02.12.2015 16:57

Այսօր ծնվել է Սաշա Պուտրյան՝ Երկնքի արքայադուստրը

Այսօր ծնվել է Սաշա Պուտրյան՝ Երկնքի արքայադուստրը

Կար-չկար, Հայաստանից հեռու մի երկրում մի արքայադուստր կար։ Նրա թագավոր հայրիկն ու թագուհի մայրիկը պատմում են, որ երբ նա ծնվեց, ձեռքին վրձին կար։ «Այս ի՜նչ հրաշք է»,- բացականչեցին նրանք։

...Չէ, հրաշք չկար։ Սա շատ տխուր պատմություն է, աշխարհի ամենատխուր պատմություններից մեկը։ Որովհետեւ աշխարհի ամենատխուր պատմությունները հիվանդ երեխաների մասին են։ Որովհետեւ աշխարհիս երեսի ամենամեծ անարդարությունը երեխայի մահն է։ Իսկ Սաշայի սիրունիկ ճակատին դատապարտվածության կնիքը դաջվեց, երբ նա դեռ հինգ տարեկան էր, եւ եթե այս պատմության մեջ մի հրաշք կա, ապա միայն սա է. բժիշկները գուժել էին, որ նրան մեկ-երկու ամսվա կյանք է մնացել, բայց Սաշենկան ապրեց եւս վեց տարի։

Սաշա (Ալեքսանդրա) Պուտրյան ծնվել է (1977-1989) Ուկրաինայի Պոլտավա քաղաքում։ 2000-ից ավելի նկարներ՝ 46 ալբոմ, շարժեր, բանաստեղծություններ, քանդակադրոշմներ, բանվածքներ, պլաստիլինե աշխատանքներ, փափուկ խաղալիքներ, ուլունքներ... Նույնիսկ՝ գծագրեր, որոնք պետք է օգնեին մեծերին հասնել Լուսին եւ այնտեղ ասֆալտ անել։ ...Երեւի՝ որ Լուսնի վրա քայլելիս չսայթաքեն։

Սաշան մահացավ լեյկեմիայից։ Մահից հետո նրա հարյուրից ավելի անհատական ցուցահանդեսներն են բացվել տասնյակ երկրներում, Ավստրիայում Սաշայի նկարներից մեկով դրոշմանիշ կա, Սաշայի մասին հինգ վավերագրական ֆիլմ է նկարահանվել, գիրք է գրվել։ Նրա հաճախած մանկապարտեզում Սաշա Պուտրյայի թանգարան կա, իսկ Պոլտավայում՝ նրա անվամբ մանկական գեղարվեստական պատկերասրահ։ Բազմաթիվ մեդալներ, շքանշաններ, մրցանակներ է ստացել։ Հետմահու։

Իսկ մինչ այդ ապրում էր մի փոքրիկ աղջնակ, որը մի օր իր հայրիկին ասել էր. «Երբ մեծանամ, անպայման նկարիչ եմ դառնալու ու նկարելու եմ առավոտից երեկո։ Նույնիսկ գիշերը»։ երեք տարեկանից նկարում էր որտեղ պատահի եւ որտեղ հնարավոր է, գրեթե միշտ ներկոտված էին նրա քթիկն ու ձեռքերը։ Սաշենկային հետմահու նաեւ Փրկչի ոսկե մեդալ շնորհեցին, իսկ թե՝ ինչու, պատմում է նրա նկարիչ հայրը՝ Եվգենի Պուտրյան։ Պուշկարյան եկեղեցու ավերակները տեսնելով՝ փոքրիկ Սաշան ասում է հորը. «Արի փրկենք նրան»։ «Բայց մենք ի՞նչ կարող ենք անել, աղջիկս»,- հառաչում է հայրը։ «Իսկ դու գրիր գլխավոր պետին եւ խնդրիր, որ օգնի մեզ»։ Հայրը չի ուզում, որ տխրի իր հիվանդ փոքրիկն ու նկարում է եկեղեցու ավերակները, գրում է, որ պետք է վերականգնել, եւ նամակն ուղարկում է ԽՍՀՄ մշակույթի հիմնադրամին։ Ինչպես կարգն է՝ նամակը վերահասցեավորվում է Կիեւ, իսկ այնտեղից հայտնում են, որ նամակն ստանալուց հետո եկեղեցու վերականգնման համար պետական բյուջեն գումար է նախատեսել։ Եվ հենց Սաշենկայի շնորհիվ եկեղեցին վերականգնվում է։

Հայրը փորձել է մասնագիտական խորհուրդներ տալ փոքրիկին, բայց բախվել է Սաշայի նուրբ եւ համառ դիմադրությանը։ Նկարում է՝ ինչ ուզում է, ինչպես ուզում է, ինչպես զգում է իր անկրկնելի ներաշխարհով։ Սովորում էր տանը՝ հասկանալի պատճառով։ Դպրոցական ծրագիրը նրան դուր չէր գալիս, սովորում էր՝ ինչ որ ինքն էր անհրաժեշտ համարում։ Կարդում էր շատ։ Սիրած հեղինակներ ուներ՝ Կուպեր, Մայն Ռիդ, Սթիվենսոն, Մարկ Տվեն, Դյումա, Հյուգո, Պուշկին, Գոգոլ... Ծնողները պատմում են, որ Սաշենկայի հետ շփվելը հեշտ էր ու հաճելի, նա երբեք ոչ մեկի չէր նեղացնում, բոլորի հետ սիրալիր էր։ Իր ինքնանկարներում Սաշենկան գրեթե միշտ արքայադուստր էր, որն սպասում էր իր արքայազնին։ Նրա առաջին արքայազնը հայտնվեց, երբ Սաշան վեց տարեկան էր։ Արքայազն Վիտյան՝ Վիտյոնոկը, նրա նկարներում մեկ հուսար էր, մեկ՝ փեսացու, մեկ՝ իր կողքին էր, մեկ՝ մենակ։ Մի օր էլ դիտեց «Երեք հրացանակիրներ» ֆիլմը ու սիրահարվեց Դ’արտանյան-Միխայիլ Բոյարսկուն։ Եվ սկսեց նկարել իր նոր արքայազնին։ Հայրը պատմում է, որ նույնիսկ նամակ էր գրել Բոյարսկուն, բայց այդպես էլ չուղարկեց։ Հետո... Փոքրիկ նկարչի երեւակայությունը երկրային սահմանները հատում են։ Սկսում է նկարել Աստծուն, գալակտիկաներ, մոլորակներ, համաստեղություններ, ՉԹՕ-ներ, այլմոլորակայիններին, աստղագիտությամբ է տարվում։ Հավատում է, որ այլմոլորակայիններ կան, եւ նրանք մեր նախնիներն են, եւ ինքը՝ Սաշենկան, հանդիպելու է նրանց։ ...Իր նկարներում Սաշան կյանքի իր իրավունքն էր նվաճում։

Ասում էր՝ եթե մարդիկ տոներ ունեն, ապա գազանիկներն էլ պետք է ունենան։ Ծնողները նրան շնիկ նվիրեցին, հետո՝ կատու։ Հարեւանները գիտեին, որ Սաշան շատ է սիրում կենդանիներին, ակվարիում նվիրեցին ձկնիկներով։ Հայրն ասում է՝ Սաշենկան կենդանիներին սիրում էր մայրական սիրով։

Նրա նկարներում անսպասելի սկսեց գերակշռել հնդկական թեման։ Նորից իր արքայազնին էր հանդիպել՝ հնդիկ դերասան Միթհուն Չաքրաբորտիին։ Նկարում էր իր արքայազնին,  Ինդիրա Գանդիին, սիրահարների, հնդկական աստվածների եւ մի վեցձեռանի աստվածուհու՝ իր դեմքով։ Հայրը պատմում է, որ հաճախ էր հարցնում՝ ու՞ր են կորել իմ մնացած չորս ձեռքերը։ Հնդիկ դերասանը նրա վերջին արքայազնն էր, շրջանակի մեջ դրված նրա լուսանկարը կրծքին սեղմած էր նստում։

Նրան հողին են հանձնում իր վերջին արքայազնի լուսանկարի հետ։

Մահից քիչ առաջ Սաշան ասել է ծնողներին. «Եթե վիճակս նորից վատանա, պետք չէ բուժել ինձ։ Միայն թե մի նեղացեք ու մի արտասվեք... հոգնել եմ արդեն։ Ես գիտեմ՝ մահը սարսափելի չէ»։