03.12.2015 15:29

Խմբագրական. Ինքնաասուլիսով ցրում ես գաղջը, որ ի՞նչ անես

Խմբագրական. Ինքնաասուլիսով ցրում ես գաղջը, որ ի՞նչ անես

Մի մեծ գերմանացի շատ լավ խոսք ունի,

ասում է՝ հիմարությունը աստվածային շնորհ է,

բայց չարժե այդ աստվածային շնորհը չարաշահել:

Սերժ Սարգսյան

 

 

 

Երեկո էր, Արարատյան դաշտի գաղջ երեկոներից մեկը: Օդում տիրում էր «հանրապետական» գաղջը, եւ ոչ մի ուրախանալու առիթ չկար. մեկ էլ ու հանկարծ, թե բա՝ «նախագեն ասուլիս ա տալիս»: Հետո պարզվեց՝      խոսքը Սերժ Սարգսյանի մասին է, ասուլիսն էլ` ոչ թե ասուլիս է, այլ` ինքնաասուլիս:

Դե, էն՝ որ կանչում է մի քանի «պատասխանատու» լրագրողների (ու ինչ-որ պատահականությամբ՝ նրանք միշտ հեռուստաընկերություններից են լինում), որոնք պատասխանատու հարցեր են տալիս (միայն պատասխանատու ու «պետականամետ»), ինքն էլ պատասխանում է: Հետո էդ ամենը նկարահանվում է նախագահականի տեսախցիկներով, հետո հարցեր տվողները գնում են տուն, հետո նախագահականի մոնտաժնիկը ամբողջ գիշերը աչք չի փակում, մոնտաժում է այդ ասուլիսը (մաքրում է` ինչպես կարող է եւ որքան հնարավոր է), հետո տարածում են ասուլիսի սղագրությունը (նորմալ հայերենով), հետո հարցեր տվողները գնում են աշխատանքի եւ սպասում, թե նախագահականից երբ կգա մոնտաժված տեսանյութը, որ իրենց ալիքներով պտտեցնեն, ու մինչ սպասում են` երկնքից երեք խնձոր է ընկնում:

 

Ինչպես սովորաբար, այս անգամ էլ է Սերժ Սարգսյանը «բոցել»: Ընդ որում, կարեւոր չէ, թե ինչ թեմայից է խոսում: Հիմնական հարցերի պատասխանները կամ ցրել է, այն էլ` անմեղ հարցերի պատասխանները, որոնց մասին ինքը նախապես տեղյակ է եղել, օրինակ` ի վերջո, դու որտե՞ղ ես տեսնում քեզ, եթե էս փոփոխություններն անցկացնեք, հատկապես որ՝ նախկինում ասում էիր` ոչ նախագահ ես դառնալու, ոչ վարչապետ, ոչ էլ` ԱԺ նախագահ (էս վերջինն ինքն անձամբ չէր հայտարարել): Ասաց` այդ մասին 17 թվականին կխոսանք: Ու բնականաբար, ոչ մեկը չհարցրեց՝ ո՞նց թե 17 թվականին: Նույն կերպ՝ ոչ մեկը «չմանրացավ» նրա ասածների շուրջ` ոչ սահմանադրության փոփոխությունների անցկացման վերաբերյալ ասված տաֆտալոգիայի ժամանակ, ոչ ԼՂ հիմնախնդրի մասին խոսելիս, ոչ մարդու իրավունքների, ոչ ժողովրդավարության, ոչ ազատ ընտրությունների, խոսքի ազատության, ոչ տնտեսական հարցերի մասին խոսելիս:

Մի խոսքով, այնքան նյութ տվեց` մեկը մյուսից «լավը», որ դժվար էր ընտրել՝ որին անդրադառնալ առաջնահերթ: Բայց քանի որ ամեն ինչ ասվեց ինքնաասուլիսի ժամանակ, ապա հենց այդ թեմայի վերաբերյալ նրա ասածներից խոսենք:

Այսպես, Սարգսյանն այսպիսի մի միտք ասաց. «Այսօր Հանրապետության նախագահը ուղիղ քաղաքական պատասխանատվություն չի կրում, որեւէ մեխանիզմ չկա ուղիղ քաղաքական պատասխանատվություն կրելու: Ընտրություններում հաղթեց՝ Նախագահը ո՛չ պարտավոր է գնալ խորհրդարան, ո՛չ պարտավոր է շփվել լրագրողների հետ, ո՛չ պարտավոր է հանրային բացատրություններ տալ և այլն: Եվ նրա պատասխանատվությունն ավելի շատ բարոյական է»: 

2008 թվականից այս կողմ Սերժ Սարգսյանը ԵՐԲԵՔ որեւէ իրական ասուլիս, ճեպազրույց չի տվել: Սա փաստ է: Չի եղել այնպիսի դեպք, որ բոլոր ցանկացող լրագրողները հնարավորություն ունենան հավատարմագրվելու եւ իրենց հարցերն ուղղեն նրան: Նույնկերպ, անցանկալի լրագրողները որեւէ վայրում նրան պատահական «բռնացնելու» հնարավորություն գրեթե չեն ունեցել: Մի երկու անգամ հաջողվել է, եւ արդյունքում իմացել ենք, որ «ինչքան ուզի, էնքան կխփի»:

Ազգային ժողով գնացել է միայն ՄԵԿ անգամ` 2008 թվականին, որտեղ հանդես է եկել ԱԺ-ին եւ ժողովրդին ուղղված ուղերձով: Վերջ: 2008 թվականից այս կողմ Սերժ Սարգսյանը ընդամենը մի քանի անգամ է շփվել լրագրողների հետ, այն էլ` նախապես ընտրված ցանկով, հաստատված հարցերով, եւ կարեւորը` ինքը նկարել է այդ «հարցուպատասխանը», ինքն էլ` տարածել: Բայց դա ասուլիս անվանելն էլ մեղք է: Որովհետեւ նույն հաջողությամբ, հարցեր տվողների փոխարեն՝ կարող էին նստած լինել Շմայսը կամ Նեմեցը, կամ էլ` սեղաններին կարող էր դրված լինել մի քանի ձայնագրիչ սարք՝ նախապես ձայնագրված հարցերով, ու դրանից «ասուլիսի» էությունը չէր փոխվի:

Ու հիմա, պարզվում է, ըստ Սերժ Սարգսյանի, ինքն էսքան տարի լրագորղների հետ չի շփվել, որովհետեւ Սահմանադրությունն իրեն տվել է այդ հնարավորությունը (էլի՛ սաղ էդ Սահմանադրությունն է մեղավոր), ա՛յ, եթե Սահմանադրության մեջ գրված լիներ, որ ինքը պարտավոր է 10 օրը մեկ շփվել լրագրողների հետ, կտեսնեիք՝ ո՜նց էր շփվելու, իրեն հարցեր չտային, ի՛նքն էր գնալու լրագրողների մոտ, կգնար նույնիսկ ամենաընդդիմադիր ԶԼՄ-ների խմբագրություններն ու կասեր` հրե՛ս, եկել եմ, դե՛ տվեք ձեր հարցերը: Իսկ այսպես՝ չկա պահանջ, չկա շփում:

Բայց ամենաուշագրավն այն է, որ Սարգսյանը ենթագիտակցաբար մի «կիքս» էլ է բաց թողնում այս նախադասության մեջ: Ասում է՝ այս դեպքում նրա, այսինքն՝ իր, լրագրողների հետ շփվելու պատասխանատվությունն ավելի շատ բարոյական է: Այսինքն, իր բարոյականությունից է կախված՝ կշփվի՞ լրագրողների հետ, թե՝ ոչ:

Ավելացնելու բան կա՞: Ամեն ինչ պարզ է, չէ՞: Ինչպես ասում են` դու՛ ասացիր: