26.01.2016 14:16

Նացիստական ճամբարների հրեա կալանավորների աշխատանքների ցուցահանդես Բեռլինում

Նացիստական ճամբարների հրեա կալանավորների աշխատանքների ցուցահանդես Բեռլինում
Լուս.՝ Getty

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում բացել է նացիստական համակենտրոնացման ճամբարների հրեա կալանավորների արվեստի գործերի ցուցահանդեսը: Դա Իսրայելից դուրս՝ ամենախոշոր նման ցուցադրությունն է:

«Հոլոքոստի արվեստը» ցուցահանդեսում, որ բացվել է Բեռլինի Գերմանական պատմական թանգարանում, հավաքվել է 100 աշխատանք, որոնք գաղտնի ստեղծել են նացիստական ճամբարների և գետտոների կալանավորները 1939-1945 թթ. ընթացքում: Ներկայացված աշխատանքների 50 հեղինակներից 24-ը Հոլոքոստը չեն վերապրել:

Մերկելի խոսքով՝ նման ցուցահանդեսները երիտասարդ սերնդին դաստիարակելու կարևորագույն միջոց են: Կանցլերը նաև նշել է, որ Հոլոքոստի դասերը հիշելը հատկապես կարևոր է այժմ, երբ ներգաղթյալների ռեկորդային հոսք կա դեպի Եվրոպա, ընդ որում՝ ներգաղթյալների մեծ մասը Մերձավոր Արևելքի երկրներից է: «Մենք առաջին հերթին պետք է դիմենք այն երկրների երիտասարդներին, որտեղ տարածված է ատելությունն Իսրայելի և հրեաների նկատմամբ»,- ընդգծել է Մերկելը: Փոխանցում է BBC-ն: