19.09.2012 13:48

Հովհաննես Իգիթյան. Գուցե Ռոբերտ Քոչարյանը երկու տարի հետո վերադառնա, բայց միայն որպես վարչապետ

Հովհաննես Իգիթյան. Գուցե Ռոբերտ Քոչարյանը երկու տարի հետո վերադառնա, բայց միայն որպես վարչապետ

Գյումրիի քաղաքապետի ընտրություններն անցել են հանդարտ, պարզապես լրագրողներն են գույները խտացրել: Նման կարծիք հայտնեց ԱԺ հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանի հետ տեղի ունեցած բանավեճի ընթացքում: Նրա ընդդիմախոսը հեգնանքով հակադարձեց, թե միգուցե լրագրողնե՞րն էին կրակոցները կազմակերպել և հետո լուսաբանել:

Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի աղմկահարույց խորհրդակցությանը՝ Սուքիաս Ավետիսյանը կարծիք հայտնեց, թե որևէ հակասություն չի տեսնում Սերժ Սարգսյանի՝ կառավարության հետ խորհրդակցության ժամանակ և համագումարին հնչեցրած հայտարարությունների միջև: 

«Ընդհանուր առմամբ՝ խոսքը գնացել է պետական գնումների քաղաքականության մասին, դա չի նշանակում, որ տնտեսությունը վատ վիճակում է, Սերժ Սարգսյանը շատ ճիշտ է ասել ու շատ լավ է նշել խնդիրները»,- ասել է նա: 

«Ուզում եմ հավատալ Սերժ Սարգսյանի անկեղծությանը, իր ելույթը ցույց տվեց, որ ինքը հասել է մի կետի, որից հետո անհնարին է ղեկավարել երկիրը, իսկ նախագահի թիմը աշխատանքները ձախողել է»,- կրկին հակադարձեց Հովհաննես Իգիթյան՝ նշելով, որ ինքը չի համարում, թե Սերժ Սարգսյանն ամենամեծ օլիգարխներից է, և եթե վերջինս չի կարողանում իր ընտանիքին ու ընկերներին սաստել, ուրեմն պետք է հրաժարական տա:

Իգիթյանի կարծիքով՝ գալիք նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանին հակակշիռ թեկնածու չի լինի, քանի որ ընտրություններին հաղթում են ադմինիստրատիվ ռեսուրսը և փողը, իսկ դրանք ունի միայն Սերժ Սարգսյանը: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա, ըստ Հովհաննես Իգիթյանի, վերջինս կշարունակի հեղինակազրկման ուղին՝ առաջադրելով Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը հնարավոր է միայն երկու տարի հետո՝ որպես ՀՀ վարչապետ: