04.12.2015 16:14

Խմբագրական. Սերժ Սարգսյանի ասուլիսը՝ հակասությունների շտեմարան

Խմբագրական. Սերժ Սարգսյանի ասուլիսը՝ հակասությունների շտեմարան

Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 3-ի ասուլիսի վերլուծությունը մեկ նյութի մեջ տեղ չի անի. անհրաժեշտ է քննել, նախ, դրա հիմնական ասելիքի տրամաբանությունը, ապա վերհանել քաղաքական ուղերձները, եւ վերջապես՝ ի հայտ բերել հոգեբանական, տեքստաբանական եւ աշխարհայացքային առանձնահատկությունները (տեքստաբանական առումով, օրինակ, կարող է պարզվել, որ Սարգսյանի խոսքը «կարված է» բավականին խայտաբղետ, հաճախ անսպասելի նյութից՝ ընդդիմադիր խոսքի փոխառություններից, անուղղակի պատասխաններից, ակամա ինքնախոստովանություններից եւ այլն): Տվյալ դեպքում, նախ, կկենտրոնանանք առաջին կետի վրա՝ նախնական քննադատության ենթարկելով ՀՀԿ առաջնորդի հիմնական ասելիքը: Ի դեպ, իր խոսքի մեջ մի առիթով նա ասում է, թե «քննադատելը հեշտ է»՝ վերարտադրելով հայտնի «բաբոյական» կաղապարը, յանի՝ «քննադատելու փոխարեն գործ արեք», թե չէ «քննադատել կարող է ամեն մեկը»: Գործ անելն, իհարկե, լավ բան է, բայց նախ՝ քննադատելն ու գործ անելն իրար հակադրված չեն, եւ երկրորդ ու ավելի կարեւորը՝ պետք է տեղյակ պահենք ՀՀԿ առաջնորդին կամ իր ելույթները կազմողներին, որ քննադատությունը մշակութային լուրջ երեւույթ է՝ արեւմտյան քաղաքակրթության վերջին դարերի կարեւորագույն գործիք, որն առանցքային դեր է կատարել գիտական եւ հասարակական առաջընթացի մեջ: Բավական է հիշել պատմագիտությունը, որտեղ քննադատական մեթոդը հեղափոխական դեր կատարեց (ցայսօր ունենք Գարագաշյանի, Մանանդյանի եւ այլոց «Քննական պատմություն հայոց»-ները), գրաքննադատությունը, Մարքսի «քաղտնտեսության քննադատությունը» եւ բազմաթիվ այլ օրինակներ տարբեր ոլորտներից, որոնք հիշեցնում են, թե հենց քննադատության շնորհիվ է մարդկությունը զարգացել վերջին դարերում, եւ որ քննադատությունը ոչ թե հեշտ, այլ առավել բարդ ու պատասխանատու գործ է (իհարկե՝ քննադատությունը, ոչ թե հայհոյանքը կամ փնթփնթոցը):

Հիմնավորում հետին թվով

Մի քանի խոսք Սարգսյանի ասուլիսի ձեւական կողմերի մասին: Չէ, չեմ խոսելու դրա փակ բնույթի, միակերպ ներկայացման եւ սովետական վատագույն այլ ավանդույթների մասին: Դրա մասին շատ է խոսվել, եւ այդ խնդիրներն ինքնին պարզ են, թեեւ այդքանով հանդերձ՝ փաստը չի դադարում մնալ շշմեցուցիչ. միայն այդ գրեթե գաղտնի ձեւաչափը բավական է մերկացնելու համար ասուլիսում հնչեցված բոլոր խոսքերը ժողովրդավարության, ազատ խոսքի եւ այլնի մասին՝ որպես բացարձակ կեղծիք: Բայց ես այլ բանից եմ ուզում խոսել:

Նախ, պետք է ուշադրություն դարձնել սահմանադրական փոփոխությունների մասին Սերժ Սարգսյանի, ըստ էության, առաջին անգամ հնչած ծավալուն խոսքի համար ընտրված ժամանակի վրա: ՀՀԿ առաջնորդը, որը ասուլիսում ներկա Հ1-ի լրագրողի կողմից բնորոշվում է որպես սահմանադրական փոփոխությունների նախաձեռնող, այդ փոփոխությունները հիմնավորող ծրագրային խոսքով հանդես է գալիս այն ժամանակ, երբ մի տարուց ավելի տեւած հանրային բանավեճը գրեթե ավարտվել է, եւ հանրաքվեին մնացել են հաշված օրեր: Սա ինքնին անհեթեթության գագաթնակետ է: Շեշտենք՝ Սարգսյանի ասուլիսը նվիրված էր ոչ թե բանավեճի ամփոփմանը, ինչը կարող էր տրամաբանական լինել տվյալ պահին, այլ հենց բուն գործընթացի անհրաժեշտության հիմնավորմանը: Ցայսօր ՀՀԿ առաջնորդը երբեւէ ծավալուն, ծրագրային խոսք չի ասել այս թեմայով. եղել են առանձին կցկտուր եւ խնդրի հիմնավորմանը չառնչվող խոսքեր: Ավելին՝ ցայսօր նա նույնիսկ հստակ կողմ չի արտահայտվել գործընթացին, եւ հակառակը՝ 2014-ի ապրիլին ասել է, որ ինքն անձամբ չի ցանկանում, որ երկիրն անցնի խորհրդարանական համակարգին: Այդ խոսքերը ցայսօր հստակ չեն հերքվել, չնայած բոլորս էլ հասկանում էինք, որ դրանք կեղծիք են: Հիմա կեղծիքը բացահայտվեց պաշտոնապես, բայց ի՞նչ է ստացվում:

Սահմանադրության փոփոխության նախաձեռնողը ոչ թե գործընթացի ավարտին, այլ հենց սկզբում պետք է հանդես գար ծրագրային խոսքով, որում պետք է հիմնավորեր փոփոխությունների անհրաժեշտությունը: Սա տարրական տրամաբանություն է. որտե՞ղ եք տեսել, որ որեւէ գործի նախաձեռնողը հիմնավորի դա ոչ թե գործը սկսելուց առաջ, այլ՝ ամենավերջում: Եթե սա անհեթեթություն չէ, հապա ի՞նչ է: Սերժ Սարգսյանը նոր բանավեճի դուռ է բացում, բայց, փաստորեն, բանավեճն արդեն ավարտված է՝ նա մարդկանց զրկում է մանրամասն հակափաստարկելու հնարավորությունից, որովհետեւ ի՞նչ իմաստ կունենան այդ հակափաստարկները, երբ մոտակա կիրակի երեկոյան պարզ կդառնա գործընթացի նախնական արդյունքը: Սա այլ բան չէ, քան կատարվածի հիմնավորում՝ հետին թվով:

Ճիշտ հարցեր եւ սխալ պատասխաններ

Անցնենք այժմ բուն բովանդակությանը՝ առանձնացնելով դրա միայն հիմնական ասելիքը: Պետք է ասել, որ եթե հաշվի առնենք հնչեցված հարցերը, ապա խնդրին այս անգամ ճիշտ մոտեցում էր ցուցաբերված: Ի տարբերություն իշխանական ճամբարից ցայսօր հնչած ելույթների, որոնք խոսում էին ամեն ինչից, բացի ճիշտ հարցերին պատասխանելու փորձից, ասուլիսի համար նախապատրաստված հարցերի համակարգն ընտրված էր բավական գրագետ: Իրոք, սահմանադրական փոփոխությունները հիմնավորող որեւէ տեսակետ, նախեւառաջ, թեկուզ ձեւականորեն պետք է պատասխանի հետեւյալ հարցերին՝ 1. Ինչո՛ւ այսօրվա սահմանադրության մեջ այնպիսի լուրջ մարտահրավերներ կան, որ առանց սահմանադրության փոփոխության երկրի հետագա զարգացումը հարցականի կամ վտանգի տակ է, 2. Ինչո՛ւ է փոփոխությունն անհրաժեշտ իրականացնել հենց այս պահին, այլ ոչ թե երեկ կամ վաղը, 3. Ինչու՛ է ընտրված անցումն այս կամ այն նոր համակարգի, եւ ինչպե՛ս է այդ նոր համակարգը լուծում առկա հիմնարար մարտահրավերները: Այս հարցերի մեծ մասն այս կամ այն կերպ հնչեցին, եւ պետք է արժանին մատուցել հարցեր կազմողներին (ենթադրաբար՝ նախագահականի աշխատողներին), որոնք այս կետում լավ էին սերտել ընդդիմադիր մամուլի տված դասերը: Բայց պատասխաննե՜րը... Դուք, իհարկե, կարող եք համարել, թե քանի որ ես ընդդիմադիր եմ, եւ մեզանում տարածված «բաբոյա-մոքիրական» աշխարհայացքի համաձայն՝ «ատում եմ» Սերժ Սարգսյանին (թե ինչպես կարելի է ատել կամ սիրել մեկին, ում անձամբ չես ճանաչում, չգիտեմ) եւ չարությամբ եմ լցված, ապա միայն վատն եմ տեսնում ու միայն քննադատում եմ: Բայց ինչ ուզում եք մտածեք, ես հերթական անգամ անկեղծորեն զարմացած եւ հիասթափված եմ: Այսքան փնթի գործ մեր իշխանական տեխնոլոգները վաղուց չէին արել: Իհարկե, հասկանում եմ, որ խնդիրը՝ կեղծ հիմնավորումներ գտնել մի արհեստական գործընթացի համար, բարդ էր, բայց նույնիսկ այդ պարագայում կարելի էր խուսափել այդ քանակի հակասություններից, անհարթություններից եւ մերկապարանոց, դատարկ պնդումներից, էլ չեմ ասում արդեն երկու անգամ հիշատակված «բաբոյական»-ի դրսեւորումներից («եթե իշխանության դեմ ես, ապա երկրի թշնամի ես դառնում», «քննադատելը հեշտ է», «»Ոչ» ասողները մացառուտներ են փախչելու հենց երկրին վտանգ սպառնա» եւ այլն՝ պարզապես ամոթ է երկրի փաստացի առաջին դեմքի խոսքում նման ջադուական հատվածների սողոսկումը):

Սերժ Սարգսյանի տասնամյա լռությունը

Ո՞րն էր Սերժ Սարգսյանի այդքան երկար սպասված հիմնական ասելիքն՝ ի հիմնավորումն սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության: Ասում է, թե ներկայիս կիսանախագահական համակարգի մեջ, ի տարբերություն մաքուր նախագահականի եւ խորհրդարանականի, կա երկրի անվտանգության համար մեծ սպառնալիք՝ կապված նախագահի եւ վարչապետի գործառույթների «կիսովի» պատասխանատվության հետ: ՀՀԿ առաջնորդը հատուկ մի քանի անգամ շեշտում է, որ այդ վտանգը կա հենց կիսանախագահականում, եւ չկա ոչ միայն խորհրդարանականում, այլեւ մաքուր նախագահականում: Թե ի՛նչ վտանգի մասին է խոսքը՝ չեմ մանրամասնում. կարող եք ինքնուրույն ծանոթանալ ասուլիսի սղագրությունից: Բնականաբար, չեմ պատրաստվում անդրադառնալ նաեւ այդ իրական կամ կեղծ (ըստ ճաշակի) վտանգի բովանդակային վերլուծությանը, քանի որ դա ավելի շատ մասնագետ-իրավաբանների գործն է: Մեր գործն է հասկանալ այս հարցադրման հետ կապված տրամաբանական հակասությունները:

1. Եթե, ըստ բանախոսի, խնդրո առարկա վտանգն առկա է կիսանախագահական համակարգում, բայց բացակայում է թե՛ խորհրդարանականում, թե՛ նախագահականում, ապա բնական հարց է ծագում՝ ինչո՞ւ է որպես ելք առաջարկվում անցումը հենց դեպի խորհրդարանական, այլ ոչ թե՝ զուտ նախագահական համակարգ: Սերժ Սարգսյանը ոչինչ չի ասում դրա մասին: Ստացվում է, որ կա երկու ելք, բայց ընտրում ենք դրանցից մեկը, իսկ թե ինչու՝ պարզ չէ: Ուշադրություն. ես չեմ ասում, թե ճիշտը ելքերից մեկն է կամ մյուսը: Ես պահանջում եմ հիմնավորում, թե ինչու երկու ելքերից պետք է ընտրել մեկը, այլ ոչ թե՝ մյուսը: Սա քմահաճույք չէ, այլ բացարձակ համակարգային եւ տրամաբանական անհրաժեշտություն. եթե ասում ենք, որ կա երկու ելք, եւ չենք հիմնավորում դրանցից մեկի ընտրությունը, ուրեմն՝ հիմնավորումը թերի է եւ կեղծ: Փաստորեն, Սերժի ասածը հետեւյալն է՝ կա երեք ճանապարհ, որոնցից միջինը վտանգավոր է, իսկ ձախն ու աջը՝ ո՛չ: Մենք ընտրում ենք ձախը, իսկ ինչու ո՛չ աջը՝ դրա մասին ոչ մի խոսք:

2. Կիսանախագահական համակարգը Հայաստանում գոյություն ունի արդեն 20 տարի՝ 1995-ից, եւ կարեւոր փոփոխությունների ենթարկված՝ 2005-ից: Դժվար է ասել՝ Սերժ Սարգսյանը խնդիր ունի կիսանախագահական համակարգի հետ ընդհանրապե՞ս, թե միայն այն տարբերակի հետ, որն ընդունվեց 2005-ին՝ վարչապետի լիազորությունների լայնացմամբ: Նրա խոսքից, կարծես, ավելի հավանական է թվում երկրորդ տարբերակը, բայց ամեն դեպքում փաստ է, որ այդ քսան տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը պատահական մարդ չի եղել պետական համակարգում՝ պաշտպանության նախարար, վարչապետ, նախագահ, նաեւ իշխող կուսակցության նախագահ, եւ զարմանալիորեն այսքան տարի լռել է այդ վտանգի մասին, բայց հիշել է միայն այն պահին, երբ լրանում է նրա երկրորդ՝ վերջին նախագահական ժամկետը: Հռետորական հարց՝ արդյո՞ք հասարակությունն իրավունք ունի կասկածելու այս դեպքում, որ իրական խնդիրը ոչ թե սահմանադրության մեջ առկա վտանգն է, այլ Սերժ Սարգսյանի անձնական հարցերը: Այո, «ինչո՞ւ հիմա» հարցն ունի առաջնային կարեւորություն՝ ի հեճուկս ասուլիսում հնչած այդ հարցին (հենց առաջին հարցն էր) տրված պատասխանի, որն այլ կերպ, քան հարցի անտաղանդ ցրում՝ չեմ կարող անվանել:

Սերժ Սարգսյանն ասում է, թե այս տարիների ընթացքում լուրջ փոփոխություններ են եղել աշխարհում ու Հայաստանում, եւ դրա պատճառով անցյալում տեսական սահմանադրական վտանգն արդիականացել է: Բայց սա էլ պետք է կոչել՝ հարցի ցրում: Վերացական, մերկապարանոց կերպով ձեւակերպել, թե՝ բա գիտե՞ք, աշխարհն ու Հայաստանը փոխվել են, եւ դրա պատճառով պետք է փոխել կառավարման համակարգը, դեռ չի նշանակում փաստարկել: Փաստարկելու համար պետք են ոչ թե ընդհանուր ձեւակերպումներ, այլ կոնկրետ սահմանումներ եւ կապեր՝ ի՛նչ է հատկապես փոխվել աշխարհում եւ Հայաստանում, ի՛նչ կապ ունի դա սահմանադրության հետ, եւ ինչպե՛ս է նոր սահմանադրությունը լուծելու այդ խնդիրները: Իսկ ասել, թե աշխարհը փոխվում է՝ կարող է ցանկացած «երեք»-ներով սովորող դպրոցական, որովհետեւ աշխարհը միշտ էլ փոխվում է, որից ինքնաբերաբար չի բխում, թե պետք է անընդհատ փոխել նաեւ սահմանադրությունը:

Քմահաճ հարսի գինովցած պարերը

3. Ավելին՝ հարց է ծագում, թե խոսքն ի՛նչ ժամկետի մասին է, կոնկրետ ո՛ր ժամանակից պետք է հաշվենք աշխարհի եւ երկրի այն փոփոխությունը, որից բխում է սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը, եւ երբվանի՞ց է ինքը՝ Սերժ Սարգսյանը, գիտակցել կապը երկու փոփոխությունների միջեւ: Պարզվում է, որ այս հարցին կարող ենք տալ բավական ստույգ պատասխան: Անցած տարի՝ 2014-ի ապրիլի 10-ին ոչ այլ ոք, քան Սերժ Սարգսյանը՝ ասել է հետեւյալը. «Ինչ վերաբերում է պետության կառավարման ձեւին, ապա այս հարցում իմ մոտեցումը հայտնի է, եւ ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է: Համենայն դեպս ես այդպես եմ կարծում»: Այսինքն, 2014-ի ապրիլի դրությամբ՝ Սերժ Սարգսյանը դեռ գործող՝ կիսանախագահական կառավարման համակարգի կողմնակից էր, եւ նույն օրը խորհդարանական համակարգն անվանել է «ոչ իմ ցանկություններին համապատասխանող ուղի»: Սրանից հետեւում է, որ ա. քսան տարի Սերժ Սարգսյանը ոչ միայն լռել է, այլեւ առնվազն մինչեւ անցած տարվա գարնան կեսը չի գիտակցել այն վտանգը, որն առկա է գործող համակարգում, բ. նա դեռ մեկ տարի առաջ եղել է կիսանախագահական համակարգի կողմնակից եւ խորհրդարանականի հակառակորդ: Ուրեմն ի՞նչ է փոխվել այս մեկ տարում: Կարո՞ղ ենք ենթադրել, որ աշխարհն ու երկիրը հենց այս մեկ տարվա ընթացքում են այնպես փոխվել, որ Սերժ Սարգսյանին ստիպել են փոխել իր վերաբերմունքը: Սրա մասին ասուլիսում ոչ մի խոսք:

Եվ կրկին այս առումով համակարգային, տրամաբանական խախտում կա: Մարդն, իհարկե, իրավունք ունի փոխելու իր կարծիքը մեկ տարվա կամ թեկուզ մեկ ամսվա մեջ: Բայց եթե հրապարակային գործիչ է, ապա պարտավոր է հրապարակայնորեն իսկ բացատրել այս՝ եթե մոդայիկ ֆիրմա ձեւակերպմամբ ասենք՝ «դրամատիկ» փոփոխության պատճառները՝ հստակ եւ մատչելի ձեւով: Եթե դա չի արվում, ուրեմն, նախ՝ խոսքը փաստարկված, հիմնավորված համարել չի կարելի, երկրորդ՝ մենք իրավունք ունենք ենթադրելու ի՛նչ ուզենք: Օրինակ, որ ՀՀԿ առաջնորդն ունի իր դիրքին եւ տարիքին ոչ վայել փոփոխական՝ քմահաճ հարսնացուի բնավորություն, եւ եթե նա մեկ տարվա մեջ կարող է նույն սկզբունքային հարցի շուրջ իրար հակադիր կարծիքներ հայտնել, ապա ոչ մի երաշխիք չկա, որ դա չի արվում, օրինակ, առաջին ձյան ազդեցության տակ, եւ երբ ձյունը հալվի, Սարգսյանը նորից դառնա կիսանախագահականի կամ, ով իմանա՝ է՛լ ինչ կառավարման համակարգի կողմնակից: Համաձայնենք, որ երկրի ղեկավարմանը հավակնող անձի համար սա չափից ավելի վտանգավոր բնավորություն է:

4. Բայց սա էլ դեռ ամենը չէ: Հ1-ի Գեւորգ Ալթունյանի հարցից պարզում ենք, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողը երկրի ղեկավարն է՝ նույն ինքը Սերժ Սարգսյանը: Վերջինս չի հերքում լրագրողի հարցում հնչած այդ պնդումը, եւ քանի որ խոսքը «գերկազմակերպված» ասուլիսի եւ «գերպատասխանատու» լրագրողի մասին է, ապա, պետք է ընդունենք, որ սա պաշտոնական տեսակետ է գործընթացը նախաձեռնող անձի մասին: Իհարկե, նոր չենք իմանում, թե ո՛վ է իրական նախաձեռնողը, բայց ցայսօր պաշտոնապես դրա մասին ոչ միայն չէր ասվում, այլեւ, ինչպես տեսանք, ինքը՝ նախաձեռնողը, պնդում էր, որ ինքը գործող համակարգի կողմնակից է, իսկ փոփոխությունները նրա ցանկացած ուղին չեն: Նա ասում էր դա ա՛յն ժամանակ, երբ գործընթացն արդեն վաղուց սկսվել էր, եւ ներկայացվել էին դրա առաջին արդյունքները: Ի՞նչ է ստացվում: Սերժ Սարգսյանը նախաձեռնել է մի գործընթաց, որին ինքն էլ դեմ էր, իսկ հետո ինչ-որ անհայտ պահից, որի ո՛չ ժամկետը, ո՛չ էլ դրդապատճառները մեզ չեն ասվում, նա փոխվել է եւ դարձել իր իսկ նախաձեռնության կողմնակից: Հասկանո՞ւմ եք՝ ի՛նչ են հրամցնում մեզ: Սա արդեն ոչ թե անտրամաբանություն է, այլ կրկեսի արժանի զավեշտ: ա. Մարդը նախաձեռնում է մի բան, որին ինքը դեմ է, բ. Հընթացս անհայտ պայմաններում եւ անհայտ պատճառներով կողմ է դառնում նրան՝ ինչին դեմ էր, բայց դեմ լինելով՝ ինքն էլ նախաձեռնել էր: Փրկե՛ք մեզ: Եթե այսքանից հետո քմահաճ հարսի հետ համեմատությունը դեռ շատ չոր ու կոպիտ եք համարում, ապա ասեմ, որ սա մեղմասացություն է մի ավելի կոպիտ համեմատության:

5. Մի հետաքրքրիր նրբերանգ էլ: Խոսելով նախկին սահմանադրությունների մասին, ՀՀԿ առաջնորդն ասում է, թե բա. «Եթե հիշում եք, 1995 թվականին էլ կային քննադատություններ մեր առաջին Սահմանադրության վերաբերյալ: 2003 թվականին ընդհանրապես փոփոխությունները չանցան: 2005 թվականին էլ էին քննադատությունները շատ: Այսինքն` քննադատելը հեշտ է մի փաստաթղթի, որում շատ ջանք է ներդրված»: Սերժ Սարգսյանը կարծես չի նկատում, որ այստեղ էլ հակասում է ինքն իրեն: Նախ՝ 2005-ին հենց այն սահմանադրությունն էր, որով անցում կատարվեց կիսանախագահական համակարգի այն տարբերակին, որն, ինչպես պարզաբանեց մեզ հենց ինքը՝ Սարգսյանը, այդքան մեծ սպառնալիքներ ունի մեր անվտանգությանը: Սերժ Սարգսյանը հիմա հենց այդ սահմանադրության քննադատությամբ է զբաղված: Բա էլ ի՞նչ է ուզում ժամանակին դա քննադատողներից, եթե նույն բանն է անում, ինչ իրենք՝ մազալո՜ւ մարդ: Նույնը 1995-ի մասին: 1995-ին հիմնական բանավեճը, որքան հիշում եմ, հենց կիսանախագահական ու խորհրդարանական համակարգերի մասին էր. այն ժամանակվա քննադատները, որոնց թվում՝ այսօր «վճռական Այո՛» ասող դաշնակցականները, հիմնավորում էին խորհրդարանական համակարգի առավելությունները, այսինքն՝ այս դեպքում էլ անում էին ա՛յն, ինչ այսօր անում է Սերժ Սարգսյանը: Բա հիմա ի՞նչ է ուզում այդ մարդկանցից, ինչո՞ւ է այդքան արհամարհական խոսում նրանց քննադատության մասին՝ զարմանալի՜ անձնավորություն:

Չասեք, թե ձեռ եմ առնում

Այսքանը միայն ասուլիսի հիմնական ասելիքի քննադատության մասով, իսկ թե որքան այլ գանձեր են սփռված ՀՀԿ առաջնորդի խոսքում՝ վկա հայ ժողովուրդն ու նրա անսպառ համբերությունը: Մենք այսքանով առայժմ սահմանափակվենք: Հիշեցնեմ հիմնական դրույթները, որոնք պարզեցինք այս գողտրիկ աշխատանքի արդյունքում՝ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողն է, բայց, չնայած դրան՝ որոշել է խոսել այդ մասին այն ժամանակ, երբ գործընթացի ավարտին մնացել է մի քանի օր, ավելին՝ չնայած նա նախաձեռնողն է, բայց նախաձեռնելուց դեմ է եղել իր նախաձեռնության հիմնական մտքին՝ խորհրդարանական կառավարմանը: Մի տարվա մեջ, սակայն, աշխարհն ու երկիրն այնքան են փոխվել (Րաֆֆու իշխանության գալու հնարավորությունները շատ են մեծացել), որ Սերժ Սարգսյանը մեզ անհայտ մնացած հանգամանքներում արմատապես մտափոխվել է եւ դարձել ինքն իր նախաձեռնության կողմնակից (ո՞վ կարող էր պատկերացնել, որ մարդը կդառնա իր նախաձեռնության կողմնակից՝ երիցս զարմանահրաշ եւ հարուստ ներաշխարհի տեր անհատականությո՜ւն), բայց, չնայած դրան՝ նա անարժեք է համարում նրանց քննադատությունը, որոնք որոնք դեռ տարիներ առաջ՝ 2005-ին եւ 1995-ին հասկացել են այն, ինչը նա միայն վերջին մի տարվա մեջ է ընկալել: Չասեք, որ ձեռ եմ առնում կամ ատելությամբ ու չարությամբ եմ լցված: Ես ընդամենը հնարավորինս մեղմ եւ հնարավորինս չեզոք ներկայացնում եմ այն, ինչ լսել եմ սեփական ականջներով 2015-ի դեկտեմբերի 3-ին՝ այս ձմեռվա առաջին ձյան օրը:

Հ.Գ. Չեմ անդրադարձել ասուլիսի քաղաքական ուղերձների վերլուծությանը: Եթե հետագա զարգացումները թույլ տան, կփորձեմ դա անել առանձին, որովհետեւ պարզ է, որ թեման պակաս կարեւոր չէ, քան այն՝ ինչը ներկայացրինք այսօր:

Հրանտ Տեր-Աբրահամյան