10.12.2015 20:16

Բազմազան խախտումներ թիվ 2. ԸԸՀ-ում. Նախագահը կեղծում է՝ հօգուտ ՀՀԿ-ի

Բազմազան խախտումներ թիվ 2. ԸԸՀ-ում. Նախագահը կեղծում է՝ հօգուտ ՀՀԿ-ի

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների վերանայման վերաբերյալ դիմումների քննությունը շարունակվում է խախտումների ուղեկցությամբ:  Որոշ դրվագների կրկնությունը հանգեցնում է այն համոզման, որ իշխանությունը համակարգված ձեւով ոչ միայն կեղծել է հանրաքվեի արդյունքները, այլեւ որոշակի մարտավարություն է որդեգրել՝ արդյունքների բողոքարկման ժամանակ իրեն հնարավորինս ապահովարգելու համար: Մասնավորապես, այն ընտրատարածքները, որտեղ ընդդիմությունը վերահաշվարկի դիմումներ է ներկայացրել, հանրապետականները հեղեղել են իրենց դիմումներով:

Այսպես, թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովի (Երեւան, Նոր Նորքի մի մասը) նախագահ Գուրգեն Խաչատրյանի տեղեկացմամբ, հանձնաժողովը ստացել է վերահաշվարկի 14 դիմում, որոնցից չորսը ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսը, 8-ը՝ ՀՀԿ-ի վստահված անձինք, երկուսը՝ ԲՀԿ-ի (ավելի ուշ մեր զրույցում Խաչատրյանը պնդում էր, թե չգիտի, թե որ կուսակցություններից են դիմումներ ներկայացրել): 

Բողոքրակման դիմումները ԸԸՀ տարած Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները iLur.am-ին ասացին, որ դիմումները Հանձնաժողով են ներկայացրել վերջնաժամկետի ավարտից 10 րոպե առաջ՝ դեկտեմբերի 7-ին, մոտավորապես ժամը 17:50-ին: Այդ պահի դրությամբ ոչ մի այլ բողոքարկման դիմում գրանցված չի եղել: Մինչդեռ, ինչպես նշեցինք, ավելի ուշ ՀՀԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչների անունով 10 դիմում է գրանցվել:

Ըստ Ընտրական օրենսգրքի, վերահաշվարկի դիմումների քննության հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ:  ԸԸՀ  նախագահ Գուրգեն Խաչատրյանի խոսքով, վիճակահանությունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ի առավոտյան:

Մինչդեռ, 2/01 ընտրատեղամասային հանձնաժողովի (որտեղ վերահաշվարկի դիմում էր ներկայացրել ՀՀԿ-ն) նախագահ Նարինե Հովհաննիսյանը մեզ տեղեկացրեց, որ Գուրգեն Խաչատրյանն իրեն զանգել է ամսի 7-ի երեկոյան ժամը 9:01-ին եւ հայտնել, որ առավոտյան 9.00-ին «իր տեղամասի»՝ 2/01-ի պարկը բացվելու է: Տիկին Հովհաննիսյանը նշեց, որ Խաչատրյանը առավոտյան 8.53-ին նույնպես զանգել եւ հիշեցրել է՝ «չմոռանաս, որ էսօր քո տեղամասը բացում ենք»: Տեղամասային հանձնաժողովի նախագահը հավելեց, որ հեռախոսային խոսակցությունների ժամն ու բովանդակությունն իր մոտ ֆիքսված են:

ԸԸՀ նախագահ Գուրգեն Խաչատրյանը

Ինչպե՞ս է ստացվել, որ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը «վիճակահանության արդյունքների» մասին տեղյակ է եղել դրա անցկացումից  առնվազն 12 ժամ առաջ՝ մեր այս հարցը ԸԸՀ նախագահ Գուրգեն Խաչատրյանին  շփոթմունքի մեջ գցեց: Նա նախ հաստատեց, որ զանգել է տեղամասային հանձնաժողովի նախագահին եւ հրավիրել վերահաշվարկի, ապա, սկսեց պնդել, թե զանգել է վիճակահանությունից հետո:

Այնուհանդերձ, ԸԸՀ նախագահը չկարողացավ տրամաբանված բացատրություն տալ, թե ինչպես է առաջացել ժամերի անհամապատասխանությունը իր ու 2/01 տեղամասային հանձնաժողովի նախագահի ասածի միջեւ: Նա չպատասխանեց նաեւ այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ վերահաշվարկի դիմումների թիվը 10 րոպեում 4-ից հասել է 14-ի:

Բանն այն է, որ ՀՀԿ-ականների ներկայացրած բողոքների քննությունը «վիճակահանության» արդյունքում առաջ է ընկել՝ վերահաշվարկի ենթարկված առաջին 6 տեղամասերի պարկերը բացվել են հենց ՀՀԿ-ականների ներկայացրած դիմումների պահանջով, 7-րդը ՀԱԿ-ի պահանջով (այս տեղամասի վերահաշվարկի արդյունքների մասին՝ ստորեւ), իսկ Կոնգրեսի վերջին երեք դիմումները «զարմանալի զուգադիպությամբ» հայտնվել են վերջին երեք՝ 12-րդ, 13-րդ եւ 14-րդ հերթի մեջ, ինչը գործնականում նշանակում է, որ դրանք վերահաշվարկի չեն ենթարկվելու:  Հայտնի է, որ օրենքի պահանջով վերահաշվարկի բողոքները քննելու վերջնաժամկետը դեկտեմբերի 11-ն է, այսինքն, փաստացի վերահաշվարկի համար երեք օր է տրամադրված, իսկ  ընտրատարածքային հանձնաժողովն իր անշտապ աշխատանքով հասցնում է օրական երկու-երեք տեղամասի վերահաշվարկ իրականացնել: Անկասկած,  հենց սրանով է պայմանավորված թե՛ ՀՀԿ-ականների ներկայացրած դիմումների առատությունը, թե ԸԸՀ անցկացրած  «վիճակահանության» բարեհաճությունը ՀՀԿ-ի հանդեպ:  

Քվեարկել են կեղծ անձնագրերով

Թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում այս օրերին կատարված վերահաշվարկների արդյունքում ստացվել է հետեւյալ պատկերը. 2/07 տեղամասում, որտեղ «այո»-ն 218 ձայնով պարտվել էր 479 ձայն հավաքած «ոչ»-ին, ՀՀԿ-ի դիմումով անցկացված վերահաշվարկի արդյունքում պատկերը զգալիորեն փոխվեց հօգուտ «ոչ»-ի՝ «այո» - 216, «ոչ»՝ 488:  2/15-ում նույնպես ՀՀԿ վերահաշվարկի արդյունքում «այո» նշումով 6 քվեաթերթիկ համալրեց «անվավերների» տրցակը (ինչպես նշեցինք, ՀՀԿ-ականների տված վերահաշվարկի դիմումների բուն նպատակը ոչ թե ձայների հարաբերակցությունը փոխելն էր, այլ՝ քիչ թե շատ «անշառ» տեղամասերի վերահաշվարկը առաջ գցելու շնորհիվ ժամանակ շահել): Նույն 2/01 տեղամասում վերահաշվարկը որեւէ փոփոխություն չմտցրեց արդյունքների մեջ:

Իսկ 2/37 տեղամասում ՀԱԿ-ի դիմումով անցկացված վերահաշվարկը, թեեւ արդյունքների մեջ էական փոփոխություն չարձանագրեց, սակայն հնարավորություն տվեց բացահայտելու  մի խախտում, որը գլխիվայր կարող է շրջել Տիգրան Մուկուչյանի հայտարարած պաշտոնական տվյալները: Միայն մեկ տեղամասի երկու գրանցամատյաններից մեկում դիտորդները բազմաթիվ՝ մի քանի տասնյակին հասնող դեպքեր արձանագրեցին, երբ քվեարկությանը մասնակցած անձի անձնագրի համարը 8 կամ 9 թվանշան ունի (վավեր անձնագրերը 7 նիշ ունեն): Նույն մատյանում հայտնաբերվել են նաեւ հապշտապ արված գրառումներ, որոնցում կամ բացակայում է անձնագրի սերիան ու համարը, կամ դրանք կիսատ են գրված: Քվեարկածների ստորագրությունները առանձին ուսումնասիրության առարկա կարող էին լինել ձեռագրաբան փորձագետների համար՝ ստորագրությունների զգալի մասը խզբզված են «անզեն աչքի» համար կասկածելի նմանությամբ:  

Դիտորդների պահանջով ԸԸՀ-ն արձանագրեց այս փաստերի մի մասը: