15.12.2015 14:06

Խմբագրական. Ընտրակեղծարարներն առաջինն են արտագաղթելու

Խմբագրական. Ընտրակեղծարարներն առաջինն են արտագաղթելու

Եթե փորձենք համեմատել, թե ինչ այլ հանցագործության է հավասարազոր ընտրակեղծարարությունը, ապա առանց վարանելու կարելի է համեմատել պետական դավաճանության հետ: Ընտրակեղծարարն իր պետության հետ անում է ճիշտ նույն բանը, ինչ պետական դավաճանը, երբ գաղտնի տեղեկություն է հաղորդում թշնամուն`վնասելով, թուլացնելով սեփական երկիրը, վտանգելով պետության անվտանգությունը: Եւ ամբողջ զավեշտը, թերեւս, այն է, որ իշխանությունը մի ամբողջ համակարգի դրդել է պետական դավաճանության, պետության թշնամիների մի ամբողջ բանակ է ստեղծել: Բայց առավել զավեշտալի մի բան էլ կա այս ամեն ինչի մեջ: Ընտրակեղծարարների այս բանակը, որքան էլ իրեն կոտորի քվեարկության ժամանակ, որքան էլ «քեշ» փող ստանա այդ օրվա համար, որքան էլ հետընտրական` անձնական խոստումներ ստանա, եթե անգամ ստանա մի փոքրիկ կրպակ կամ բենզալցակայան, մեկ է` ուզի, թե չուզի, ինչ-որ պահից ինքն էլ է դառնում համակարգի զոհը: Այն համակարգի, որի համար ինքն է կռիվ տվել, այն համակարգի, որն, ըստ էության, նաեւ ինքն է ստեղծել: Ու ինքը ինչ-որ պահից հասկանում է, որ իրեն ընդամենը օգտագործել են ու պետք եղած ժամանակ`շպրտել: Հասկանում է, որ իր հույսերն էլ սին էին՝ առ այն, որ եթե ինքը «դոշ տա» համակարգի համար, ապա կդառնա յուրային, իր հետ չեն վարվի այնպես, ինչպես համակարգը վարվում է հարյուր հազարավոր այլ քաղաքացիների հետ: Բայց եթե մյուս հարյուր հազարներն ամեն դեպքում շարունակում են հպարտ քայլել, որովհետեւ չեն կոտրվել, որովհետեւ բոլոր առիթների դեպքում՝ առանց ընկրկելու «ոչ» են ասել իշխանություններին, լուսացրել են հրապարակներում, բանտ են ընկել, ոստիկանի «դրբի տակ» են հայտնվել, կռիվ են տվել ու չեն ընկրկել, ընտրակեղծարարները հասկանում են, որ իրենք այլեւս ոչ անելիք ունեն, ոչ էլ առավելեւս` սպասելիք: Ու նրանք, չզարմանաք, ավելի՛ են հակված լինում բռնել արտագաղթի ճանապարհը, քան մյուսները:

Մի ծանոթ հանրապետական ընտանիք կար: Դեկտեմբերի 6-ից առաջ դեռ կռիվ էին տալիս «այո»-ի համար, ասես՝ էս խորհրդարանական համակարգի անցումը ոչ թե անձամբ Սերժ Սարգսյանին, այլ իրենց, հենց իրենց է անհրաժեշտ: Իսկ հիմա, ուշադրություն, նրանք որոշել են արտագաղթել: Որովհետեւ, տեսեք-տեսեք, դժգոհ են երկրից, չեն կարողանում այլեւս այստեղ ապրել, ազատ երկրում են ցանկանում ապրել: Իսկ Հայաստանն ի՞նչ ազատ երկիր: Ու պարզ չէ՝ գոնե իրենք իրենց մտքում խոստովանո՞ւմ են, հասկանո՞ւմ են, որ եթե երկրի հետ ինչ-որ մի բան այն չէ, ապա դրանում նախեւառաջ իրենց մեղքն էլ կա: Որ երբ պետք է եղել խոսել՝ լռել են, երբ պետք է եղել պայքարել՝ տնից դուրս չեն եկել, երբ ուրիշները կռիվ են տվել հանուն արդարության եւ ազատության՝ իրենք բռնել են համակարգի պոչը՝ հուսալով, որ ռուսաստաններ գնացող արտագաղթի ավտոբուսների մեջ մի օր իրենք չեն հայտնվի: Բայց ի վերջո` հայտնվեցին:

Քրիստինե Խանումյան