14.12.2015 13:49

Խմբագրական. «Ինստիտուցիոնալացումից» մինչեւ հաճախորդացում՝ կես քայլ է

Խմբագրական. «Ինստիտուցիոնալացումից» մինչեւ հաճախորդացում՝ կես քայլ է

Հանրաքվեի խայտառակ արդյունքները կամակատար Մուկուչյանը հայտարարեց Բաղրամյան 26-ից թելադրված տեքստով, եւ կյանքն սկսեց կրկին ընթանալ իր «բնականոն» հունով։

Եվ մինչ իրական ընդդիմադիր ուժերը շունչ կքաշեն ու նորից կսկսեն «անիմաստ» պայքար մղել Սերժիկ Սարգսյանի եւ նրա ավազակախմբի դեմ, մի քանի հարց տամ հանրաքվեից առաջ եւ ընթացքում «կեղծ օրակարգի» ապահով ու անշառ թիկունքում թաքնվածներին՝ նախապես ասելով, որ հենց սկզբից կատարյալ անհեթեթություն եմ համարել սրանց որդեգրած կեցվածքը, հիմա էլ եմ համարում ԿԱՏԱՐՅԱԼ անհեթեթություն, վաղն էլ եմ համարելու նույնը։ Իսկ ավելի խիստ բնորոշումներից այս պահին ձեռնպահ եմ մնում, որովհետեւ չեմ բացառում, որ այս շարքերում նաեւ միամիտ խաբվածներ կան։

Գերադասում եմ հարցեր տալ այս կարգի մարդկանց եւ նրանց համախոհներին՝ ամենեւին պատասխան չակնկալելով, որովհետեւ միմյանց հակասող բառակույտերից մինչեւ կոկորդս կուշտ եմ, եւ նպատակս ընդամենը դեռեւս այս կարգի մարդկանց հետ հույս կապողներին բարեկամաբար օգնելն է։

Եթե պնդում եք, որ անիմաստ է եղած ուժերով պայքարել այս յոթգլխանի հրեշի դեմ, որովհետեւ դեռեւս Հայաստանի բոլոր քաղաքացիները տասը թե քսանամյա «ինստիտուտը» չեն ավարտել, որ միահամուռ կանգնեն ու սրանց հարցերը լուծեն, եւ քանի դեռ բոլորս «դիպլոմ» չենք ստացել՝ ժամավաճառություն է եւ ուժերի անտեղի վատնում սրանց դեմ պայքարելը, գուցե նաեւ ասե՞ք, թե այսպես թերուս-թերուս՝ ինչու՞ է Ազգային ժողովում ժամանակ առ ժամանակ «սկանդալային» հոգեցունց ելույթներ ունենում ձեր «տղա յա է՜ տղա» ստվերային առաջնորդը, կամ՝ հատ-հատ զեկուցում իր «ուսանող» ՀՀ քաղաքացիներին, թե սույն օրը սույն ժամին ում հետ է հանդիպել անձնազոհաբար։ Իմա՞ստը։ Չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ Ազգային ժողովում հանրապետականներն ու նրանց մանկլավիկ կուսակցությունները ճնշող մեծամասնություն են, եւ ինստիտուցիոնալների «երկաթյա» տրամաբանությամբ եթե դատենք՝ այդ ելույթները՝ մարդ ծախել-առնելու ուստա ՀՀԿ-ի առաջնորդի ասած՝ «քամու տատանումներ» են ընդամենը եւ ոչ մի արդյունք չեն տալու. ոչ Գալուստ Սահակյանի մեկնաբանություններն են տրամաբանական սկիզբ ու ավարտ ունենալու, ոչ Էդիկ Շարմազանովն է մոռանալու իր ելույթում նշել «մեծ առաջնորդի» անունը, ոչ Շմայսն ու Լֆիկն են ինտելեկտուալ դառնալու, ոչ էլ՝ Լիսկան է հրաժարական տալու։ Ընդամենը տեսանյութը շրջելու է Ֆեյսբուքում՝ ճռճռան վերնագրով եւ բաժակաճառային մակարդակի գովեստներով՝ «սկանդալային» ելույթի հեղինակի հասցեին։

Եթե հիմա անիմաստ է սրանց դեմ պայքարելը, գուցե լռե՞ն «ինստիտուտի ռեկտորն» ու նրա «ուսանողները», քանի դեռ չեն ավարտել ազգին «ինստիտուցիոնալացնելու» հերոսական գործընթացը, ինչպես «իմաստնաբար» լռում էին հանրաքվեի քարոզարշավի ժամանակ, հանրաքվեի օրը եւ հանրաքվեից հետո։ Գուցե նաեւ հրաժարվե՞ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու խելահեղ մտքից, որովհետեւ առնվազն անմեղսունակը կարող է կոկորդ պատռել, որ սրանց դեմ անհնար է որեւէ արդյունքի հասնել, քանի դեռ «ինստիտուտը» չենք ավարտել, եւ հանրաքվեի դեպքում այդ «ինստիտուտի» դերը գերակա է դառնում, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ փրկարար «դիպլոմների» հարցը ձեռնածուական ճարպկությամբ ետին պլան է մղվում։

Հարցերս շարունակե՞մ, թե՞ այսքանը բավական է՝ հասկանալու համար, թե ինչ ճղճիմ խաղ են խաղում հայտնի «ինստիտուտի» պատերի ներսում։

Չեմ շարունակի։ Ուզում եք՝ հասկացեք, չեք ուզում՝ վաղ թե ուշ կհասկացնեն հենց իրենք՝ այս նենգ խաղի գլխավոր դերակատարները։

Լիզա Ճաղարյան