11.12.2015 17:50

Այսօր ծնվել է Կառլոս Գարդելը՝ տանգոյի քմահաճ արքան

Այսօր ծնվել է Կառլոս Գարդելը՝ տանգոյի քմահաճ արքան

Վաթսունականների սերունդը լավ կհիշի, թե «սովետական տանգոն» որն էր։ Տղամարդիկ վախվխելով մի ձեռքը դնում էին կանանց մեջքին, մյուսով բռնում էին զուգընկերուհու ձեռքը ու եթե չէին ալարում՝ մի քայլ առաջ, երկու քայլ ետ էին անում, եթե ալարում էին՝ դե, էդպես տեղում «քայլով մարշ» էին անում՝ մինչեւ երաժշտությունն ավարտվի։ Կարճ ասած, ոնց որ սովետն էր, էդպես էլ իր «տանգո»-ն էր։

Աչքաբացներն, իհարկե, ավելին գիտեին այս պարի մասին եւ գուցե վստահելի միջավայրում պարում էին իրենց իմացած ձեւով, բայց տեսանելին վերոգրյալն էր։

Տանգոյի ծննդյան մասին երկու հիմնական վարկած կա։ Մի վարկածով՝ Արգենտինայի բուենոսայրեսյան աֆրիկացիներն են այս պարի հիմքը դրել։ Ենթադրաբար «տանգո» բառը նիգերիական ծագում ունի, վերագրում են իբիբիո ցեղախմբին, այս կարճ բառն էլ երկարաշունչ թարգմանությամբ այսպես է հնչում՝ պար թմբուկների հնչյունների ներքո։ Մեկ այլ վարկածով՝ տանգոյի հեղինակային իրավունքը պատկանում է արգենտինյան հասարակաց տներին։ Որ մեկն է առավել ճշմարտանման՝ էական չէ։ Տանգոն կիրք է, ըմբոստություն է, ազատություն է, կեղծ քաղքենիական արժեքներին մարտահրավեր է, ուրեմն եւ հրաշալի պար է։

Եվ այս հրաշալի պարն իր չքնաղ մեղեդիներով ու երգերով, աշխարհին առաջին մատուցողը արգենտինացի երգիչ, երգահան եւ դերասան Կառլոս Գարդելն (1890-1935) է՝ միլիոնավոր լատինաամերիկացիների կուռքը։ Նրա ծննդյան օրը դեկտեմբերի 11-ն է, եւ հենց այդ օրն էլ, այսինքն՝ այսօր, նշվում Տանգոյի միջազգային օրը։

Գարդելի ծննդավայրի մասին տարբեր վարկածներ կան։ Ըստ մեկի՝ ծնվել է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում, մեկ այլ վարկածով, որը պնդում են ուրուգվայցիները՝ Ուրուգվայի  Տակուարեմբո քաղաքում։ Տեղացի ֆուտբոլասերները մինչ օրս մրցախաղերի ժամանակ դրոշ են ծածանում հետեւյալ գրությամբ. «Տակուարեմբոն Գարդելն է»։

Կառլոսը երգել է մանկուց։ Երկար տարիներ ժողովրդական երգեր էր երգում, իսկ տանգոյի աշխարհ մտավ 1917-ին։ Նույն թվականին նկարահանվում է առաջին (համր) ֆիլմում, նրա մասնակցությամբ տասը ֆիլմ է նկարվել, նաեւ հնչյունային, որոնցում հնչում են Գարդելի երգերը։ 1920-ականներին արդեն միջազգային աստղ էր։ 1923-ին հյուրախաղերի է մեկնում Իսպանիա, հետագայում՝ գրեթե ողջ Եվրոպա։ 1933-ի նոյեմբերի 6-ին նա ձայնագրում է իր վերջին երգը եւ մեկնում հյուրախաղերի Եվրոպա, ԱՄՆ եւ Լատինական Ամերիկա, որտեղից նրան այլեւս վիճակված չէր վերադառնալ Արգենտինա։

1935-ի հունիսի 24-ին Կոլումբիայի Մեդելյին քաղաքից թռչել պատրաստվելիս՝ միմյանց են բախվում երկու ինքնաթիռ, զոհվում է 17 մարդ, որոնց մեջ՝ Կառլոս Գարդելն ու իր երաժիշտները։ Միայն երեք ուղեւոր է ողջ մնում՝ կիթառահարը, թարգմանիչը եւ ավիաընկերության մենեջերը։ Կառլոս Գարդելի մարմինը Արգենտինա է հասնում Նյու Յորք-Ռիո դե Ժանեյրո-Մոնտեվիդեո ճանապարհով, որպեսզի միլիոնավոր երկրպագուները հրաժեշտ տան իրենց կուռքին։ Թաղված է Բուենոս Այրեսում, եւ մինչ օրս նրա գերեզմանին անպակաս են թարմ ծաղիկները, իսկ հուշարձան-Գարդելի մատների արանքում մշտապես ծխախոտ է մխում. նա մոլի ծխող էր։

44-ամյա տանգոյի արքան ամուրի էր, երեխաներ չուներ, հարսնացու ուներ՝ Իզաբել անունով, եւ ըստ ժամանակակիցների՝ մի հսկա բանակ սիրուհիներ։ Չնայած ահռելի չափերի հոնորար էր վաստակում, բայց նրա մահից հետո պարզվեց՝ գրպանը դափ-դատարկ է։ Կառլոս Գարդելն օրվա վաստակածը նույն օրն էլ վատնում էր։ Նրա կիրքը միայն կանայք չէին, խենթանում էր ձիերի համար։

Էլ ի՞նչ կուռք, եթե նրա շուրջը լեգենդներ չհյուսվեն, մանավանդ եթե կուռքն ինքը հաճույքով նպաստում էր այդ լեգենդների ծաղկմանը։ Գարդելն իր անձնական կյանքը մշտապես պարուրում էր խորհրդավորության շղարշով։ Իր ծննդյան օրը նշում էր քմահաճորեն ընտրելով տարբեր օրեր եւ տարբեր տարեթվեր, նույնկերպ էր վարվում նաեւ, եթե հարցնում էին՝ որտեղ է ծնվել։ Ով էր նրա հայրը՝ այդպես էլ անհայտ մնաց։ Դե, հասկանալի է. կուռքի անունը կապվում էր նաեւ բազմաթիվ մութ պատմությունների։

Բայց մեզ ի՞նչ այդ մութ պատմությունները. Կառլոս Գարդելը սիրել է տանգո, երգել է տանգո, գրել է տանգո եւ ստիպել է, որ ուրիշներն էլ սիրեն, երգեն ու պարեն։ Դե, չպարողներն էլ կարող են լսել, տեսնել ու հիանալ։

Ի դեպ, «Կնոջ բույրը» ֆիլմում Ալ Պաչինոն իր անուշիկ զուգընկերուհու հետ տանգո է պարում Կառլոս Գարդելի Por una cabeza մեղեդիի ներքո։