24.12.2015 15:59

Այսօր ծնվել է Լեւոն Ներսիսյանը՝ Վերջին Ասպետը

Այսօր ծնվել է Լեւոն Ներսիսյանը՝ Վերջին Ասպետը

Կեցցե՛ն այն մարդիկ, որ ժամանակին ձայնագրել եւ հյուլե-հյուլե հավաքել են Նրա դասախոսությունները, այս Մեծագույն Արտիստի Խոսքը, որ չմոռացվեն։

Բայց։ Լեւոն Ներսիսյանի ուսանողները եւ ազատ ունկնդիրները, որոնք հավաքվում էին Երեւանի պետական համալսարանի այն լսարանում, որտեղ ուր որ է՝ պետք է բացվեր դուռը ու ներս մտներ անտիկ աշխարհի բոլոր ողբերգություններն իր հպարտ ուսերին առած Մարդը, հասկանում էին ու հասկանում են, որ Լեւոն Ներսիսյան նշանակում է՝ Ձայն, Կեցվածք եւ Խոսք։ Բոլորը միասին։ Այս երեքից մեկն անգամ եթե բացակայում է, ուրեմն դուք պատկերացում անգամ չեք կարող ունենալ, թե ով էր Լեւոն Ներսիսյանը։ Եվ որքան էլ պատմենք, որքան էլ՝ հյութեղ պատմենք, որքան էլ սիրով ու հիացմունքով պատմենք՝ Լեգենդը չի ամբողջանա։ Նա կենդանի՛ Լեգենդ էր։ Լեւոն Ներսիսյանը Լեգենդ էր իր կենդանության օրոք։ Եվ մենք՝ նրա ժամանակակիցներս, նրա Ձայնը, Կեցվածքն ու Խոսքը միաժամանակ վայելողներս, պարզապես փորձում ենք մեր կցկտուր, անդամահատված պատմություններով հարություն տալ Լեւոն Ներսիսյան-Լեգենդին։

Չի հաջողվի։

Եվ ինքն էլ գիտեր սա, եւ գուցե հենց այդ պատճառով գրավոր խոսք չկտակեց մեզ։ Եկավ ասպետավայել, կախարդեց մեզ ասպետավայել ու գնաց ասպետավայել։

Լեւոն Ներսիսյանը (1931-1999) ծնվել է Երեւանում։ Մեծ դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին է։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը, ավագ խմբագիր է աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում (նկարահանվել է մի քանի ֆիլմերում), գիտաշխատող՝ ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտում, դասախոս՝ ԵՊՀ-ում (անտիկ գրականություն էր դասավանդում)։ Դոկտոր չէր, պրոֆեսոր չէր, նույնիսկ՝ գիտության թեկնածու չէր, ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ-ն էր, եւ այսքանով ամեն ինչ ասված է։

1994-ին արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի (չհամեմատել վերջին տարիների արժեզրկված ու քանիցս ծաղրված այս նույն անվամբ մեդալի հետ)։

Կյանքի վերջին տարիներին, երբ արդեն վատառողջ էր, Սերժիկ Սարգսյանի նախորդի՝ Քոչարյան Ռոբերտի ականջին ինչ-որ մեկը փսփսացել էր, որ էժան հեղինակություն ձեռք բերելու համար արժե Լեւոն Ներսիսյանին ամսական «մի քանի մանեթ» տալ՝ նրան կուռք դարձնողների աչքին բարձրանալու համար։ «Մի քանի մանեթը» նշանակվեց, ու հեռուստաընկերություններն սկսեցին թնդալ, թե ինչ «բարի ու առատաձեռն» մարդ է էս «նախորդը»։ Լեւոն Ներսիսյանի պատասխանը սա էր. «Ես ապրում եմ ողորմությամբ, բայց՝ Աստծո՛ ողորմությամբ»։ Ո՞նց թե. Քոչարյանը փող տա, ու ինչ-որ «սոված» մտավորական մերժի՞ ընդունել։ Եվ հեռուստաէկրանից սկսեց հոսել դեղին հեգնանքը մի Մարդու հասցեին, որին ծաղրողները նրա կոշիկի փոշին չարժեին։

Եվ երբ Ասպետը ձեռքը թափ տվեց մեզ վրա ու հեռացավ այս աշխարհից, վերջին հրաժեշտը Երեւանի պետական համալսարանում չէր։ Հիմնավորու՞մը։ Լեւոն Ներսիսյանը գիտական կոչում չուներ։

Զարմանալի բան չկար. «գյադաների ժամանակը» արդեն ալիք էր տվել։

...Մի տաղանդավոր բանաստեղծ էր ապրում Երեւանում, Լեւոն Ներսիսյանի ուսանողն էր։ Մի օր բոթը հասավ համալսարան՝ ինքնասպանություն էր գործել։ Ցնցված էին ե՛ւ նրան ճանաչողները, ե՛ւ չճանաչողները։ Ինքնասպան բանաստեղծի համակուրսեցի մի քանիսը լսարանում նստել ու սպասում էին, որ Լեւոն Ներսիսյանը մտնի եւ հիանա իրենց պարտաճանաչությամբ՝ բոլորը սգում են, իսկ մենք, տեսեք, ինչքան ենք սիրում ձեզ, որ եկել ենք ձեր դասախոսությունը լսելու։ Պատմում են, որ լսարան է մտել Լեւոն Ներսիսյանը, դառը, շատ դառը խոսք է ասել «պարտաճանաչների» հասցեին եւ դուրս եկել լսարանից։

Ներող եղեք այս կցկտուր խոսքի համար. աններելի մեծամտություն է Վերջին Ասպետի մասին պատմելու այս խղճուկ փորձը։

Բայց լռելն էլ է աններելի։