17.12.2015 13:03

Խմբագրական. Սենդվիչտոմաները մեզանի՛ց պիտի ամաչեն

Խմբագրական. Սենդվիչտոմաները մեզանի՛ց պիտի ամաչեն

Երբ Սահմանադրական հանրաքվեի քվեարկությունից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, թե՝ «գոհունակություն ենք հայտնում ՀՀ ժողովրդին ու կառավարությանը բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ», «հայկական» համացանցն ալեկոծվեց: Որովհետեւ, իսկապես, հայտարարությունն այս ցինիկ էր: Երբ օրեր անց դեսպանատունը հանդես եկավ լրացուցիչ հայտարարությամբ եւ նշեց, որ «դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս», համացանցը կարծես մի քիչ խաղաղվեց, բայց եւ դժգոհ էր, քանզի կեղծարարներին հրահանգ տվողներին, այսինքն՝ իշխանություններին ուղղված իրական մեսիջ կամ զգուշացում չկար:

Բայց շատերն էլի սպասում էին ավելի՛ կոշտ արձագանքի, կոշտ զգուշացումների, հաշիվների սառեցման եւ այլն: Խնդիրն էլ հենց այն է, որ այդ շատերը սխալ տեղում սխալ բանի են սպասում: Ու հարցն այս դեպքում միայն ԱՄՆ-ն չէ: Մեզնից բացի, մնացած բոլորն այս հարցում առաջնորդվել ու առաջնորդվելու են իրենց, միայն իրենց ու բացառապես իրենց շահերով: Բոլորը, այդ թվում նույն ԱՄՆ-ն, Սերժ Սարգսյանի եւ նրա անմիջական շրջապատի հաշիվները կհիշեն միայն այն ժամանակ, երբ դա իրենց պետք լինի ինչ-ինչ քաղաքական հարցերի համատեքստում, հակառակ դեպքում՝ կբավարարվեն անատամ կոչերով առ այն, թե բա՝ մյուս ընտրություններին լավ կլինի այս կամ այն բանը հաշվի առնվի: Ընդամենը: Ու ավելին, մի գաղտնիք էլ. դեկտեմբերի 6-ին տեղամասերում այո-ի համար իրենց կոտորած սենդվիչտոմաների համար մեծ հաշվով մեկ է ԱՄՆ կամ այլ երկրի այսպիսի անատամ արձագանքը: Այս հայտարարությունից նրանք հաստատ չեն ամաչել, իրենց վատ չեն զգացել, էդ տոմաների համար իրականում էս ամեն ինչը մեկ է: Խնդիրը շատ պարզ է: Տոմաները եթե ամաչեն, մեզնից ու միայն մեզնից պիտի ամաչեն: Ամեն մեկս էլ մի այդպիսի հարեւան կամ ծանոթ Տոմա կամ Վաչիկ ունենք, որոնք վիզ են դրել ու կոտորել իրենց այո-ի համար: Ու կարեւոր չէ` դրանից հետո իրենք անձնական ինչ-որ բան շահել են, թե՝ ոչ, կարեւորն այն է, որ քվեարկությունից հետո իրենք մեր, հենց մեր աչքերին նայել չկարողանան: Այդ պատժամիջոցները նրանք մեր աչքերում պիտի տեսնեն, ոչ թե այս կամ այն դեսպանատան հայտարարության մեջ: Այո, եթե ամաչեն, նրանք հենց մեզանի՛ց են ամաչելու միայն: Ու թող մեզ չթվա, թե քվեարկությունից հետո Տոման եթե նոր հեռախոս ունեցավ, իսկ մեզանից շատերը գազի վարձը չկարողացան տալ, Տոման մեր «հարիֆության» վրա ղժժալու շանս կունենա: Ամենեւին: Տոման եթե հրապարակային նման բան փորձի անի էլ, մեկ է` ինքն իր տանը, իր հետ մենակ մնալով՝ ամաչելու է մեզանից: Ու որքան ամաչեցնող տեսակը շատ լինի, այնքան ավելի մեծ հնարավորություն կա, որ տոմաների տեսակը կքչանա: