03.12.2015 13:06

Այսօր ծնվել է Մովսես Գորգիսյանը. «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա»

Այսօր ծնվել է Մովսես Գորգիսյանը. «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա»

Կրակոտ, վարակիչ հռետոր էր ու հմայիչ մարդ։ 88-ի ազատագրական պայքարի մասնակիցները լավ կհիշեն։ Կհիշեն նաեւ, որ Եռագույն դրոշն առաջին անգամ վեր պարզեց Մովսեսը։

Նրա մտերիմները գուցե այլեւայլ հուզիչ պատմություններ էլ հիշեն ու պատմեն Մովսեսի մասին, իսկ այս կցկտուր խոսքը համարեք մի մարդու խոսք, որը Գորգիսյանին մոտիկից չգիտեր, գուցեեւ գաղափարական վեճ ուներ նրա հետ, բայց մի բան լավ է հիշում։ Այն հատուկենտ մարդկանցից էր, որ Հայոց համազգային շարժման ղեկավարների համախոհը չէր, ինքն այլ կերպ էր տեսնում պայքարի ուղին, բայց երբ «Ղարաբաղ» կոմիտեին ձերբակալեցին եւ փոխադրեցին մոսկովյան բանտեր, Մովսեսն իր բոլոր տարաձայնություններն ամուր փակեց դարակում եւ սկսեց պայքարել տղաների ազատության համար, նաեւ գրքույկ հրատարակեց՝ ողջը նվիրված ազատազրկված կոմիտեականներին։

Կոմիտեի տղաների հետ տարաձայնություն ունեցող այլոց «տարօրինակ» գործունեությանը ծանոթ մարդիկ կհասկանան, թե նման կեցվածքն ինչ արժեք ուներ հուդայիկների ակտիվացման այդ ծանրագույն օրերին։

Մովսես Գորգիսյանը (1961-1990) ծնվել է Երեւանում։ Մասնագիտությամբ ռեժիսոր էր։ «Հրապարակայնություն» եւ «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր խմբագիրն էր։ Իր ուսուցիչն էր համարում այլախոհ, ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ Հակոբջան Թադեւոսյանին։ 

Այսօր ո՛ր քաղաքական ուժին կհարեր Մովսեսը, նոր կուսակցություն կստեղծեր, թե քաղաքականությունից երես կթեքեր ու ներկայացումներ կբեմադրեր երեւանյան որեւէ թատրոնում, Աստված գիտե։ Ոչ ոք չի կարող ասել՝ ինչ կաներ Մովսեսը, որովհետեւ 1990-ի մի օր լուր հասավ Երեւան, որ Երասխավանում լարված վիճակ է, բազմաթիվ տղաներ մեկնեցին մեր երկրի սահմանը թշնամուց պաշտպանելու, Մովսեսն էլ գնաց, եւ իր փոխարեն բոթը տեղ հասավ՝ Մովսեսը զոհվել է։

Նրա կենսագրությունը «կերտողները» հաճախ են օգտագործում «դավադիր գնդակ» արտահայտությունը։ Ինչու՞։ Ավելի պատվաբեր են համարում, որ Մովսես Գորգիսյանն իր հայրենակցի ձեռքո՞վ սպանված լինի։ Տեսե՞լ են «դավադիր գնդակ» արձակողին։ Եթե՝ այո, ինչու՞ են մինչեւ հիմա դավադրաբար լռում։ Պատահաբա՞ր է սա արվում, թե՞ կանխամտածված, որպեսզի մոռացության մատնվի Հայոց համազգային շարժման անդամ Երվանդ Սաղումյանի անունը, որը վիրավոր Մովսեսին հրետակոծության վայրից հանելիս՝ ինքն էլ զոհվեց։

Ո՞վ գիտե...

Մի բան անկասկած է. Մովսես Գորգիսյանը եթե ողջ մնար, կպայքարեր պատմությունը խեղաթյուրող ու վերաձեւող մարդկանց դեմ։ Ինչպես պայքարում էր իր գաղափարական հակառակորդ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատության համար։

1996 թվականին Մովսես Գորգիսյանին հետմահու Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչում շնորհվեց ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով։

Նրա մարմինը հանգչում է Ծիծեռնակաբերդում։