14.01.2016 14:57

Երկիրը երկիր է ամեն դեպքում ու միշտ

Երկիրը երկիր է ամեն դեպքում ու միշտ

Ամենավատ տեսակի կրողները նրանք են, ովքեր իրենց բողոքը, իրենց հիմնավոր դժգոհությունն արտահայտելուց կպչում են երկրին, թե երկիրը` երկիր չի: Որովհետեւ իրենց համար իշխանությունն ասոցացվում է երկրի հետ, եւ որ ամենավատն է` պետության եւ պետականության հետ: Իշխանությունը պետությունն է, երկիրը, եւ դրա համար էլ, եթե իշխանությունից դժգոհ են, ասում են` երկիրը երկիր չի, թափ են տալիս ձեռքերն ու գնում: Նրանց համար չկա որեւէ տարբերություն իշխանության ու երկրի միջեւ, եւ հենց այդ պատճառով էլ, երբ դժգոհություն չեն ունենում, նույն կերպ խուսափում են քննադատել իշխանությանը, որովհետեւ ասում են` պետությանը չի կարելի կպչել, պետության դեմ չի կարելի խոսել: Իշխանությունն անձեռնմխելի է իրենց համար, եւ դրա «հիմնավոր» պատճառաբանությունն այն է, թե՝ որովհետեւ պետությունն է անձեռնմխելի: Բայց դա այնքան ժամանակ, քանի դեռ դժգոհություն չունեն: Իսկ երբ դանակն իրենց ոսկորին էլ է հասնում, ապա պետությունն էլ, երկիրն էլ, հողն էլ, ջուրն էլ՝ լավ է՛լ ձեռնմխելի են: Որովհետեւ երկիրն ուժ չունի, երկիրն ինքն իրենով ձեռքին մահակ չունի, ոստիկանություն չունի, ԱԱԾ չունի, դատարան չունի, տնտեսական լծակներ չունի` դժգոհությանը ուժ հակադրելու, դժգոհությունը ճնշել փորձելու, պատժելու համար: Երկիրը լուռ է, երկիրն իր համար երկիր է, դրա համար երկրից դժգոհելն անշառ գործ է, ի՞նչ է եղել որ, կարելի է ամեն օր ասել` երկիրը երկիր չի, ու հանգիստ քնել` չանհանգստանալով, որ գիշերը երկիրը կգա ու քեզ կձերբակալի: Երկրին հայհոյելն ամենահեշտ գործն է դարձել, որովհետեւ այդ դեպքում համ գառներն են ողջ, համ`գայլերը կուշտ, համ դժգոհությունն արտահայտում են, ներսում չեն պահում, համ էլ` իշխանության թաթը չեն տրորում:

Երկրի՛ն են բան ասում, հո իշխանությանը չե՞ն ասում: Ու թեեւ լավ գիտեն, որ երկիրն ինքն իրենով մեղավոր չէ ոչ մեր խնդիրների, ոչ էլ մեր դժբախտությունների համար, ու թեեւ գիտեն, որ իրենց խնդիրների պատճառն իշխանությունն է, եւ ավելի կոնկրետ, շա՛տ կոնկրետ մեկ անձ, որ լեգիտիմ չէ, եւ չնայած դրան՝ նստած է նախագահականում, բայց դե հո չե՞ն ասի` թագավորը մերկ է: Կասեն՝ երկիրը երկիր չի, ձեռքերը թափ կտան ու կգնան: Ու էլի ամեն ինչ կմնա նրանց ուսերին, ովքեր երկրից բողոք չունեն, ովքեր գիտեն, որ երկիրը երկիր է` անկախ մեզանից, ու որ առավելեւս՝ երկիրը երկիր եղել է ու կմնա, երբ մենք էլ արդեն չենք լինի: Որովհետեւ մենք անցողիկ ենք, երկիրը՝ մնայուն, որը կա՛մ կարող ենք ավելի լավը դարձնել, կամ էլ` առնվազն լռել, եթե այլ բան անել չենք կարողանում: