12.12.2012 21:25

ՄԱԳԱՏԷ-ն հույս ունի, որ Իրանը թույլ կտա այցելել Պարչինի ռազմակայան

ՄԱԳԱՏԷ-ն հույս ունի, որ Իրանը թույլ կտա այցելել Պարչինի ռազմակայան

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալութունը՝ ՄԱԳԱՏԷ-ն, հույս ունի, որ հինգշաբթի օրը նախատեսված բանակցություններում Իրանը գործակալությանը թույլ կտա այցելել Պարչին քաղաքում տեղակայված ռազմակայանը, որտեղ, ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ միջուկային ծրագրի հետ կապված աշխատանքներ են տարվում, РИА Новости-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր փորձագետ Գերման Նակերտցը:

Օգոստոսի վերջին ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները զեկույց հրապարակեցին, որում նշվում էր, թե Պարչինի ռազմակայանում աշխույժ գործունեություն է ընթանում, այդ թվում՝ հողային աշխատանքներ: Հետևաբար, գործակալության պնդմամբ, իրանական միջուկային ծրագրի հերթական գնահատականը տալու համար ՄԱԳԱՏԷ-ն պետք է այդ օբյեկտն անհապաղ այցելելու թույլտվություն ստանա: Զեկույցի հեղինակները ենթադրում էին, որ իրանցի մասնագետները Պարչինում շինություններ են քանդել և հողը տեղափոխում են, որպեսզի թաքցնեն միջուկային փորձարկումների հետքերը: Հետագայում պաշտոնական Թեհրանը  հերքեց այդ հայտարարությունները՝ պնդելով, որ Պարչինի ռազմակայանը զուտ ռազմական օբյեկտ է և որևէ առնչություն չունի միջուկային ծրագրի հետ, ուստի և չի կարող ընդգրկվել ՄԱԳԱՏԷ-ի կողմից տեսչական ստուգման ենթակա օբյեկտների ցանկում: