11.01.2016 12:35

Այսօր ծնվել է Ֆրանչեսկո Պարմիջանինոն. մերկ եկավ, մերկ էլ գնաց

Այսօր ծնվել է Ֆրանչեսկո Պարմիջանինոն. մերկ եկավ, մերկ էլ գնաց

Ժամանակակիցների կարծիքով՝ նա Ռաֆայելի վերամարմնավորումն էր։ Ավելի որոշակի՝ Վերածննդի շրջանի իտալացի մեծ նկարիչ Ռաֆայել Սանտիի հոգին՝ 1520-ին չի լքել մեր հողագունդը, այլ եկել ու տեղավորվել է իր ժամանակակից 17-ամյա Ֆրանչեսկո Պարմիջանինոյի մարմնի մեջ։ Իսկ թե դրանից հետո ինչ է կատարվել Ֆրանչեսկոյի հոգու հետ, ժամանակակիցները լռում են դրա մասին։ Ըստ երեւույթին՝ այս «տեսության» հեղինակներին չի էլ հետաքրքրել Պարմիջանինոյի հոգին։ Իսկ ահա իրեն՝ Վերածննդի շրջանի իտալացի նկարիչ, փորագրիչ Ֆրանչեսկոյին, թերեւս, այս «առեղծվածը» մտատանջել է, մտատանջել են նաեւ այս մեծ աշխարհի բազմաթիվ առեղծվածներ, հակառակ դեպքում՝ գլուխը կախ կնկարեր, կվարձատրվեր ըստ արժանվույն, կապրեր մինչեւ խոր ծերություն։ Բայց՝ ոչ։ Մոգությունը, ալքիմիան գայթակղել էին նրան անվերադարձ, եւ դժվար է ասել՝ կախարդանքների «մութ» աշխա՞րհն էր նրա հոբբին, թե՞ նկարչությունը։

Ֆրանչեսկո Պարմիջանինոն (1503-1540) ծնվել է Իտալիայի Պարմա քաղաքում (երեւի հասկացաք, որ նրա ազգանունն իր ծննդավայրի պատվին է ի հայտ եկել, իսկ իսկական ազգանունը Մացոլա էր)։ Հայրը նույնպես նկարիչ էր։ Ընդամենը երկու տարեկան էր Ֆրանչեսկոն, երբ որբացավ։ Նրան մեծացրել են հորեղբայրները։ Առաջին կտավը՝ «Քրիստոսի խաչելությունը», նկարել է 16  տարեկանում։ 1521-ին փոխադրվել է Կրեմոնա, որտեղ այդ ժամանակ տաճարի որմնանկարներն էր արարում Ջովանի Անտոնիո Պորդենոնեն: Ոմանց կարծիքով՝ հենց նա է մեծ ազդեցություն ունեցել Պարմիջանինոյի ստեղծագործության վրա, ոմանք էլ պնդում են, որ առավել մեծ է եղել Անտոնիո Կորեջոյի ազդեցությունը, որի հետ պատանի նկարչի ճանապարհը խաչվել է 1522 թվականին։  Կորեջոն զարդանկարում էր Պարմայի եկեղեցու գմբեթը, Ֆրանչեսկոն՝ նրա օգնականն էր։ Իրականում՝ նա երկրպագում էր Միքելանջելոյին եւ Ռաֆայելին, բայցեւ՝ իր անհատական ոճն էր փնտրում վրձնաշարժումների մեջ, եւ նույնիսկ գեղանկարչության շարքային սիրահարներին էլ է տեսանելի, որ մաներիզմի ներկայացուցիչ համարվող Պարմիջանինոյին հաջողվել էր գտնել իր յուրօրինակ ոճը։ Չմոռանանք նաեւ, որ մոգությունը նրա տարերքն էր, եւ սա նույնպես՝ չէր կարող չարտացոլվել նրա նկարներում։

1524-ին հորեղբայրների հետ մեկնում է Հռոմ։ Մի քանի նկար է տանում Հռոմի պապի մոտ, նաեւ իր հռչակավոր «Ուռուցիկ հայելու անդրադարձմամբ ինքնանկար»-ը, որտեղ պատկերի օպտիկական ձեւախախտումը համարձակ լուծում էր իր ապրած ժամանակաշրջանի համար։ Պապին հետաքրքրում է 21-ամյա տաղանդավոր երիտասարդը։ Այստեղ նա մտերմանում է մաներիստ նկարիչների հետ, մի շարք նկարներ է ստեղծում, բայց երկար չի մնում Հռոմում։ 1527-ին Հավերժական քաղաքում իշխանության համար անողոք պայքար էր ընթանում, եւ պատմում են, որ մի օր զինվորները ներխուժում են Պարմիջանինոյի արվեստանոցը, նկարիչն այդ պահին աշխատում էր եւ շարունակում է նկարել, որովհետեւ զինվորները ոչ միայն չեն վնասում նրա կտավները, այլեւ լուռ հեռանում են, որ չխանգարեն ստեղծագործող նկարչին։ Սակայն, սա երեւի երջանիկ պատահականություն էր, որովհետեւ Ֆրանչեսկոն ի վերջո ստիպված է լինում հեռանալ Հռոմից։ Մեկնում է Բոլոնիա, որտեղ ապրում է չորս տարի, ապա կրկին փոխադրվում իր ծննդավայր Պարմա քաղաք, որտեղ 1531-ին՝ Սանտա Մարիա դելա Ստեկատա եկեղեցում կույս Մարիամին փառաբանող որմնանկարի պատվեր է ստանում։ Պարտավորվում է աշխատանքն ավարտել 18 ամսում, եւ մշտապես մենակ աշխատող նկարիչն առաջին անգամ օգնականներ է վարձում, ինչը հուշում է, որ դժվար իրականացվող գործ էր ձեռնարկել։ Այնքան դժվար, որ պայմանավորված ժամկետին չի ավարտում, դատում են նրան, եւ գրավով բանտից դուրս գալուց հետո Պարմիջանինոն փախչում է Պարմայից Կազալմաջորե փոքրիկ քաղաք։ Հենց այնտեղ էլ վախճանվում է «հանճարների տարիքում»։ 37 տարեկան էր՝ հենց այն նույն տարիքում, երբ իր մահկանացուն կնքեց նրա սիրելի Ռաֆայելը։

Մահվան պատճառն ալքիմիայի նկատմամբ թուլությունն էր. օրվա մեծ մասն անցկացնում էր ծծմբի եւ սնդիկի «ընկերակցությամբ», եւ երբեմնի գեղեցկադեմ երիտասարդը 37-ում անճանաչելի, քայքայված ծերուկ էր դարձել։

Ֆրանչեսկո Պարմիջանինոյի վերջին ցանկությունն էր, որ իրեն թաղեն մորեմերկ, կրծքին՝ եպիսկոպոսական խաչ։ 

Ի դեպ, նրա «Երկարավիզ Աստվածամայրը» անավարտ է։ Ասում են՝ նկարչին ինչ-որ բան չի բավարարել, եւ կեսից ձեռքը թափ է տվել այդ նկարի վրա, իսկ ահա այսօր՝ հենց այդ անավարտն է համարվում նրա ամենահայտնի ստեղծագործությունը։

Հ.Գ. Լուսանկարում Ֆրանչեսկո Պարմիջանինոյի «Ինքնանկար»-ն է։