12.01.2016 13:47

Հետամանորյա. Լավ է լինելու

Հետամանորյա. Լավ է լինելու

Անցած տարին դժվար տարի էր: Անցած տարին փորձությունների տարի էր: Անցած տարին բարդ էր բոլորիս համար` բոլոր առումներով: Իշխանությունները անցած տարի կարողացան լիուլի ապահովել գաղջը, եւ այն մեր կյանքից անպակաս ստացվեց: Հայաստանի քաղաքացին իր կաշվի վրա է՛լ ավելի շատ զգաց սրանց թալանի հետեւանքները, տնտեսությունն է՛լ ավելի հոգեվարք ապրեց, սահմանին էլի ու նորից անհանգիստ էր, անցած տարի իշխանությունը վերջապես փոշիացրեց մեր երկրի Մայր օրենքը, գնացողներն էլի գնացին, մնացողները մնացին, շատերը` դեռ:

Այս տարին սկսեցին առատ ձյունով, չմաքրված փողոցներով, տոնական օրերին «անկախացած» վարչական շրջաններով, եւ չնայած բոլոր դժվարություններին, ինչպես միշտ՝ տարին սկսեցին հույսով ու հավատով, որ ամեն դեպքում` լավ է լինելու, որովհետեւ դժվարությունը չի կարող անվերջ ու անհաղթահարելի լինել, որովհետեւ եթե ամեն սկսվող բան մի օր ավարտվում է, ապա մի օր պիտի ավարտվի նաեւ վատը, բարդը, դժվարությունը, գաղջը: Որովհետեւ մենք ուժ ունենք դեռ, մենք դեռ չենք սպառվել, մենք դեռ պայքարում ու կռիվ ենք տալիս, դեռ հավատում ենք մեր ուժի զորությանն ու մեր տոկունությանը, դեռ չենք վհատվել: Իսկ դա կարեւոր է, որովհետեւ անցած տարում էլ, չնայած գաղջին, մենք էլի մեր ուժը ցույց տվեցինք, կանգնեցինք Բաղրամյանում, իսկ հետո ասեցինք` «Ոչ»: Ու իշխանությունը տեսավ էլի, որ այս ժողովրդին ինչ էլ անի` չի կարողանալու կոտրել: Որովհետեւ մենք չենք վհատվում, մեր կամքն անսպառ է, որովհետեւ մենք գիտենք, որ հաղթում է զուսպը եւ ինքնավստահը, եւ ոչ թե հախուռնն ու խելագարը: Որովհետեւ գիտենք, որ լավ է լինելու: