, ըստ այդմ, կանգնած է լրջագույն մարտահրավերների առջեւ, որոնց դիմակայումը ազգային լիակատար միասնություն եւ պետականության առավելագույն ամրապնդում է պահանջում։ Դրա փոխարեն, սակայն, ինչպես տեսանք, ռեժիմը տոգորված է ժողովրդի վզին բռնի ուժով նոր սահմանադրություն փաթաթելու խելահեղ մոլուցքով, ինչն այլ կերպ, քան ծայրահեղ անպատասխանատվություն կամ արկածախնդրություն, չի կարելի կոչել։ Իսկ փաստացի պատերազմական վիճակում զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի վերացմանը վերաբերող դրույթն արդեն որեւէ ողջամիտ մարդու ուղեղում չի կարող տեղավորվել»:

Այս գնահատականի մեջ էլ գուցե չտեսնեք լուրջ նորություն կամ հայտնագործություն, բայց խնդիրն այստեղ գյուտ անելը չէ, այլ ճիշտ պահին իրավիճակը ճիշտ շեշտադրումներով հասկանալն է: Հենց թեկուզ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պետք է գիտակցեն (վերը նկարագրված կենսական գիտակցության, այլ ոչ թե մակերեսային «իմանալու» իմաստով), որ առաջին նախագահի խոսքը ոչ թե «Ոչ»-ը մի հերթական տեսակետից հիմնավորող խոսք է (ասենք՝ սահմանադրական փոփոխությունների քննադատությունն այս անգամ էլ աշխարհաքաղաքական կոնտեքստում ոճով), այլ հակառակը՝ սահմանադրականի թեման այստեղ առիթ է՝ ավելի կարեւոր՝ «այո-ոչ»-ից անդին եղածի մասին խոսելու համար: Սրանով «Ոչ»-ի արժեքը չընկավ (հակառակը՝ ավելի բարձրացավ, քանի որ կապվեց հիմնարար թեմայի հետ), բայց կարեւոր է հասկանալ, որ ամեն տվյալ պահի քաղաքական պայքարից անդին եւ վեր՝ կան երկիրը եւ պետությունը:

Առաջին նախագահն այստեղ իր վրա է վերցրել «անապատում քարոզողի» դերը` «քաղաքի» մակերեսային, ամենօրյա աղմուկից, անձնական եւ խմբային շահի անզուսպ գերակայումից՝ «իրավիճակից» դուրս եւ վեր՝ անկախ, ինքնակենտրոն, մենակյաց «անապատականի» խոսքը կարեւորի մասին: «Անապատի քարոզ մը՝ չեմ կարծեր, որ ուրիշ ճակատագիր ունենայ շարքը այս նոթերուն...: Գիտենք ատիկա: Բայց մենէ վեր մղումներ կստիպեն այս ...նուագին: Ու հարկ է կրկնել զայն՝ այսօր, վաղը, քիչ մը ամէն ատեն: Վասնզի ժողովուրդները կապրին այդ ու նման մեղեդիներով: Ու կը մեռնի այն ժողովուրդը, որ իր հոգիին ականջները խցած է ուրիշ աղմուկներու կամ, երբ... կը մոռանայ իր պապերուն ճամբան...: Ու այդ պապերուն տղաքը մեղադրանքին տակն են ցեղային ինքնասպանության» (Հ. Օշական «Անապատի քարոզ»):

Միջակության բանակը

Հայաստանն այսօր կարիք ունի համախմբվածության, կենտրոնացման, լրջացման, առաջնորդման՝ սա է հիմնական ուղերձը: Ի՞նչ ունենք դրա փոխարեն: 

Նախ՝ իշխանական ճամբարում: Իշխանությունը, ավելի ստույգ՝ Սերժ Սարգսյանը փորձում է իրականացնել մի հավակնոտ ծրագիր, որի մասն ու սկիզբն է միայն սահմանադրական հանրաքվեն: Այդ ծրագրի իրականացման ճանապարհին դեռ բազմաթիվ անկայուն շրջաններ կարող են ձեւավորվել՝ ներիշխանական վերադասավորումներ, դիմադրության պոտենցիալ կենտրոնների վերջնական չեզոքացում եւ այլն: Եթե այս ամենի նպատակը լիներ հասարակության համախմբվածությունը եւ պետության, այլ ոչ թե իշխանության կայունությունը, նաեւ՝ պետության, այլ ոչ թե իշխանության կենտրոնացումը, կարելի էր դեռ մտածել որոշ զոհողությունների համակերպվելու մասին: Բայց նպատակը զուտ անձնական եւ նեղ խմբային է, ընդ որում՝ այնպիսի անձնական եւ նեղ խմբային, որը պետական շահերին չի համընկնում նույնիսկ անուղղակիորեն (պատմության մեջ բազմաթիվ ընդհանուր շահեր իրականացվել են անձնական եւ նեղ խմբային մոտիվացիաներով՝ այդպիսին է պատմական դիալեկտիկան, բայց սա այդ դեպքը չէ): Իշխանության նպատակը վերնախավային կայունության ստեղծումն է՝ մի իրավիճակի, որտեղ իշխող վերնախավին եւ նրան կից «ընտրյալ» մի քանի «ընդդիմադիրների» այլեւս որեւէ անկանխատեսելի վտանգ չպետք է սպառնա հասարակության կողմից: Սա հասարակության պառակտման ծրագիր է շատ ավելի խորքային իմաստով, քան քաղաքական առօրյա բաժանումները: Նպատակ է դրվում հասարակության լայն շերտերին, զանգվածներին վերջնականապես օտարել երկրի կառավարման վրա ազդեցությունից՝ այն զանգվածներին, որոնց պայքարը ժամանակին հիմքը դարձավ Հայաստանի անկախացման, եւ որոնց պայքարը՝ թեկուզեւ անուղղակիորեն, բայց միշտ էլ իր կարեւոր դերն ունեցավ անկախ Հայաստանի պատմության մեջ: Ըստ նոր ծրագրի՝ ներփակ եւ նախապես զտված ու գլխատված վերնախավը, ընտրյալ կաստան այլեւս պետք է անվերջ վերարտադրվի ինքն իր մեջ:

Բայց նույնիսկ սա կարող էր այդքան սարսափելի չլինել (որեւէ հասարակություն, ուզենք թե չուզենք, միշտ էլ կառավարվում է նեղ վերնախավերի կողմից. այլ բան է, որ վերնախավային շերտը կարող է լինել ավել կամ պակաս բաց մյուս շերտերի նկատմամբ, ավել կամ պակաս՝ կախված դրանցից), եթե խոսքը լիներ ապագայի տեսիլ ունեցող, ավանգարդային, իրապես առաջնորդող, հասարակության միջինից մի քայլ առաջ քայլող վերնախավի մասին: Ի վերջո, հասարակությանն իրոք անհրաժեշտ է առաջնորդող, կազմակերպող, պետության եւ անկախության գաղափարին նվիրված կայուն ուժ: Բայց եղածն այդպիսի որակների կրողը չէ, այլ հակառակը՝ հասարակության միջինը (միջին արատավորը), միջակ որակը խտացրած, հաճախ միջակից էլ ցածր մի խումբ է, որը ոչ թե հասարակությանը, այլ ինքն իրե՛ն իսկ չի կարող առաջնորդել:

Այս միջակ ուժը կարող է կառավարել երկիրը առանց քիչ թե շատ լուրջ կորուստների՝ միջազգային համեմատաբար կայուն իրավիճակներում, բայց որքան դրսի իրավիճակը կայուն առօրյայից, ստանդարտից դուրս է գալիս, այնքան ավելի թեական է դառնում միջակության կարողությունը: Լավագույնն՝ ինչ կարող է անել միջակությունը, մի երկու «ֆիրմա» բաների անոգի կապկումն է: Դրա համար էլ ասում եմ, որ այդ խումբը նույնիսկ ինքն իրեն չի կարող առաջնորդել, քանի որ ինքն իր մեջ չունի հարցերին վերջնական պատասխան տալու կարողությունը, ինչն էական է դառնում ճգնաժամային պայմաններում:

Բայց այսօր, առավել քան երբեւէ՝ տեսնում ենք, որ այն «բնագրերը», որոնցից պատճենելով միայն ի զորու են երկիրը կառավարել միջակությունները, իրե՛նք են ճգնաժամի մեջ, իրե՛նք չեն կարողանում համարժեք պատասխաններ գտնել մարտահրավերներին (հիշեք ԵՄ առաջատար երկրների այսօրվա բառացիորեն անճարակ վիճակը Մերձավոր Արեւելքից եկող մարտահրավերների եւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, նույնիսկ Թուրքիայի դիրքերի առջեւ): Իսկ դա նշանակում է, որ գալիս են ժամանակներ, երբ ժողովուրդները նորից պետք է դիմեն, նախեւառաջ, իրենց ներուժին, ինքնակենտրոնանան, համախմբվեն: Մեր վերնախավի ծրագիրը հակառակն է՝ վերջնական ազատություն ստանալ սեփական հասարակությունից, ինչն անխուսափելիորեն նշանակելու է դրսի կենտրոններից կախվածության ավելացում: ...«Միջակության բանակը... Բայց ինչ որ երեւոյթը կընե աւելի գձուձ, չըսելու համար աւելի եղերական, նոր ժամանակներու մէջ անոր զգեցած ուղղափառ, առաքելական տիեզերականությունն է: ...Ամբողջ երկրամասեր, նույնիսկ ովկաններ անոր հանդիսութեանցը համար յարդարուն ամփիթատրոններ կդառնան: Թելը, անթելը, ռադիոն կը մրցին իրարու հետ՝ ժամ առաջ անոր հասցնելու պաշտամունքի սիրալիր ռարազները» (Հ. Օշական «Անապատի քարոզ»):

Ուխտվածների պակասը

Ընդդիմության ճամբար: Այսօրվա ընդդիմության մեծ մասը 2008-ին ծավալված շարժման եւ հետագայում նրանից պոկված բեկորներ են: Ցավոք, այս շարժումից ի տարբերություն, օրինակ՝ 1988-ի, այդպես էլ, կարծես, չծնվեցին նոր սերնդի իրապես մասշտաբային՝ հասարակությունը համախմբող ֆիգուրներ (որեւէ քաղաքական գործչի շուրջ տեղի է ունենում թե՛ պառակտում, թե՛ համախմբում, բայց կարեւոր է, որ վերջինը գերակայի առաջինին): Այդ բեկորներից առավել կարեւորների մեծ մասի միակ իրական նպատակը չափից ավելի մանր է եւ նեղ անձնական՝ 2017-ի ընտրություններում պատգամավորական մանդատի ապահովումն այս կամ այն անհատի համար: Մենք՝ նույնիսկ մեզնից նրանք, ովքեր հետեւում են քաղաքական անցուդարձին մինչեւ վերջ, չենք էլ գիտակցում մանրացման այս աստիճանը, բայց խոսքն իրոք հենց միայն ամեն մեկի անհատական մանդատի մասին է, ոչ թե հանուն նույնիսկ այս կամ այն խմբի (դեռ չենք ասում քաղաքական մեծ նպատակի կամ գաղափարի), այլ հենց՝ հանուն անհատի: Եվ մոտ ապագայի նրանց վարքը պայմանավորվելու է միայն ու միայն այս նպատակով՝ 17-ից այն կողմ Հայաստանում շատ քչերն են մտածում:

«Բայց չեմ կրնար չծանրանալ էականին վրայ. – Ուխտուածները կպակսին: Կպակսին անոնք հոն, մեր ժողովրդին ոչխարութեանը վերեւ, որուն ծամելիքներու հասողութեանը դիմաց կտարածուի հասարակաց խոտը, յուսահատական միօրինակութեամբ մը» (Հ. Օշական «Անապատի քարոզ»)...

Դադարի եւ նոր սկզբի անհրաժեշտությունը

Այստեղ է, որ գալիս է «անապատի քարոզների»՝ մասնավոր շահերից դուրս եւ բարձր դիրքերից խոսելու կարիքը: Այդ խոսքը կարող է հնչել տարբեր տեղերից եւ տարբեր ձեւակերպումներով, բայց պետք է լինի կոնկրետ: Ոչ թե միասնության վերացական եւ կեղծ կոչեր, որոնք հատկապես իշխանությունը սիրում է անել՝ քողարկելու համար իր խմբային շահը, այլ կոնկրետ առաջարկներ եւ կոնկրետ քայլեր, որոնք կվկայեն պետականին հակասող մասնավոր նպատակներից հրաժարման մասին: Նախեւառաջ իշխանական ճամբարում պետք է հասկանան, որ այն ծրագիրը, որով իրենք այժմ առաջնորդվում են՝ արդեն ոչ թե պարզապես քննադատելի է, այլեւ ժամանակավրեպ ու անհամարժեք իրավիճակին: Սահմանադրական փոփոխությանը «Ոչ» պետք է ասի այսօր հենց իշխանությունը՝ հրաժարվելով դրանից եւ դադար տալով ներքին կռվին: Սրանից հետո հասարակությունը պետք է փորձի ձեւակերպել իր մեծ նպատակները նոր պայմաններում եւ իր պատասխանները՝ նոր մարտահրավերներին: Ինչ-որ տեղ մեզ կարող է անհրաժեշտ լինել զրոյից սկսել:

Հրանտ Տեր-Աբրահամյան