21.01.2016 14:45

ԵԽԽՎ նստաշրջանում հակահայկական բանաձևերի մասին

ԵԽԽՎ նստաշրջանում հակահայկական բանաձևերի մասին

Երկուշաբթի մեկնարկող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանին ներկայացվելու է երկու բանաձևի նախագիծ («Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և «Սահմանամերձ շրջանում ապրող Ադրբեջանի բնակիչները կանխամտածված զրկված են ջրից»), որոնք խիստ հակահայկական բնույթ ունեն, լի են կոնկրետ մեղադրական ու միակողմանի ձևակերպումներով և հղի են բազմաթիվ վտանգավոր հետևանքներով: Դրանց ներառումն ի՛սկ նստաշրջանի օրակարգում ցույց է տալիս Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության որակը, երբ պետական մի քանի ինստիտուտներ, ունենալով պատշաճ գործիքակազմ, մեկուկես տարի ժամանակ ու բազում հնարավորություններ, չեն կարողացել կանխել Հայաստանի համար նման աննպաստ զարգացումը:

Այսօր էլ է հնարավոր դիմագրավել այս արհավիրքին և ձեռնարկել պատշաճ միջոցներ, որպեսզի փաստաթղթերում առկա վտանգները չեզոքացվեն: Դրա համար անհրաժեշտ է աշխատել ԵԽԽՎ պատգամավորների (636 անդամ, որոնցից 318 փոխարինող), Եվրոպայի խորհրդի (ԵԽ) անդամ պետական մարմինների հետ: Այս հարցում կառանձնացնեինք աշխատանքի ամենաարդյունավետ երկու ուղղությունները. պետական մակարդակը` ԵԽ անդամ երկրներում ՀՀ հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ՀՀ ԱԳՆ կարողություն/հնարավորությունների օգտագործմամբ, և Եվրոպական կուսակցությունների հետ աշխատանքը: Երկու ուղղություններով էլ աշխատանքը գերազանցապես փակ բնույթ է կրում, և միայն արդյունքներից կարելի է եզրակացնել, թե ինչպես են աշխատել Հայաստանի ներկայացուցիչները:

  1. ՀՀ ԱԳՆ և դիվանագիտական համակարգի ձեռնարկած քայլերը

Երկու վերոհիշյալ բանաձևերը անցել են լսումների և քննարկումների երկար ընթացակարգերով: Նման տեսքով դրանց հասնելը ԵԽԽՎ քաղաքական կոմիտե, այնուհետև ներառելը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգում՝ վկայում է, որ ՀՀ դիվանագիտությունը պատշաճ քայլեր չի ձեռնարկել փաստաթղթերի ընթացքը խոչընդոտելու համար: Ավելին, բանաձևերից մեկի նախագծում նշված է, որ Վեհաժողովը «խստորեն դատապարտում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը և Հայաստանի Կառավարությանը՝համագործակցության բացակայության համար, և համարում է, որ նման կեցվածքը չի համապատասխանում ստանձնած պարտավորություններին»: Միայն այս տողերը բավական են, որ հասկանանք, որ հայկական պատկան մարմինները ոչ միայն չեն աշխատել կանխել այս վտանգները, այլև նույնիսկ խուսափել են կատարել Հայաստանի շահերից բխող իրենց պարտավորությունները: Հատկանշական է, որ մեր դիվանագիտությունը ուներ բավականին ժամանակ` բանաձևերը նախաձեռնվել են դեռևս 2014 (!) թվականին: Վստահ եմ, պետական մոտեցման դեպքում, գործադրելով Բոսնիա-Հերցեգովինայում մեր դիվանագիտական ներկայացուցչության (համատեղության կարգով) ողջ ներուժը, հնարավոր էր «Սահմանամերձ շրջանում ապրող Ադրբեջանի բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևից դուրս բերել բոլոր վտանգավոր դրույթները.  բանաձևի նախագծի 4-րդ հոդվածը «դատապարտում է Հայաստանը` ԼՂ և հարակից տարածքները բռնազավթելու մեջ»: 6.1 հոդվածով նախագիծը պահանջում է հայկական զինված ուժերի դուրսբերում նշված տարածաշրջանից: Ուղղակի ապշեցուցիչ է, որ այսքան երկար ժամանակահատվածում ՀՀ դիվանագիտությունը չի կարողացել ազատել մեր երկիրը այս անհեթեթ մեղադրանքներից: Պատկան մարմինները պետք է պահանջեն մեր համախապատասխան դեսպանությունների և ԱԳՆ հաշվետվությունները` բանաձևում նշված դրույթները հանելուն ուղղված աշխատանքների վերաբերյալ, և հանրության համար հասանելի հատվածները հրապարակեն: Իսկ ԱԳ նախարարը պետք է ԱԺ-ին զեկուցի ` այս ուղղությամբ իր գլխավորած գերատեսչության արած աշխատանքի մասին:

2014 թվականի հունիսից էլ նախաձեռնվել էր «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բանաձևը, որն իր իսկ անվանմամբ պետք է Սփյուռքի և ՀՀ դիվանագիտության համատեղ ակտիվ գործողությունների առիթ հանդիսանար: Դրանց երկուսի փաստացի անգործության  հետևանքով այսօր մենք ունենք բանաձի հետևյալ ձևակերպումները.

Հոդված 14.3. Վեհաժողովը պահանջում է «հայկական զինված ուժերի դուրս բերում ԼՂ և Ադրբեջանի այլ բռնազավթած տարածքներից, Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնում այդ տարածքներում»: Նույն հոդվածում խոսվում է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի ստեղծման մասին:

Հոդված 15. Վեհաժողովը «խստորեն դատապարտում է ԼՂ չճանաչված դատարանների կողմից» երկու ադրբեջանցիների վերաբերյալ կայացրած վճիռները:

Հոդված 17. Վեհաժողովը «խստորեն դատապարտում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը և  Հայաստանի Կառավարությանը՝ համագործակցության բացակայության համար…»:

Հոդված 18. Վեհաժողովը հետևելու է խաղաղ գործընթացին և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգմանը»:

Այս խայտառակ կետերը (այստեղ բերված են անընդունելի ոչ բոլոր դրույթները) խոսուն կերպով արտացոլում են ՀՀ արտաքին գերատեսչության համակարգի գործունեության արդյունավետությունը: ՀՀ դիվանագիտության պատասխանատվությունը այս հարցում ավելանում է՝ հաշվի առնելով այն ծանրակշիռ փաստարկները, որ կան մեր արսենալում` այս բանաձևերը չեղարկելու համար: Դրանց փոխարեն փոխնախարարներից մեկը ողջ պատասխանատվությունը բարդել էր խորհրդարանականների վրա և հայտարարել, որ «չի կարող լուրջ (!) վերաբերվել բանաձևին, քանի որ դրա հեղինակը անմիջական կապ ունի Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության հետ»: Այսինքն, ՀՀ ԱԳՆ-ում չգիտեն, որ  հունվարի 26-ից հետո այդ բոլոր ադրբեջանանպաստ դրույթները հանդիսանալու են ԵԽԽՎ-ի պաշտոնական դիրքորոշում` բոլոր համապատասխան հետևանքներով:

  1. 2.     Եվրոպական կուսակցությունների հետ աշխատանքը

Բանաձևերի նախագծերի` դեռևս նախաձեռնման փուլում չեզոքացնելու հարցում առանձնահատուկ կարևորվում է Եվրոպական կուսակցությունների հետ մանրակրկիտ աշխատանքը: ՀՀԿ-ն անդամակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ), Սերժ Սարգսյանն էլ մասնակցել է 2015թ. ընթացքում կազմակերպված բոլոր գագաթնաժողովներին: «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բանաձևը նախաձեռնող խմբում կար ԵԺԿ 15 անդամ: Հարց է առաջանում` ի՞նչ է արել ՀՀԿ-ն, որ նման բովանդակությամբ բանաձևեր չհայտնվեին ԵԽԽՎ-ում: Ուսումնասիրելով Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԵԺԿ գագաթնաժողովին՝ հանգում ենք եզրակացության, որ նա իր իսկ կուսակցական հավաքներին հրապարակային չի խոսել այդ փաստաթղթերի վտանգների մասին, նա նաև չի ունեցել այս հարցով երկկողմ հանդիպումներ. մամուլի հաղորդագրություններում այս մասին ոչ մի բան ասված չէ: Սա տրամաբանական է, որովհետև եթե հանդիպած լիներ, և ունենայինք այսպիսի բովանդակությամբ բանաձևեր, դա կլիներ իր անձնական ֆիասկոն: Այնուամենայնիվ, չենք կարող չհարցնել. ինչո՞ւ ՀՀԿ-ն ու իր ղեկավարը չեն բարձրացրել այս հարցը ԵԺԿ միջոցառումների ընթացքում՝ քաջատեղյակ լինելով, որ հենց ԵԺԿ անդամներն են կազմում ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը (ԵԽԽՎ-ում 300-ից ավելի պատգամավոր ԵԺԿ խմբի անդամ է): Զարմանալի է, բայց այս հարցը չի բարձրացվում նաև հայկական լրատվամիջոցների կողմից, թեև բանաձևերի մասով կա բավականին լուրջ քննարկում:

 Այսօր էլ ուշ չէ մոբիլիզացնել կուսակցական գործընկերներին, ինչպես դա անում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը: Այսպես, ALDE բոլոր անդամներին հասցեագրվել են նամակներ, որտեղ մեկ առ մեկ մատնանշվում են ԼՂ բանակցային գործընթացին հասցվող վնասները, հիշատակվում են բանաձևերի ստահոդ պնդումները, և կոչ է արվում դեմ քվեարկել: Նա նաև պատրաստվում է Ստրասբուրգում հանդիպել ALDE անդամներին և հորդորել պաշտպանել մեր դիրքորոշումները:

Բացի նման և բազմաթիվ այլ քայլերից՝ ՀՀԿ-ականները պետք է նաև հոդորեն ԵԺԿ անդամ ԵԽԽՎ պատգամավորներին՝ պարզապես ներկա լինել քվեարկության ժամանակ: Այսպես, ամառային նստաշրջանին ԵԽԽՎ-ում քվեարկված  և Հայաստանին ուղիղ առնչվող «Ադրբեջանում ժողովրդավարական ինտիտուտների գործունեության մասին» բանաձևի օգտին կողմ է քվեարկել միայն 140 պատգամավոր (դեմ` 13, ձեռնպահ` 8): Կա կասկած, որ Ադրբեջանը հաջողեցրել է իր կողմը քաշել հարյուրի  չափ պատգամավորների: Եթե մնացածը իր վերաբերմունքն արտահայտի նման քստմնելի վարքագծի վերաբերյալ`բանաձևերը կտապալվեն:

 

Վ. Կարապետյան