20.01.2016 18:38

Այսօր ծնվել է Ջոյ Ադամսոնը՝ Էլզա առյուծի մայրիկը

Այսօր ծնվել է Ջոյ Ադամսոնը՝ Էլզա առյուծի մայրիկը

Կարող էր նկարիչ, քանդակագործ կամ դաշնակահար դառնալ։ Կարող էր ամուսնանալ, նստել բազմոցին՝ ասեղնագործել եւ բարձրաշխարհիկ հյուրերին զարմացնել լեզուների իմացությամբ, կարող էր շարունակել ներկայացումներում խաղալ, եւ գուցե բախտը բերեր, ու մի օր Հոլիվուդում հայտնվեր։ Շատ բան կարող էր անել՝ սկսած հոգեվերլուծությունից (մի քանի հոդված էր գրել եւ նույնիսկ Ֆրոյդի ուշադրությանն էր արժանացել), սղագրել ու մեքենագրել էլ գիտեր։ Բայց երբ փոքր էր ու իր հասակակիցների հետ «Առյուծների որս» էին խաղում, նրան միշտ առյուծի դերն էր բաժին հասնում, եւ վազելիս՝ հասկի արտի պես ծածանվող ու հասկագույն նրա մազերն առյուծի բաշ էին հիշեցնում։

«Առյուծի բաշ»-ի մասին այս համեմատությունը երեւի նրա կենսագիրներն են հյուսել, եւ եթե Ջոյն ընտրեր վերը նշված մասնագիտություններից որեւէ մեկը, դժվար թե նրա մազերը առյուծի բաշի հետ զուգահեռող գտնվեր։ Ինչ որ է։ 

Բնախույզ, կենդանական աշխարհի պաշտպան, գրող Ջոյ Ադամսոնը (Ֆրիդերիկե Վիկտորիա Գեսներ) ծնվել է (1910-1980) Չեխիայի Տրոպաու (այժմ՝ Օպավա) քաղաքում, ավստրիացի հարուստ գործարանատիրոջ ընտանիքում։

Բազմաշնորհ այս օրիորդը հաճախ էր այցելում Վիեննայի կենդանաբանական այգի եւ հենց այնտեղ է ծանոթանում բարեկիրթ երիտասարդ Վիկտոր ֆոն Կլարվիլի հետ, որը հաջողակ առեւտրական էր, սեփական ձեռնարկություն ուներ, բայց այս հողեղեն գործունեությունը չէր խանգարում նրան, որ ազատ ժամերին կենդանաբանական այգի գնար ու ժամերով թռչուններին նայեր։ 25 տարեկան էր Ֆրիդերիկեն, երբ ամուսնացավ Վիկտորի հետ, եւ միասին սկսեցին ճամփորդել՝ հընթացս ուսումնասիրելով թռչունների «նիստուկացը»։ Երբ հասան Քենիա (1937-ին), հենց այստեղ Վիկտորի կինը հասկացավ, որ «տեղ հասավ»։ Պատկերավոր ասած՝ սա մի երկիր էր, որտեղ փղերը, առյուծները, այծքաղներն այնքան շատ էին, որ ոտքի տակ էին ընկնում։ Կենդանասեր Ֆրիդերիկեն երջանիկ էր, իսկ թռչնասեր Վիկտորը՝ դժբախտ։ Նա հրեա էր, ֆաշիստներն արդեն զավթել էին Ավստրիան, ինչը նշանակում էր, որ Վիկտորը կորցրել էր ե՛ւ իր հայրենիքը, ե՛ւ իր ձեռնարկությունը։ Մինչ Քենիային սիրահարված նրա կինը ծաղկում էր հաճույքից, Վիկտորը, հյուրանոցում փակված՝ պատին մի կետ էր գտել ու աչքը չէր կտրում այդ կետից։ Իսկ հայտնի բան է՝ ընկճախտին տրվողները հոգնեցնում են հաճույքից ծաղկողներին։ Ֆրիդերիկեն ծանոթանում է եւս մեկ բնասերի հետ. բրիտանացի Փիթեր Բեյլին թռչնաբան չէր, բուսաբան էր։ Ամեն ինչի նկատմամբ անտարբեր դարձած Վիկտորն առանց ախուվախի համաձայնում է իր կնոջ առաջարկին՝ արի բաժանվենք։ Արի՝ հյուրանոցի պատի իր հայտնաբերած կետին նայելով՝ ասում է Վիկտորը։

Ֆրիդերիկեն ու Փիթերն ամուսնանում են, եւ երկրորդ անգամ երջանկացած տիկինը փոխում է ե՛ւ ազգանունը, ե՛ւ անունը՝ Ջոյ Բեյլի։ Նորապսակները թանգարանների համար բույսերի նմուշներ էին հավաքում, Ջոյը նկարում էր ամեն ինչ՝ բուսականություն, կենդանիներ, մարդկանց։ Նրանց տքնանքն ըստ արժանվույն է գնահատվում. 500-ից ավելի նմուշները թանգարաններում են հանգրվանում, իսկ Բրիտանիայի Բուսագիտության արքայական ընկերությունը Ոսկե մեդալ է շնորհում ամուսիններին։ Չնայած Ջոյի անունն անգլերեն «ուրախություն» է նշանակում, բայց այս զույգի ուրախությունն էլ երկար չի տեւում, որովհետեւ 1934-ին անդադրում շիկահեր Ջոյը հանդիպում է խոժոռադեմ ու ուրբաթախոս Ջորջ Ադամսոնին։

Ըստ կենսագիրների՝ Ջոյը հարցրել է Ջորջին՝ դուք առյու՞ծ եք որսում։ Ջորջն էլ քթի տակ փնթփնթացել է. «Միայն մարդակերներին, մնացածների հետ խաղաղ ապրում եմ»։ Ու ապագա առյուծապաշտ Ջոյը տեղնուտեղը որոշում է բաժանվել Փիթեր Բեյլիից ու դառնալ Ջոյ Ադամսոն։ Ջորջը, կարելի է ասել, Քենիայի բնաշխարհի պահապան հրեշտակն էր, պայքարում էր որսագողերի դեմ, բարեկամ էր գիշատիչ գազաններին, բայցեւ՝ ի պաշտոնե պարտավոր էր սպանել սրանց, եթե, ինչպես ինքն էր ասել Ջոյին՝ մարդակեր էին։

1956-ին Ադամսոնին հանձնարարվում է հետապնդել եւ սպանել մի առյուծի, որը սարսափի մեջ էր պահում մոտակա գյուղերի բնակիչներին։ Մարդակեր առյուծին հետապնդելիս՝ նրա ճանապարհը կտրում է մի էգ առյուծ եւ իր կորյուններին պաշտպանելու բնազդով հարձակվում նրա վրա։ Ջորջն այլ ելք չուներ, սպանում է մայր առյուծին եւ որբացած երեք կորյուններին տանում ճամբար. երկուսին ուղարկում են հոլանդական կենդանաբանական այգի, իսկ երրորդից Ջոյը չի ուզում բաժանվել։ Էլզա առյուծը մեծանում է ընտանիքի անդամի նման, եւ Էլզային մայրություն անելու ընթացքում Ջոյը մտածում է, որ որսագողերի առջեւ վայրի բնության նահանջը հնարավոր է կանխել, եթե մարդիկ անհետացող տեսակներին պահեն-պահպանեն եւ կրկին հանձնեն վայրի բնության քմահաճույքին։ Նրան հակադարձում են՝ տնային պայմաններում մեծացած գազանը վայրի պայմաններին չի հարմարվի, անհրաժեշտ հմտություններ չունենալով՝ կոչնչանա։

Ջոյը որոշում է ապացուցել, որ ինքն է ճիշտ։ Երբ Էլզան երեք տարեկան  դարձավ, Ջորջի հետ սկսեցին նրան ընտելացնել ազատությանը։ Տանում էին ճամբարից շատ հեռու, բայց Էլզան նորից վերադառնում էր։ Մի օր էլ հանդիպեց արու առյուծի, գնաց նրա հետ ու մեկ տարի հետո վերադարձավ երեք կորյունների հետ։ Ջորջը գլխովին նվիրվում է նրանց, իսկ Ջոյն այլ ճանապարհ է ընտրում։

«Առյուծների արքա» պատվանուն վաստակած Ջորջը գովազդի թշնամի էր, քենիական թերթերից մեկի հենց առաջին լրագրողին, որն ուզում էր գրել մարդու եւ առյուծների զարմանալի բարեկամության մասին, նա կոպտորեն վռնդում է ճամբարից։ Ջոյը՝ հակառակը. նա հարցազրույցներ էր տալիս աջուձախ, հոդվածներ էր գրում։ Իր սիրելի Էլզայի մասին գրում է «Ազատ ծնվածը» գիրքը, որն արագորեն բեսթսելեր է դառնում ու թարգմանվում մի քանի տասնյակ լեզուներով, 1964-ին այդ գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվում եւ արժանանում «Օսկար»-ի։ Այս հաջողությամբ ոգեւորված, Ջոյն սկսում է շրջել աշխարհում, դասախոսություններ կարդալ, ստեղծում է «Էլզայի հիմնադրամ»։ Հավաքված միլիոնների նպատակը վայրի կենդանիներին փրկելն ու բնական միջավայր վերադարձնելն էր։ Մինչ նա ճամփորդում էր, Էլզան հիվանդացավ ու մահացավ։

1964-ին Քենիան լքող բրիտանական սպաներից մեկն ադամսոններին առաջարկում է տիրություն անել իր էգ վագրակատվին։ Ջորջը Պիպային մեծացնում, հանձնում է բնությանը, հետո սկսում է խնամել նրա ձագերին։ Իսկ Ջոյը նստում ու այս անգամ էլ Պիպա վագրակատվի մասին է գիրք գրում։ «Բծավոր սֆինքս»-ը նույնպես բեսթսելեր է դառնում։

Առյուծներն ու վագրակատուները հաշտ չէին, եւ ստիպված էին սրանց ճամբարները հեռացնել իրարից 20 կմ։ Մեկը մնաց մի ճամբարում, մյուսը գնաց մյուս ճամբար, որովհետեւ վաղուց արդեն իրենք էլ հաշտ չէին։ Ամուսինը մեղադրում էր կնոջը, որ ինքնագովազդով է զբաղված, որ իր օրագրերն օգտագործել է գրքի մեջ եւ ոչ մի տեղ իր անունը չի հիշատակել։ Ջոյն էլ բղավում էր՝ դու էգոիստ ես, առյուծներին ինձանից շատ ես սիրում։ Առյուծներից մեկն էլ կրակին յուղ ավելացրեց՝ խեղանդամեց անտառապահի որդուն։ Իշխանությունը պահանջեց, որ Ջորջն իր առյուծների հետ հեռանա Քենիայի հյուսիս-արեւելյան անապատ։ Ջոյը չցանկացավ Ջորջի հետ «աքսորավայր» գնալ։

Հետո... Հետո Ջոյը եւս մեկ ինքնակենսագրական գիրք գրեց՝ «Վայրի սիրտ»-ը։ Սրան էլ էր վիճակված բեսթսելեր դառնալ։ Հռչակավոր տիկինը շարունակում էր շրջագայել, դասախոսություններ կարդալ, արգելոցներ հիմնադրել, հիմնադրամի միլիոններն ավելացնել, բայց դրանից մեկ փենի անգամ չէր տալիս իր եղբոր ու մի քանի օգնականների հետ հեռուներում կիսաքաղց ապրող Ջորջին։

Սակայն, շատ անսպասելի «առյուծի բաշը» դադարեց ծածանվել։ Ջոյ Ադամսոնին սպանեցին։ Սկզբում կարծում էին՝ որսագողերն են սպանել։ Պարզվեց՝ մարդասպանը 22-ամյա Փոլ Էկաին է։ Դատարանում նա ասել էր, որ Ջոյը հրաժարվել է վճարել աշխատավարձը եւ սպառնացել է ատրճանակով։ Դե, ինքն էլ, ճարահատյալ, սրածայր դաշույնով տասը հարված էր հասցրել 70-ամյա կնոջը։ Մարդասպանը ցմահ ազատազրկվեց, իսկ Ջորջը կուլ տվեց Ջոյի հասցրած բոլոր վիրավորանքները, դիակիզեց նրա մարմինը եւ մոխիրը լցրեց հանգուցյալի սիրելի Էլզա առյուծի եւ Պիպա վագրակատվի շիրիմներին (Ջոյի խնդրանքն էր)։

Ինը տարի անց սպանեցին նաեւ 83-ամյա Ջորջին։ Այս անգամ իրո՛ք որսագողեր էին։

Ասում են՝ Ջոյն ու Ջորջը չէին թաքցնում երբեք, որ մարդկանցից առավել՝ առյուծներին են սիրում։ Երեւի մի բան գիտեին, որ չէին սիրում մարդկանց. առյուծների հետ հաշտ ու խաղաղ ապրող այս զույգին հոշոտողները մարդիկ էին։