10.12.2015 14:35

Խմբագրական. Շնորհավոր Մարդու իրավունքների միջազգային օրը

Խմբագրական. Շնորհավոր Մարդու իրավունքների միջազգային օրը

Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է: Օր, որ նշում են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ` Հայաստանում: Բայց թողնենք աշխարհի բանն ու անցնենք մեր դարդուցավին:

Մեր երկրում էս օրը նշում են ոչ միայն ՀՀ քաղաքացիները, ընդդիմադիրները, քաղաքացիական հասարակությունը, այլեւ` նույնիսկ իշխանությունը, մեկ-մեկ՝ անգամ ճոռոմ ուղերձներով ու ելույթներով: Այսինքն, նշում են ոչ միայն տուժածները, ոչ միայն նրանք, ում իրավունքները պարբերաբար ոտնահարվում են, այլեւ` նրանք, ովքեր հենց ոտնահարողներն են այդ իրավունքները: Ահա այդպիսի քաղաքական ու «ժողովրդավարական» աբսուրդ եւ ցինիզմ: Ընդհանրապես, մարդու իրավունքների առումով այսօր Հայաստանը ցինիզմի գագաթնակետն է ապրում: Չկա մի ոլորտ, մի տեղ, որտեղ քաղաքացու իրավունքը չոտնահարվի. եթե դու իշխանության մասը չես կամ նրա մերձավորը չես, ապա դու ամենօրյա ռեժիմով ականատես ես լինում տարատեսակ իրավունքներիդ ոտնահարմանը, բայց փոխարենը՝ դա չի խանգարում, որ երբ երեկոյան միացնես հեռուստացույցը, տեսնես, թե ինչպես են իշխանությունը, այդ նույն ոլորտի պատասխանատուները խոսում մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից ու հայտարարում, թե այդ առումով որքան չքնաղ է մեզ մոտ ամեն ինչ, կարճ ասած` «վ Բագդադե վսյո սպակոյնո»: Բա ցինիզմն էլ հո պոզով-պոչով չի լինում: Վերջին ամենաթարմ օրինակը: Սերժ Սարգսյանին վիզ պետք է անցկացնել սահմանադրական փոփոխությունները, Հայաստանը դարձնել Ադրբեջան, ու երազում է, որ ինքն էլ Ալիեւ-կրտսերի դերում ղեկավարի Հայաստանը էնքան, ինչքան ուզենա: Ու այդ նպատակով նախաձեռնում է սահմանադրական փոփոխություններ, քվեարկության օրը անել է տալիս բոլոր հնարավոր խախտումները` էլ ահաբեկումներ, էլ կաշառք, էլ բաց քվեարկություն, էլ լցոնում, էլ եսիմինչեր: Բայց հաջորդ օրը հանդես է գալիս ելույթով ու թե բա` ամեն ինչ անցել է խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով, մարդիկ իրենց կամքով գնացել են տեղամասեր, հազարներով «այո» են ասել իրեն ու իր իշխանությանը (դե՝ իրեն, Սաշիկին, Մկանը, Լիսկային, Նեմեցին, մյուս մանր-մունրերին), իրենք էլ՝ որպես օրինապաշտ, լեգիտիմ ու ժողովրդավարական իշխանավորներ, ստիպված են եղել հաշվի նստել ժողովրդի քվեի հետ: Ահա այսպիսի բաներ: Հա, ու մեկ էլ` մարդ չեն կերել տեղամասում: Ու նաեւ դրա համար էլ հաջորդ օրը ԱՄՆ դեսպանատունն իր հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնել այս իշխանություններին: Այսինքն, մարդու իրավունքների ջատագով երկիրը՝ Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ, կանգնել է մեր իրավունքներին ի պաշտպանություն ու շնորհակալություն ասել, որ մեզ չեն կերել, որ ահաբեկել են, կեղծել են մեր քվեն եւ այլն, էդ ամենը հեչ, դրանք կքննվեն, ու «մեղավորները կպատժվեն»: Կարեւորը, որ այս անգամ ողջ-առողջ ենք դուրս եկել տեղամասերից:

Շնորհավոր Մարդու իրավունքների միջազգային օրը: