25.01.2016 13:36

Գրանորություն. Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոյի կյանքը և զարմանալի արկածները» վեպը

Գրանորություն. Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոյի կյանքը և զարմանալի արկածները» վեպը

Տարօրինակ կրկնություն․․․ Հետապնդող հարց․ հետևիցդ ընկած, քեզ տանջող, ծեր ծովահենի նման մի, կապված աչքով աշխարհին նայող, վախեցնող ու տաք միջօրեականի նման կանչող, թութակի պես մի արտահայտության շուրջը «պտտվող» ու չսպառվող․․․ Ո՞ւր ես թողել կյանքիդ ժամերը։ Ճակատագիրդ հաջողվա՞ծ է, թե՞, ափ նետած երիտասարդ մարմնի նման, անկենդան։ Անկախ ժամանակաշրջանից ու վայրից՝ տարօրինակ կրկնություն։ Միապաղաղ, ապահով առօրյա՞, երբ պատուհանիդ դիմացի, «քաղաքակիրթ» տանիքի աղյուսապատ-կոկիկ ծխնելույզից բարձրացող ծխի քուլաներին ես նայում, թե՞ վայրագ, չհղկված միջավայր՝ անտաշ ծառերով ու վախեցնող բուսականությամբ․․․ Թեև, իրավացի կլինի ասել, որ ցանկացած անծանոթ միջավայր և օտար քաղաքակրթություն անմարդաբնակ կղզի է, եթե այնտեղ հայտնվում ես մենակ, քո տեսակից հեռացած ու նորին դեռ անտեղյակ։ Ու ինչքա՞ն պետք է ապրես էդ «անմարդաբնակ կղզում»։ Որոշ ժամանակ անց, իհարկե, ըստ քեզ, քո միջավայրից դուրս ապրածդ օրերիդ հաշիվն էլ ես կորցնում։ Ու թվում է կյանքդ, իրոք, իրավացիորեն չի հաջողվել․․․ Բայց, ինչպես յուրաքանչյուր ավարտ, ավարտվում է նաև «անմարդաբնակ կղզում» գոյատևելու քո ժամկետը։ Վերադառնալ, անպայման վերադառնալ։ Ու երբ, վերջին հրաժեշտի ակնկալիքով ետ ես նայում, հասկանում ես, որ միակ հաջողությունը, որ բարեբախտաբար ունեցել ես, «անմարդաբնակ կղզում» թողած քո քաղաքակրթությունն է․․․

Իրոք որ՝ տարօրինակ կրկնություն․․․     

«Այդ ժամանակից, խոստովանում եմ, նորից իմ մեջ ցանկություն առաջացավ փորձ կատարել լողալ դեպի մայրցամաքը և տեսնել, թե հնարավո՞ր է միանալ այն մորուքավոր մարդկանց, որոնք, անկասկած, իսպանացիներ և պորտուգալացիներ պետք է լինեին։ Կասկած չէր կարող լինել, որ եթե գտնեի նրանց, մենք կկարողանայինք միջոց ստեղծել այնտեղից փախչելու համար։

Մայրցամաքի վրա լինելով և կազմելով մի լավ խմբակ, մեր փախուստն ավելի կհեշտանար: Դա ավելի լավ կլիներ, քան իմ փորձերը մայրցամաքից քառասուն մղոն հեռու գտնվող մի կղզու վրա, այն էլ միայնակ և առանց որևէ օգնության։ Ուստի, մի քանի օր հետո նորից Ուրբաթի հետ վերսկսեցի նույն զրույցը։ Ասացի, որ կտամ իրեն մի նավակ, որով նա կարող է վերադառնալ իր ցեղակիցների մոտ։ Ես նրան տարա մակույկիս մոտ, որը գտնվում էր կղզու մյուս կողմում։ Մակույկը ազատելով ջրից (ես միշտ պահում էի այն ջրի տակ սուզված), դուրս քաշեցի և ցույց տվեցի Ուրբաթին։ Մենք երկուսով նստեցինք նրա մեջ։ Նա չափազանց հմուտ էր ղեկավարում նավակը, որը այնպես արագ էր շարժվում առաջ, որ կարծես թե ես էի ղեկավարում։ Երբ նա արդեն նստել էր, ես ասացի նրան. «Ի՞նչ կասես Ուրբաթ, չգնա՞նք քո հայրենակիցների մոտ»։ Նա նայեց ինձ տարակուսանքով, ըստ երևույթին մտածում էր, որ նավակը շատ փոքր է այդպիսի հեռավոր ճանապարհորդության համար։ Այն ժամանակ ես նրան ասացի, որ մի ուրիշ մակույկ էլ ունեմ, որն ավելի մեծ է։ Ուստի, հաջորդ օրը, նրան տարա այն վայրը, որտեղ գտնվում էր իմ առաջին պատրաստած նավակը, որը չէի կարողացել ջուրն իջեցնել։ Նավակը տեսնելիս ասաց, որ բավական մեծ է և հարմար։ Բայց ես հոգ չէի տարել նրա պահպանման համար. ավելի քան քսաներկու տարի այն ընկած էր այնտեղ և արևի ջերմությունից ճաքել, չորացել ու մասամբ փտել էր։ Ուրբաթն ասաց, որ այսպիսի մի նավակով միանգամայն հնարավոր է գնալ, որ նրա մեջ կարելի է լցնել բավականին շատ սննդամթերք, շատ խմելիք, շատ հաց»։

Անտարես» հրատարակչության կողմից «Օտարագիր» մատենաշարով հրատարակված Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոյի կյանքը և զարմանալի արկածները» վեպը՝ անգլերենից Սարգիս Ալեմյանի թարգմանությամբ և Արամ Պաչյանի առաջաբանով, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան: