27.01.2016 14:38

Գրանորություն. Շեքսպիրի «Սխալների կատակերգություն» պիեսը

Գրանորություն. Շեքսպիրի «Սխալների կատակերգություն» պիեսը

Գրելը աշխարհագրությունից ու տարբեր ժամանակներին հատուկ քարտեզներից դուրս է, թեև գրելիս հաճախ գործողությունների առանցք-միջավայրը զարմանալիորեն խոշորանում է, ու թղթի վրա հստակորեն երևում են ոչ միայն առանձին երկրամասեր ու քաղաքներ, այլև նավահանգստին մոտեցող նավի փողփողացող դրոշակը, ճաշի մեջ լցվող տիպիկ համեմունքներն ու առևտրականի կրպակում արվող առք ու վաճառքի ամբողջ արարողությունն է գծագրվում։

Գրել գրասեղանի մո՞տ, թե՞ դրսում, ասել է թե՝ գրել փակ աչքերո՞վ, թե՞ քայլել փողոցում` առանց ուղղորդող սլաքների։ Գրասեղանը փակ տարածք է, իսկ գրելը շա՜տ հեռու չի լինում, այլապես՝ ստեղծագործությանդ մեջ հայտնված փողոցը անտանելի երկար ու, ամենակարևորը` լրիվ ուրիշ, անհասկանալի ուղղությամբ կընթանա։ Գրելը յուրօրինակ նշում է, որը հստակ ցույց է տալիս գրողի անցած ճանապարհային քարտեզը։ Այսպիսո՛վ․․․ Գրելը, իրոք,  աշխարհագրությունից դուրս է, թեև ժամանակի ընթացքի մեջ հաճախ միայն գրի մեջ է ամփոփվում ժամանակին ապրածի ռելիեֆն ու զգացմունքների ընդարձակ լանդշաֆտը։       

«ԴՈՒՔՍ

Այն պատմությունը, որ մենք լսեցինք այս առավոտյան

Այժմ դառնում է լրիվ իրական: Այս երկու նման Անտիֆոլոսը

Եվ Դրոմիոներն ահա այս երկու, որոնք պատկերն են

կարծես մեկմեկու,

Ինչպես և կնոջ այն պատմությունը, որ նավաբեկ են եղել

ծովի մեջ, ապացուցում են,

Որ ծնողներն են սրանք այս երկու երեխաների,

Որոնք իրերի բերումով այժմ տեսնում են իրար:

Դու, Անտիֆոլոս, առաջին անգամ Կորնթոսի՞ց եկար:

ԱՆՏԻՖՈԼՈՍ ՍԻՐԱԿՈՒԶԱՑԻ

Ոչ, պարոն, ես չեմ, Սիրակուզայի՛ց ես եկա այստեղ:

ԴՈՒՔՍ

Բաժան կանգնեցեք, չգիտեմ որը ո՞րն է ձեզանից:

ԱՆՏԻՖՈԼՈՍ ԵՓԵՍԱՑԻ

Պատվարժան իշխան, ես նա եմ, որը Կորնթոսից եկավ:

ԴՐՈՄԻՈ ԵՓԵՍԱՑԻ

Եվ ես` նրա հետ:

ԱՆՏԻՖՈԼՈՍ ԵՓԵՍԱՑԻ

Ինձ այստեղ բերեց հայտնի զորավար դուքս Մենաֆոնը՝

Ձեր հորեղբայրը:

ԱԴՐԻԱՆԱ

Ձեր երկուսից այսօր ո՞վ ճաշեց ինձ հետ:

ԱՆՏԻՖՈԼՈՍ ԱԻՐԱԿՈՒԶԱՑԻ

Ե՛ս, ազնիվ տիկին:

ԱԴՐԻԱՆԱ

Ասացեք, դուք իմ ամուսինը չե՞ք:

ԱՆՏԻՖՈԼՈՍ ԵՓԵՍԱՑԻ

Ես՝ ամենևի՜ն:

ԱՆՏԻՖՈԼՈՍ ՍԻՐԱԿՈՒԶԱՑԻ

Ես՝ նույնպես տիկին, չնայած նա ինձ ամուսին կոչեց,

Իսկ այս օրիորդը՝ քույրն իր գեղեցիկ,

Ինձ եղբայր կոչեց: (Լուչանային):Ինչ այն ժամանակ

ես ձեզ ասացի,

Հույս ունեմ, օրիորդ, գործով ցույց տալու,

Թե այս բոլորը, ինչ որ տեսնում եմ ու լսում այժմ,

երազ չլինի:

ԱՆՋԵԼՈ

Սա այն շղթան է, որ ինձնից առաք:

ԱՆՏԻՖՈԼՈՍ ՍԻՐԱԿՈՒԶԱՑԻ

Կարծում եմ, պարոն, որ այդ շղթան է, ես չեմ ուրանում:

ԱՆՏԻՖՈԼՈՍ ԵՓԵՍԱՑԻ

Եվ այս շղթայի համար դուք, պարոն,

Հրամայեցիք ինձ ձերբակալել:

ԱՆՋԵԼՈ

Այդպես վարվեցի, ես դա չեմ ժխտում:

ՏԵՍԱՐԱՆ I

ԱԴՐԻԱՆԱ

Ես ձեզ փրկելու փող ուղարկեցի Դրոմիոյի հետ,

Բայց կարծում եմ` նա փողը չբերեց:

ԴՐՈՄԻՈ ԵՓԵՍԱՑԻ

Ինձ հետ ոչ մի փող դուք չեք ուղարկել:

ԱՆՏԻՖՈԼՈՍ ՍԻՐԱԿՈՒԶԱՑԻ

Այս ոսկու քսակը ձեզնի՛ց ստացա,

Որը ինձ բերեց ծառաս` Դրոմիոն:

Մեզնից ամեն ոք մյուսի ծառային է անվերջ հանդիպել,

Ինձ ընդունել են նրա փոխարեն, իսկ նրան էլ՝ իմ,

Եվ դա է բոլոր այս սխալների պատճառը եղել:

ԱՆՏԻՖՈԼՈՍ ԵՓԵՍԱՑԻ

Ես ամբողջ փողը տալիս եմ հորս փրկելու համար:

ԴՈՒՔՍ

Դա հարկավոր չէ, ազատություն եմ շնորհում հորդ»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Լիակատար Շեքսպիր» մատենաշարով լույս ընծայված՝ Շեքսպիրի «Սխալների կատակերգություն» պիեսը՝ Խաչիկ Դաշտենցի թարգմանությամբ, Զավեն Բոյաջյանի խմբագրությամբ և ծանոթագրություններով, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան