11.01.2016 14:59

Գրանորություն. Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վեպը

Գրանորություն. Միլան Կունդերայի  «Կեցության անտանելի թեթևությունը» վեպը

Մեզ հետ, մեզ մոտ, մեր մեջ, օդում, ճաշի մեջ, քայլերում՝ հաշմված, աչքերից հեռու ու մաշկով լսվող։ Չհանդարտվող հանդարտ, մազոխիստի կայֆի պես՝ վաղահաս վտանգի սպասումով ու միշտ սուր, էնքան սուր, որ ապրում ես անընդհատ-չբթացող սրությամբ, զգում ես մտածելու առաջին պահից, էնքան, որ էղած-չեղած ծանրությունը դառնում է ծննդկանից դուրս եկող զանգվածի պես հարազատ, ցավոտ ու ստեղծարար․․․Ու էս ամենը` ընդամենը մի հարցի մեջ․․․ Հարց․․․ Ավելի ճիշտ` անորոշության, ցավի, հարցականի մի ընդհանուր շաղախ, որը անվերջ ու, ամենակարևորը` նույնությամբ խմորվելով՝ մեր մաշկի պես միշտ  մեզ հետ է․․․ Չհիշեցի՞ր․․․ Նա մեր մաշկի պես միշտ մեզ հետ է․․․ 

«Բայց մի՞թե ծանրությունն իսկապես սոսկալի է, իսկ

թեթևությունը՝ գեղեցիկ: Ամենածանր բեռը ճզմում է մեզ, ստիպում կքել իր ծանրության տակ, սեղմում մեզ գետնին: Բայց բոլոր ժամանակների սիրային պոեզիայում կնոջ տենչանքն է ընդունել արու մարմնի բեռը: Այսպիսով, ամենածանր բեռը միաժամանակ ամենահզոր կենսարարի արտահայտությունն է: Որքան ծանր է բեռը, այդքան մեր գոյությունը կառչած է հողից ու նույնքան էլ իրական է և ճշմարիտ:

Փոխարենը, բեռի լրիվ բացակայությունը մարդուն դարձնում է օդից էլ թեթև և ստիպում թռչել, հեռանալ երկրից ու հողեղեն գոյությունից, և մարդը դառնում է կիսով չափ անիրական, ու նրա շարժումներն էլ որքան ազատ են, նույնքան և՝ անիմաստ:

Եվ ուրեմն, երկուսից ո՞րն ընտրել: Ծանրությո՞ւնը, թե՞ թեթևությունը»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով հրատարակված Միլան Կունդերայի  «Կեցության անտանելի թեթևությունը» վեպը, ֆրանսերենից Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ` հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան