11.12.2015 20:16

Որոշ դիտարկումներ հանրաքվեի անցկացման վերաբերյալ

Որոշ դիտարկումներ հանրաքվեի անցկացման վերաբերյալ

Կոնգրեսի առաջադրմամբ՝ ՈՉ-ի քարոզարշավի և հանրաքվեի վերահսկողության Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատասխանատուներից մեկն էի: Նոր Նորքում մեզ հաջողվեց հանձնաժողովի անդամների և վստահված անձանց մակարդակով ապահովել վերահսկողություն 45 ընտրատեղամասերի նկատմամբ:

Ընտրատեղամասերում այլ կուսակցությունների հետ համագործակցություն գրեթե չի եղել, գերակշիռ մասում Կոնգրեսի ներկայացուցիչը(ները) գործել է միայնակ՝ հանձնաժողովների 7 հոգանոց և ՀՀԿ-ական 2-4 հոգանոց վստահված անձ/դիտորդի կարգավիճակ ունեցող թաղային հեղինակություն/թափթփուկ թշնամաբար տրամադրված մեծ և միասնական խմբի դեմ: Անխտիր բոլոր տեղամասերում իշխանության կողմից դրված էր հանրաքվեի արդյունքները կեղծելու, լցոնման, շրջիկ խմբերի միջոցով ԱՅՈ-ի ձայների հավաքման առաջադրանք: Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի պայմաններում են գործել Կոնգրեսի ներկայացուցիչները տեղամասերում և հալածանքների ու ճնշումների ինչ ծավալի են ենթարկվել: Վստահված անձանց մեծ մասը առհասարակ չի բացակայել ընտրատեղամասից 14-15 ժամվա ընթացքում, փորձելով կանխել համատարած, կազմակերպված ընտրակեղծարարությունը, այսինքն` հանցագործության դեպքերը, և ապահովել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների ձայների իրական պատկերը: Ես և, վստահ եմ՝ մեր համաքաղաքացիները, պետք է երախտապարտ լինեն բոլոր այն անձանց, որոնք դիմագրավելով անասելի ճնշումներն ու սպառնալիքները, կաշառքի առաջարկությունները, կարողացել են վերահսկել հանրաքվեի ընթացքն ու քաղաքացիների քվեն. ամեն մեկի հետ տեղի ունեցածը մի առանձին պատմություն է և մի օր անպայման ներկայացվելու է հանրությանը: Այդ մարդկանց շնորհիվ է, որ, մասնավորապես, Նոր Նորքում ՈՉ-ը հաղթել է թվով 32 ընտրատեղամասում:

Մի քանի տեղամասերում, որտեղ հանձնաժողովների նախագահները Կոնգրեսի ներկայացուցիչներ էին (1/29, 2/1, 2/25 և 2/30), հանրաքվեն անցել է համեմատաբար հանգիստ: Սակայն, նույնիսկ այդ տեղամասերից մենք ունենք դիմումներ Ոստիկանություն՝ կեղծիքներ գործելու մեղադրանքներով: Մասնավորապես, 2/25 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռուզան Կարապետյանը դիմել էր Ոստիկանություն՝ ստորագրությունը կեղծելու ու մի շարք այլ խախտումների փաստերի կապակցությամբ:

Նոր Նորքում գրանցված հաջողությունը (ՈՉ-ի հաղթանակը թվով 32 տեղամասերում), ընդ որում՝ նույնիսկ հանրապետականների հենարան հանդիսացող որոշ ընտրատեղամասերում տեղի ունեցավ շնորհիվ

Ա – մեր քաղաքացիների ակտիվ մասնակցության, որոնք արտահայտեցին իրենց վերաբերմունքը թե՛ Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը, թե՛ այն փոքրաթիվ, սակայն լրատվամիջոցներում ակտիվ քարոզող խմբերի նկատմամբ, որոնք, քննադատելով Կոնգրեսին, հորդորում էին մարդկանց՝ անտեսել ճակատագրական նշանակության այս իրադարձությունը: Այդ խումբը, ինչպես նաև բոյկոտի որոշ կողմնակիցներ, ցանկանում էին, որ Սահմանադրության փոփոխություններն անցնեն թույլ դիմադրության պայմաններում, այսինքն՝ առանց ընտրակեղծիքների: Դրանով կլուծվեր հանրաքվեի օրինակարգ լինելու խնդիրը:

