18.01.2016 14:12

Գրանորություն. Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն

Գրանորություն. Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն

Երկու հոմանիշներ․․․ Առաջին գունագեղ բառերը, որ զարմանալիորեն սոսնձվում են՝ Մանկությունն է ու Երազը։ Նույն մանրամասներն ու մանրազնին դետալները պահանջող աշխարհներ, որ վախենում են արթնացումից։ Դետալներ․․․ Մանկության սահմաններում ու երազի դաշտում առաջինը, որ հիշվում է՝ դետալն է․ ինչպե՞ս է մարդը շարժվում, կատուն՝ շրջապատից ձանձրացած, հորանջում, պատին կախված նկարը փոխում իր գույնն ու պատկերը, կրպակի պատուհանից նայող աչքերը ո՞նց են թարթվում ու նման հազար անկարևոր, բայց հիշվող մանրուքներ։ Հոմանիշացած Մանկության ու Երազի տարածքում հենց դետալներն են դառնում իմաստ ու գործողության փոխարեն շարժվում, իմաստավորվում։ Հետո հոմանիշների ուրիշ բազմություն է գալիս, հրմշտում, գզվռտվում, ու երկու Հոմանիշով ապրելը ինչ-որ առումով ամոթալի է դառնում․․․ Ուրեմն ի՞նչ՝ հարկադրված, առանց դետալների արթնացո՞ւմ, արթնացո՛ւմ, որը ոչ մի հոմանիշ չունի․․․ Երևի․․․ Բայց, որոշ ժամանակ անց, երբ իրականը շատ հաճախակի է դառնում, իրականությունը երբեմն Երազ-Մանկություն է հղումներ անում․․․       

«Կյանքը շարունակում էր իր սովորական հունով ընթանալ, ամեն ինչ նույնն էր, միայն թե Գուրգենը սկսել էր զարմանալի գունեղ երազներ տեսնել: Նա երբեք այդպիսի երազներ չէր տեսել, առհասարակ մինչ այդ հազվադեպ էր երազներ տեսնում: Սկզբում դրվագներ էին, որ հավերժ մոռացված էին թվում մանկության խորքերում. տեսնում էր իրենց հին տունը, ծիրանի ծառը, հիվանդանոցի պատը... ու արթնանալով՝ ամեն անգամ սիրտը ճմլվում էր, ասես՝ աշխարհի արևն իր մանկության ճանապարհներին էր թողել: Այսպես՝ գիշերը նրա համար դարձավ  օրվա ամենացանկալի հատվածը, մեկը  մյուսին էին հաջորդում անցած տարիների պատկերները, դրանք այնքան իրական էին, շոշափելի, որ հաճախ արցունքն աչքերին էր արթնանում: Մոտ մեկ ամիս ամեն գիշեր երազներ էր տեսնում, սակայն շուտով երազներից մեկը սկսեց կրկնվել.  հաճախակի դարձող երազը, ասես ճնշելով մյուսներին, կարճ ժամանակում միակը մնաց»։

«Անտարես» հրատարակչության կողմից «XXI» մատենաշարով հրատարակված Գրիգի  «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան