17.12.2015 13:11

Այսօր ծնվել է Սիմո Հյայուհյան՝ Սպիտակ Մահը

Այսօր ծնվել է Սիմո Հյայուհյան՝ Սպիտակ Մահը

Երեւի հիշում եք, որ 1939-40 թվականներին ՍՍՀՄ-Ֆինլանդիա պատերազմ սկսվեց։ Որ կողմը սկսեց, ինչու սկսեց՝ չխորանանք։ Սովետում ծնվածներս գիտենք, որ այդ տարիներին բոլոր վատ-վատ բաներն այլ երկրներ էին սկսում, իսկ բոլոր լավ-լավ բաները՝ «լայնարձակ հայրենի երկիրը մեր»։

Ահա այս պատերազմի ժամանակ մի ահարկու հրացանավոր մարդ էր շրջում սարերում, որից սովետական զինվորները սարսափում էին ու քանի որ անունը չգիտեին, իրենք էին անվանակոչել նրան՝ Սպիտակ Մահ։ Պատճառը. Սիմոն ոտքից գլուխ սպիտակ էր հագնում, որ ճերմակ ձյան վրա փորսող տալիս՝ հակառակորդին տեսանելի չլինի, եւ նրա մեկ կրակոցը մեկ կյանք արժեր։

Համարվում է բոլոր ժամանակների լավագույն դիպուկահարը։

Սիմո Հյայուհյան (1905-2002) ծնվել է Ֆինլանդիայի Վիբորգյան նահանգում, գյուղացու ընտանիքում։ Ութ երեխաների 7-րդն էր։ Տեղի դպրոցն է ավարտել, հող է մշակել, ձուկ է որսացել ու կրակել անտառի բնակիչների վրա։ Կարծեմ՝ որսորդ են ասում այս կարգի մարդկանց։ 17 տարեկանից պահակային ջոկատ է ընդունվել, եւ հենց այդ ժամանակ էլ աչքի է ընկել որպես դիպուկահար։ Հետո՝ ֆիննական բանակում է ծառայել, ռազմական կրթություն է ստացել, եւ հենց սկսվել է ռուս-ֆիննական պատերազմը, հանուն հայրենիքի նշան է բռնել ու կրակել։ Եվ երբեք չի վրիպել. մեկ կրակոց՝ մեկ մահ։ Ընդամենը երեք ամսվա ընթացքում սպանել է 500-ից ավելի սովետական զինվորի (ըստ մեկ այլ աղբյուրի՝ 700-ից ավելի)։ Ասում են՝ մեկ օրում առնվազն 25 զինվոր է սպանել։

Եվ միայն Աստված գիտե, թե էլի քանի-քանի մարդու կյանք կխլեր այս Հայհույը, կներեք՝ Հյայուհյան, եթե 1940-ի մարտի 6-ին ծանր չվիրավորվեր։ Պայթուցիկ գնդակը դիպչում է նրա ձախ կիսադեմին, դեմքն այլանդակվում է, ծնոտը՝ փշրվում։ Անգիտակից վիճակում հասցնում են թիկունք, ուշքի է գալիս մարտի 13-ին՝ պատերազմի ավարտի օրը։ Բազմաթիվ վիրահատություններից հետո՝ մի կերպ ծնոտանման ինչ-որ բան են հավաքում ազդրոսկրից, բայց այլեւս, «ավաղ», մարդ սպանելու ունակ չեն համարում։

Հյուհյա... Չէ՛։ Հյահյա... Չէ՛։ Հյայուհյային պարգեւատրում են զանազան շքանշաններով ու մեդալներով, նվերներ են տալիս եւ ուղարկում տուն։ Պատերազմից հետո նա շներ է բուծում, եւ քանի որ այլեւս չէր կարող մարդ սպանել, իր հին գործին է անցնում՝ սպանում է անտառի բնակիչներին։ Կարծեմ՝ այդ կարգի մարդկանց որսորդ են ասում։ Ի դեպ, Հյահյու... Սիմոյին այցելում եւ երբեմն-երբեմն նրա հետ որսի է գնում նաեւ այդ ժամանակվա Ֆինլանդիայի նախագահ Ուրհո Կեկոնենը, որն, ի դեպ, մեզ քաջածանոթ «նախագահ» տեսակից էր ոչ միայն կենդանիներ սպանելու գծով, այլեւ՝ ոչ մի գնով չէր ուզում հրաժարվել նախագահի աթոռից եւ հաջողեց 25 տարի անընդմեջ երկրի գահին բազմած մնալ։

Սա՝ ի դեպ։

Իսկ ահա մահվան գրկից հրաշքով ազատված եւ հարյուրավոր մարդկանց կյանք խլած Սպիտակ Մահը ապրեց երկարուձիգ 96 տարի։ Բացի որսորդությունից ու շների բուծումից՝ է՛լ ինչով էր զբաղվում, ընտանիք ունե՞ր, իր երեխաներին է՞լ էր սպանել սովորեցնում՝ պարզել չհաջողվեց, որովհետեւ նրա բոլոր կենսագիրներին հատկապես ու մասնավորապես հետաքրքրել է, թե քանի մարդ է սպանել այս Սիմո Հյա... եւ այլն, եւ նույնիսկ այս հարցում չեն հաջողել ընդհանուր հայտարարի գալ։

Ասում են՝ քչախոս մարդ է եղել, պարծենկոտ չէր, եւ երբ լրագրողը հարցրել է, թե խղճի խայթ չէ՞ր զգում կրակելիս, պատասխանել է. «Արել եմ՝ ինչ հրամայել են եւ այնքան լավ՝ որքան կարող էի»։

Այսքանը՝ Սիմոյի մասին։ Նրա մասին կենսագրական տվյալների փնտրտուքի ընթացքում բազմաթիվ մեկնաբանություններում, որոնց հեղինակները ռուսներ էին, այնպիսի հայհոյանքներ էին տեղում այս մարդու հասցեին, կարծես այդ պատերազմի ժամանակ Կարմիր բանակը բարեգործությամբ էր զբաղված։ Բայց եթե այս Սիմոն սովետների դիպուկահարը լիներ, կասկած չկա, որ իրենց աննման եւ «լուսապսակով» հերոսի մասին մեկից ավելի ֆիլմեր նկարած կլինեին։ Գրեթե նույն պատմությունն է՝ սովետական լրտեսն անձնազոհ հետախույզ է, իսկ օտարների հետախույզը՝ չարագործ լրտես։

Քիչ բան է փոխվել մեր դարավոր բարեկամների «գաղջ մթնոլորտում»։