Բ – հանձնաժողովներում ներգրավված Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների, որոնք արեցին երբեմն անհնարինը՝ պահելու համար մեր քաղաքացիների քվեարկությունը:

Որպեսզի պարզ լինի, թե ինչ է կատարվել այն տեղամասերում, որտեղ Կոնգրեսի ներկայացուցիչների կողմից չի եղել պատշաճ վերահսկողություն՝  բերեմ մի քանի օրինակ. 2/8 ընտրատեղամաս, Նոր Նորքի չորրորդ զանգված՝ 1000 մասնակից, 833՝ ԱՅՈ, 132՝ ՈՉ, 2/13 ընտրատեղամաս`Նոր Նորքի հինգերորդ զանգված` 1432 (!) մասնակից, 1002 (!) ԱՅՈ և 170 ՈՉ; 2/18 ընտրատեղամաս՝ 1302 մասնակից, 1013 ԱՅՈ, 229 ՈՉ: Սրանք անհավանական թվեր են և կլինեին ամենուրեք, եթե ժողովուրդը և Կոնգրեսը բոյկոտեին հանրաքվեն: Վերջին երկու տեղամասերի հետ պատահածը բավականին մտահոգիչ էր, քանի որ Կոնգրեսի կողմից նշանակված հանձնաժողովի անդամները հրաժարվեցին ներկայացնել Հատուկ կարծիք՝ այդպիսով փակելով մեզ համար վերահաշվարկի հնարավորությունը: Այնուամենայնիվ, գտնվեց տեղի ունեցածը ստուգելու ճանապարհ, որով պետք է բացահայտվեին լցոնման փաստերը. 2/18 (հանձնաժողովի նախագահը` ԲՀԿ ներկայացուցիչ) տեղամասում հանցագործության վերաբերյալ ներկայացվել է հաղորդում, և Ոստիկանությունում այժմ իրականացվում է հետաքննություն:

Ինչ վերաբերում է 2/8 ընտրատեղամասին, ապա այն, ինչպես նաև չորրորդ զանգվածի այլ տեղամասեր, գտնվում էին ԲՀԿ տեղական կառույցի «վերահսկողության» ներքո: Եթե դրանցից 3-ում՝ նաև մեր հանձնաժողովականների շնորհիվ, հաղթել է ՈՉ-ը, կարելի է պատկերացնել, թե նկարչության ինչպիսի հնարավորություն է ընձեռվել 2/8 ընտրատեղամասի պատասխանատուների համար, որ ապահովել են անհավանական 833 ԱՅՈ: 

Ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն, հանրաքվեի հաջորդ օրը ներկայացրինք վերահաշվարկի 4 դիմում: Սա արվեց դեկտեմբերի 7-ին, ժամը 17:50` վերջնաժամկետից 10 րոպե առաջ: Ներկայացնելով այդ դիմումները՝ զրույցի բռնվեցի երկրորդ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գուրգեն Խաչատրյանի հետ, որին ճանաչում եմ 2012 թ. ընտրություններից: Նա ոչ մի խոսք չասաց, որ կան այլ դիմումներ վերահաշվարկի վերաբերյալ: Բնականաբար, նաև խոսք չկար վերահաշվարկի վիճակահանության վերաբերյալ: Սակայն, նույն օրը երեկոյան պարզվեց, որ կա լրացուցիչ տասը (!) վերահաշվարկի դիմում ՀՀԿ/ԲՀԿ-ից և «արվել է վերահաշվարկի հերթականության վիճակահանություն»: Դրա արդյունքով արվել  է այնպես, որ Կոնգրեսի կողմից մատնանշած ընտրատեղամասերի վերահաշվարկի համար ժամանակ չմնա (վերահաշվարկի համար տրվում է երեք օր` երկուական տեղամաս օրվա ընթացքում): «Վիճակահանությունը» արվել է առանց պատշաճ ծանուցման (Գ. Խաչատրյանը ուներ իմ և հանձնաժողովի անդամների հեռախոսահամարները, խոսել է նրանց հետ) և հավաստի չի կարող լինել: Ավելին, դեկտեմբերի 7-ին, ժամը 21:00-ի սահմաններում ընտրատարածքային հանձնաժողովից զանգել են 2/1 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Նարինե Հովհաննիսյանին և տեղեկացրել, որ իր տեղամասում նշանակված է վերահաշվարկ` հաջորդ օրվա առավոտյան 9:00-ից (Գ. Խաչատրյանը նաև զանգահարել է դեկտեմբերի 8-ին, ժամը 08:50-ին՝ հիշեցնելով վերահաշվարկի ժամի մասին): Փաստորեն, դա արվել է մինչև Գ. Խաչատրյանի մատնանշած վիճակահանությունը, որը, իբր, տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին ժամը 9:00 (ilur.am-ը մանրամասն անդրադարձել Գ. Խաչատրյանի ստերին  http://www.ilur.am/news/view/51202.html)։ Սա հերթական վկայություն է, թե Սերժ Սարգսյանի ձեռամբ ինչպիսի ողորմելի վիճակում են հայտնվում հասարակության մեջ որոշակի կշիռ ունեցող մարդիկ, ինչպիսին է Գ. Խաչատրյանը: Դառնում են շարքային, ցածրորակ կեղծարար:

Դեկտեմբերի 10-ին պարզվեց, որ 2/36 ընտրատարածքում նշանակված է վերահաշվարկ (մեր կողմից պահանջած 4 ընտրատարածքներից մեկում): Արդյունքում բացահայտվեցին մի քանի հարյուր կեղծ ստորագրություններ, թերի լրացված անձնագրերի տվյալներ, որոնց մի մասը, ակնհայտ, արվել են անձամբ ԲՀԿ-ական նախագահի կողմից: Այս տվյալները ուսումնասիրվելու են և ներկայացվելու են դատախազություն` քննություն իրականացնելու համար: Նշենք նաև, որ միայն Նոր Նորքից Կոնգրեսը ներկայացրել է 8 դիմում իրավապահ մարմիններին` հանցագործության կասկածով` 1/22, 2/3, 2/6, 2/25, 2/29, 2/31; 2/36, 3/32 ընտրատեղամասերից:

Տեղի ունեցած խախտումների կապակցությամբ ընտրություններին մասնակցած դիտորդների կողմից նույնպես ոստիկանություն է ներկայացվել երկու դիմում (1/24; 1/31 ընտրատեղամասեր):

Նշեցի մի քանի օրինակ, թե ինչպես է պետական մեքենան ջարդուփշուր անում ազատ ու արդար ընտրությունները, փակելով բոլոր հնարավորությունները ճշմարտության հասնելու համար: Հասկանալի է, որ այս եղանակով նաև մի մեծ քար է դրվում Հայաստանի զարգացման ճանապարհի վրա, քանի որ, հենվելով կեղծարարների ու հանցագործների վրա, հնարավոր չէ զարգացնել պետությունը, ներգրավել ներդրումներ, նպաստել տնտեսական առաջընթացին, ունենալ ազնիվ և անկաշառ պաշտոնյաներ: Մեր հասարակությունը ստացավ հերթական ուղերձը, որ Սերժ Սարգսյանի օրոք չի կարող գրանցվել որևէ առաջընթաց, քանի որ բացասական էներգիան չի կարող դրական զարգացում ապահովել:

Այս դժգույն համայնապատկերում կցանկանայի նկատել նաև մի քանի դրական միտում. ժողովրդի աչքերը բացվեցին ՀՅԴ և հետփետրվարյան ԲՀԿ-ի իրական դերակատարման վրա, և նրանց տրվելիք համապատասխան գնահատականը չի փոփոխվի մինչև ընտրություններն ընկած կարճ ժամանակում: Նաև հասկանալի դարձավ, թե ինչպիսի իրական նպատակ էր հետապնդում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մի նախաձեռնություն, որը կեղծ օրակարգ էր համարում Սերժ Սարգսյանի` Սահմանադրության փոփոխության ծրագիրը. վանելով մարդկանց հանրաքվեից, հորդորելով չմասնակցել և մնալ տանը, խիստ քննադատելով ՈՉ-ի քարոզով հանդես եկող Կոնգրես-ՀԺԿ դաշինքին՝ այդ մարդիկ հետապնդում էին հանրաքվեի արդյունքը ամբողջությամբ լեգիտիմացնելու նպատակ: Այսինքն, դիմադրության բացակայության (փաստացի` բոյկոտի) պայմաններում Սերժ Սարգսյանին այլևս կարիք չէր լինի գնալու համատարած կեղծիքների, և հանրաքվեն կհամարվեր օրինակարգ: Սա էր սաստիկ ընդդիմադիր ելույթներով հանդես եկողների նպատակը, և դրան հասնելու համար նրանք ջանքեր չեն խնայել: Այս հանգամանքն էլ պետք է դաս լինի մեր հասարակության համար:

Վ.Կարապետյան