14.12.2015 13:10

Դաշնակների, Երրորդ հանրապետության հիմնադրման եւ Առաջին հանրապետության գողացված փողերի մասին

Դաշնակների, Երրորդ հանրապետության հիմնադրման եւ Առաջին հանրապետության գողացված փողերի մասին

Դաշնակցությունը նշում է իր 125-ամյակը։ Մամուլից տեղեկանում ենք, որ այդ շրջանակներում՝ «9 դեկտեմբերին, Գիտութիւններու ազգային ակադեմիոյ մէջ սկսաւ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը եւ հայոց պետականութիւնը» խորագիրով երկօրեայ գիտաժողովը»։ Տեղեկանում ենք նաեւ, որ՝ «Գիտաժողովին ընթացքին կուսակցականներ եւ պատմաբաններ պիտի ներկայացնեն կուսակցութեան գործունէութեան 125 տարիներու պատմութիւնը»: Բնականաբար, գիտաժողովն, ինչպես հարկն է, ողջունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը, որը շատ հետաքրքիր բան է ասել նաեւ «անհերքելի պատմական փաստերի» մասին, նշելով, որ դրանք ոմանց կողմից հաճախ ճիշտ չեն ներկայացվում։

Ընկեր Հրանտը իր ողջույնի խոսքում մասնավորապես ասել է.

«... զոյգ հանրապետութիւններու հիմնադիր քաղաքական ուժը՝ Դաշնակցութիւնը, յաճախ տարբեր արժեւորումներ կը ստանայ, բայց պատմական փաստերը անհերքելի են եւ անոնք լուսարձակի տակ կ՛առնուին նման առիթներու յատկապէս» (http://asbarez.com/arm/241713/)։

Ըստ տարածված պատկերացման՝ մենք երեք հանրապետություն ենք ունեցել, որից Երկրորդի հիմնադիրն անվիճելիորեն Կոմունիստական կուսակցությունն էր։ Ուստիեւ, պարզ թվաբանական գործողությամբ ստացվում է, որ ընկեր Հրանտի ասած «զույգ հանրապետություններից» մեկը 1918 թվականինն է, մյուսը... 1990-91թթ. հիմնադրվածը, որում այսօր ապրում ենք։

Այսինքն՝ ընկեր Հրանտի ներկայացրած «անհերքելի պատմական փաստն» այն է, որ Դաշնակցությունը Հայաստանի ոչ միայն Առաջին, այլեւ Երրորդ հանրապետության հիմնադիրն է։

Այս փաստի արձանագրումը, սակայն, չեք գտնի անգամ մեր պատմության դասագրքերում։ Դրանցում, ճիշտ է, ոչ շատ հստակ, բայց 1990-91թթ. ձեռքբերած անկախության եւ հիմնադրված Երրորդ հանրապետության հետ կապված՝ խոսվում է ինչ-որ մի ուժի մասին՝ «Հայոց համազգային շարժում»՝ ՀՀՇ անունով։ Համենայնդեպս, ուշադիր ընթերցողը կարող է նման տպավորություն ստանալ, թե այս ուժի իշխանության շրջանում է հիմնադրվել Երրորդ հանրապետությունը։ Կարծում ենք՝ հիշյալ գիտաժողովին մասնակից եւ այլ պատմաբաններ նկատի կունենան ընկեր Հրանտի կողմից «անհերքելի» պատմական փաստի հիշեցումը, կշտկեն կատարված կեղծիքը եւ կարձանագրեն, որ Դաշնակցությունն է եղել ոչ միան Առաջին, այլեւ Երրորդ հանրապետության հիմնադիր ուժը։

Իսկ ինչո՞ւ ժամանակին «անհերքելի» այդ փաստը չի արձանագրվել դասագրքերում, եթե, ինչպես հայտնի է, այսօրվա պատմության դասագրքերը հենց դաշնակցական խոհանոցներում են ստեղծվել։

Սահմանադրությո՛ւնը թույլ չի տվել արձանագրել այդ եւ այդօրինակ այլ «անհերքելի» ճշմարտություններ։

Դաշնակցությունն ակնհայտորեն ոգեւորված է իր երազած նոր սահմանադրությամբ։ Դեռ ո՜ւր եք... Դեռ ինչպիսի՜ պատմական փաստեր պիտի իմանաք, որոնց մեջ ապրել եք ու չեք տեսել։

Հնարավորություն չունենալով մասնակցել Դաշնակցության 125-ամյակի առթիվ հրավիրված գիտաժողովին, մեր պարտքն ենք համարում, այդ գիտաժողովի նյութերը հարստացնել 1922 թվականին լույս տեսած ու հանիրավի մոռացված մի հոդվածով։ Հեղինակը՝ Գրիգոր Ջաղեթյանը, ֆինանսական ասպարեզում ժամանակին ճանաչված մասնագետ եւ կրթված մի մարդ է։ Առաջին հանրապետության շրջանում նա զբաղեցրել է ֆինանսների նախարարի, ապա Պետական վերահսկիչի պաշտոնը։ Դաշնակցական կառավարության հետ 1921 թվականի փետրվարին փախել է Իրան։ Ինչպես հայտնի է, այս փախուստի ժամանակ Դաշնակցական կառավարությունն արեց մարդկության պատմության մեջ եզակի մի բան. իր հետ տարավ Հանրապետության Բանկի եւ գանձարանների ողջ հարստությունը։ Նման բան չի եղել՝ ո՛չ մինչ այդ, ո՛չ էլ դրանից հետո։

Սրա մասին է Գրիգոր Ջաղեթյանի հոդվածը։ Ահա, այստեղ է, որ փաստերը կարելի է իրոք անհերքելի համարել, քանզի հեղինակն, ինչպես ասացինք, իր պաշտոնի բերմամբ՝ ամենատեղյակ մարդն է, մասնակից է ոչ միայն դեպքերին, այլեւ փախուստին, իսկ հոդվածն էլ գրել է կատարվածից անմիջապես հետո՝ 1922 թ. փետրվարին, հենց Իրանում, առանց կոմունիստների կամ ՀՀՇ-ականների ազդեցության ու պարտադրանքի, սեփական խղճի թելադրանքով։

***

 

ԳՐԻԳՈՐ ՋԱՂԵԹՅԱՆ, Դաշնակցական շեֆերի հաշվետվությունը, «Ռանջբար Իրանի», հ. 17, կիրակի, 12 փետրվարի 1922, Թեհրան։

 

Ինչպես հայտնի է, ապրիլի 2-ին դաշնակցականները, փախչելով Երեւանից, իրենց հետ տարել են Հայաստանի պետական բանկի եւ գանձարանի դրամները, ոսկիները եւ արտասահմանյան վալյուտան։ Թե նահանջի ճանապարհին, թե Զանգեզուրում ոչ մի օգնություն չտալով խուճապի մատնված անգիտակից ժողովրդին եւ զինվորությանը, նրանք ըստ իրենց քմահաճույքի վատնել եւ վատնում են պետական ստացվածքը։ Թե երկրի ներսում, եւ թե այստեղ՝ Թավրիզում այս առթիվ առաջացել էր մի անասելի զայրույթ, որը մեղմելու համար «հայրենիքի փրկիչները» ողորմելի փշրանքներ գցելով Թավրիզի գաղթականներին եւ զինվորականներին, այժմ, առանց կարմրելու, հրապարակել են մի ինչ-որ «Հաշվետվություն»՝ իրենց օրինապահ եւ անբիծ ցույց տալու համար։ Այդ հաշվետվությունը մի պայծառ նմուշ է դաշնակցական շեֆերի խարդախ գործելակերպի, որով միշտ մոլորության մեջ են պահել եւ այժմ էլ փորձում են պահել անգիտակից մասսաներին։ Հիշյալ հաշվետվության մեջ նույնիսկ ամբողջությամբ ցույց չէ տրված այն ամենը, ինչ որ դաշնակցականները դուրս են բերել Երեւանից, եւ համարձակություն ունեն պաշտոնապես հայտնելու, որ հաշվետվության մեջ չեն մտնում որոշ գումարներ, որոնք «հանված են բանկից կամ գանձարանից եւ հանկարծակի նահանջի պատճառով մնացել են Հայրենիքի փրկության կոմիտեի դրամարկղում կամ սեղանի արկղերում (Երեւանում), կամ թե՝ «արկղերից մեկը արծաթյա դրամներով եւ իրերով թաղված են Երեւանի եւ Մեղրիի ճանապարհին»։

Հաշվետվության մեջ ասված է, որ վալյուտային արժեքները երեք արկղերի մեջ կնքված բերվել են Մեղրի (Արաքսի ափը), որտեղ «բացվել են եւ վերստուգման ենթարկվել հատուկ հանձնաժողովի կողմից», իսկ մի փոքր ներքեւ հաշվետվության մեջ հիշվում է, որ «վերջին հանկարծակի նահանջի ժամանակ Ղաթարի հանքերում մնացել է» վալյուտայի մի մասը (ի թիվս որոնց նաեւ դանիական, իտալական, շվեյցարական, տաճկական եւ այլ բանկնոտ վալյուտան)։ Ինչպես հայտնի է, Ղաթարի հանքերը գտնվում են Մեղրիից երեք օրվա ճանապարհ դեպի հյուսիս՝ Զանգեզուրի խորքում. արդ, եթե վալյուտան բերված է եղել Մեղրի եւ այնտեղ ստուգման ենթարկվել, ինչպե՞ս է, որ դրա մի մասը մնացել է Ղաթարի հանքերում։ Այս մի ակնհայտ եւ այն էլ բավական անշնորհք խարդախություն է, որ իրենց թույլ են տվել դաշնակցական շեֆերը եւ հենց Մեղրիում յուրացրել վալյուտայի մի մասը։

Ըստ հիշյալ «հաշվետվության»՝ Երեւանի բանկից եւ գանձարանից, բացի ոսկու ֆոնդից եւ վալյուտայից, դուրս են բերել 9 400 000 000 ռուբլու հայկական եւ 650 000 000 ռուբլու ռուսական սովետական դրամներ, ընդամենը՝ 10 050 000 000 թղթադրամ։ Բայց այս ավելի քան տասը միլիարդ ռուբլուց Թավրիզ է հասել միմիայն 21 385 250, այլ խոսքով՝ ընդհանուր գումարի 0,5%-ը։

Հետաքրքիր է, թե ինչպես է կուլ գնացել 10 միլիարդ ռուբլին։ Ըստ «հաշվետվության»՝ 63 միլիոն ռուբլին մնացել է Երեւանում (՞). Ճանապարհին, մինչեւ Զանգեզուր բերելը, «ծախսվել եւ ավանսներ է տրվել» 3 676 399 000 ռուբլի։ Զանգեզուրում նույնպես ծախսվել եւ ավանսներ են տրվել  978 715 750 ռուբլի, իսկ մնացած 5 310 500 000 ռուբլին, իբր թե «մնացել է Ղաթարի հանքերում (Զանգեզուրում)։ Շատ հետաքրքրական է այն հանգամանքը, որ այդ շեֆերին հաջողվում է Արաքսն անցկացնել մեծաքանակ իրեր եւ անասուններ, ինչպես եւ թնդանոթներ եւ գնդացիրներ, որոնք վաճառվում են Ղարադաղի թուրք խաներին, բայց չի հաջողվում անցկացնել  հինգ եւ կես միլիարդ ռուբլին, որն իբր թե ակամա թողնում են Ղաթարի հանքերում։

Այնքան էլ զարմանալի չէ, որ Զանգեզուրում «ծախսվել եւ ավանսներ են տրվել» մոտ մեկ միլիարդ ռուբլի, քանի որ Զանգեզուրում դաշնակները մոտ երեք ամիս ապրել եւ ռազմական գործողություններ են կատարել, թեեւ այդ գումարն էլ լուրջ կասկածներ է հարուցում։ Բայց մեզ միանգամայն զարմացնում է, որ նահանջի ժամանակ երեք շաբաթվա ընթացքում (Բաշգյառնիից մինչեւ Զանգեզուր) երեք եւ կես միլիարդից ավելի, այդ էլ այնպիսի հանգամանքներում, որ զինվորների եւ գաղթականների վրա ոչ մի ծախս չի արված, եւ նրանք թողնված են եղել իրենց բախտին։ Իսկ որ գլխավորն է՝ անկարելի էր անմարդաբնակ կամ կիսավեր երկրամասում, որտեղով կատարվել էր նահանջը, մեծ գնումներ կատարել։ Սա պարզորեն մի շանտաժ է՝ ինքնահատուկ դաշնակցական արխի-շեֆերին։ Այդ դրամները պարզապես բաժանվել են դաշնակցական շեֆերի մեջ ժողովրդից եւ զինվորներից գաղտնի, որի մասին հետագայում իմացվել է Թավրիզում։

Ծախսերը կատարվել են ավանսների ձեւով կամ, ինչպես պաշտոնական հաշվետվության մեջ հիշատակված է՝ իբրեւ առհաշիվ գումարներ մնացել են զանազան անձանց վրա, այլ խոսքով՝ սա մի կազմակերպված թալան է, որի նմանը վեր է ամեն մի երեւակայությունից։

Ահա սա է «հայրենիքի փրկիչների» հրատարակած հաշվետվությունը։

Բայց սա բոլորը չէ։ «Հաշվետվությունը» վերաբերում է միայն Երեւանից փախցրած դրամական եւ վալյուտային արժեքներին։ Իսկ այն, ինչ նրանք փախցրել են Թիֆլիսից եւ Բաթումից կամ այն, ինչ եղել է արտասահմանում կառավարության ներկայացուցիչների մոտ՝ այդ մասին դեռեւս լռում են։

Ինչպես հայտնի է, դաշնակցական շեֆերը Թիֆլիսից փախչելով արտասահման՝ իրենց հետ տարել են պետական վալյուտան եւ արժեքավոր իրեր, որոնք գտնվելիս են եղել Թիֆլիսի եւ Բաթումի ֆինանսական գործակալների մոտ։ Բացի այդ, 1920 թվականի ամառը Ամերիկայում հանգանակվել է հօգուտ հայկական բանակի ավելի քան հինգ հարյուր հազար դոլար, որը մնացել է արտասահմանում կառավարության ներկայացուցիչների մոտ  եւ ոչ մի դոլար չի ուղարկված Հայաստան։ Հանգանակված են նաեւ պատկառելի գումարներ փոխառության, ոսկու ֆոնդի եւ այլ անվան տակ։

Արտասահմանում գտնվող հիշյալ գումարները հասնում են մոտ մեկ միլիոն դոլարի, որոնք գտնվում են դաշնակցական արխի-շեֆերի քմահաճ տրամադրության տակ եւ որի մասին նրանք լիակատար լռություն են պահպանում։ Թե ինչպես են գործադրվում այդ գումարները, դրա մասին գիտե ամեն ոք, ով ծանոթ է արտասահման ապավինած դաշնակցական գործիչների կենցաղի հետ, որոնք ընկերական ջերմ շրջան կազմած՝ առանց խղճահարության վատնում են պետական ստացվածքը։

 

(Քաղված՝ Ջաղեթյան Գ., Մոտիկ անցյալից, Եր 1967, էջ 16-20)