20.01.2016 14:28

Գրանորություն. Պետեր Հանդկեի «Դանդաղ վերադարձ տուն» վիպակների ժողովածուն

Գրանորություն. Պետեր Հանդկեի «Դանդաղ վերադարձ տուն» վիպակների ժողովածուն

Երկար վերնագրերը տարօրինակ առանձնահատկություններ ունեն․ իրենց տակ շարված տեքստերի մեջ, ասես, հսկայական հատորներ են հավաքում։ Ընդ որում` հատորները միայն հայտնի-անհայտ անձանց նոթատետրերից մեջբերումներ կամ կարևոր իրադարձությունների մասին պատմող սղագրումները չեն։ Դրանք տարածաշրջանների ամբողջական «քարտեզներ» են՝ավանդույթներով ու կենցաղով, սարերի կապույտով ու տների կղմիդրե տանիքներին աճած յուրահատուկ, կանաչ մամուռի նկարագրությամբ։ Թերևս, երկար վերնագրերը յուրօրինակ ճամփորդություններ են, որ ամփոփում են մի կարճ պատմություն՝ հերոսների գնացող-եկող միջանցքներով, քաղաքների, ազդագրերի նման իջնող-բարձրացող դեկոր-միջավայրով, որտեղ շրջում են բուժուաների հաստափոր կատուները, և  շարունակում է խաղալ պատիֆոնի հին ու մաշված մեղեդին։ Իսկ իրականո՞ւմ․․․

․․․ Երկար վերնագրերը շատերի համար թաքուն մնալու ամենաիրական առանձնահատկություն ունեն․․․    

«Կովկասի հարավային լանջերն այդ առավոտյան մարդազուրկ  չէին: Ետին  թվով վերհիշելով այդ օրվա իրադարձությունները՝ նա ասաց, որ մարդիկ կանգնած էին նույնիսկ ճամփեզրերի երկու կողմերում: Այնպես, ինչպես նա նկարագրեց նրանց իր պատմածում, բոլորը հետիոտն ճամփորդներ էին,  ու  այդ բոլոր ճանապարհներին միակ շարժվող փոխադրամիջոցը այն ավտոմեքենան էր, որը վարում էր նրա ծառան: Արևե՞լք: Բայց ոչինչ չէր հիշեցնում Արևելքը. թե հագուստով, թե շարժուձևով, նույնիսկ բամբասանքներով ու բանսարկություններով այս Արևելքը ավելի շատ Արևմուտք էր  հիշեցնում, ինչպես ներկայումս Արևմուտքն է  հիշեցնում Արևելքը, և այլն: Թերևս, միակ առանձնահատկությունն այն էր, որ բոլոր յոթ օրերի ընթացքում մշտապես օդում զգացվում էր մայիսյան թույլ քամին, և ամեն կողմից՝ ներքևից, վերևից ու միջանցիկ, ներթափանցում էր բարդու մազմզուկը»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով հրատարակված՝ Պետեր Հանդկեի «Դանդաղ վերադարձ տուն» վիպակների ժողովածուն՝ գերմաներենից Կարլեն Մատինյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան