30.01.2016 15:07

Ռետրո մամուլ. Ընթերցողի արձագանք

Ռետրո մամուլ. Ընթերցողի արձագանք

Հարգելի խմբագիր,

Ձեր կայքում տպագրված «Ռետրո մամուլ. Հայոց լեզվի խնդիրը Առաջին Հանրապետության օրերին» նյութում ուշադրությունս գրավեց հետևյալ միտքը.

«կարո՞ղ եք պատկերացնել, որ «Մշակ» թերթը 1918-ին առաջարկում էր Հայաստանը կցել ....Ադրբեջանին»։ Թվում է, թե հարցը հռետորական է։ Սակայն…..

Բանն այն է, որ 1918թ. Այսրկովկասում ձևավորվեց ոչ թե 3, այլ 4 պետական միավոր՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Բաքվի հանրապետությունները։ Ընդորում, Բաքվի հանրապետությունը՝ հայ ժողովրդի առաջնորդությամբ Բաքվի և Ելիսավետպոլի գավառների բազմազգ բնակչության պետական միավորումը, վերահսկում էր ներկայիս Ադրբեջանի մեծ մասը։

Այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությանը պարտադրվեց Բաթումի պայմանգիրը, Բաքվի Հանրապետության հայկական զորամիավորումները կարողացան ոչ միայն կանգնեցնել թուրքական բանակը, այլև հակահարձակման անցնել Գանձակի ուղղությամբ, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց հայկական շրջանակներում /հիշենք Նախիջևանի վերաբերյալ Անդրանիկի հայտնի հեռագիրը Շահումյանին/։

1918թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին ստեղծվեց այսօրվա տեսանկյունից մի պարադոքսալ վիճակ՝ հայկական զորքերը պաշտպանում էին Բաքու քաղաքը թուրքական զորքերից։ Սակայն, դա լիովին տեղավորվում է 1918թ. իրադարձությունների, մասնավորապես, Երզնկայից Մեծ Նահանջի տրամաբանության մեջ։

1918թ. սեպտեմբերին Բաքուն ընկավ /այսնինք, հայկական զորքը թողեց քաղաքը/։ Դժբախտաբար, հայ քաղաքական միտքը չկարողացավ կենսունակ գաղափար դնել Բաքվի Հանրապետության տակ և, երբ հեռացավ ռազմական առումով կարևորություն չունեցող անգլիական ռազմական առաքելությունը, Բաքուն պաշտպանող հայկական զորամիավորումները հայտնվեցին մոտավորապես նույն վիճակում, ինչպես 1918թ. նոյեմբերին Կիևը պաշտպանող ռուս բանակայինները /փայլուն նկարագրված է «Белая гвардия» վեպում/։ Չունենալով կենսունակ գաղափար, հայկական զորքերը թողեցին Բաքուն։

1918թ. նոյեմբերին անգլիացիները մտան Բաքու և քաղաքում վերականգնվեց հայկական իշխանությունը։

Անգլիացիները թուրթերին և ռուսներին Բաքվի նավթից զրկելու խնդիր էին դրել և դրա համար սկսում են լրջորեն զբաղվել պետական միավոր ձևավորելով։ Առաջ է քաշվում Ադրբեջան նախագիծը։ Անգլիացիներին մեծ ջանքերի, երկար բանակցությունների և երաշխիքների տրամադրումից հետո /որոնցից էին, օրինակ, Ադրբեջանի խորհրդարանում հայերին հատկացված պատգամավորական մանդատները/, միայն 1919թ.-ին հաջողվեց Բաքվի բնակչությունը համոզել ընդունել Գանձակում ձևավորված «Ադրբեջանի կառավարությանը» և արդյունքում, ձևավորել մոտավորապես այն, ինչն այսօր կոչվում է Ադրբեջան։

1918թ. հայերի, թաթարների /ովքեր դեռ չգիտեին, որ ադրբեջանցի են/, վրացիների, ռուսների և այլագիների համար Ադրբեջան բառը ուներ մոտավորապես նույն իմաստը ինչ-որ այսօր, ասենք Շարուրը՝ մեծ մասը ոչինչ չգիտեր, ինչ-որ մարդիկ ինչ-որ բան լսել էին և միայն մասնագետների մի նեղ շրջանակ գիտեր կոնկրետ թե ինչ է։ Իրադարձությունների այլ զարգացման դեպքում /ասենք, Մուդրոսի զինադադարը կնքվեր մեկ ամիս շուտ և թուրքերը ետ քաշվեին սեպտեմբերին կամ Ցենտրոկասպիի դիկտատուրայի փոխարեն հռչակվեր հասկանալի պետական միավոր, ինչի արդյունքում մեծ էր հավանականությունը, որ հայերը կպաշտպանեին Բաքուն ևս մեկ ամիս, մինչև Աշխարհամարտի ավարտը/ կարող էր Ադրբեջան պետությունը լիներ հայկական կամ էլ Բաքվում ստեղծվեր մեկ այլ հայկական պետական միավոր։

Վերջիվերջո, անգլիացիների համար Ադրբեջան նախագծի իմաստը մեկն էր՝ Բաքվի նավթահանքերից ռուսների և թուրքերի դուրս մղումը, և ինչ տարբերություն ով դա կապահովեր՝ հայերը թե թաթարները։

Այնպես որ, վերադառնալով «կարո՞ղ եք պատկերացնել, որ «Մշակ» թերթը 1918-ին առաջարկում էր Հայաստանը կցել ....Ադրբեջանին» հարցին, կարելի է հանգիստ պատասխանել՝ այո։

Սակայն, կա ավելի կարևոր խնդիր։ Պետք է խոստովանենք, որ Անկախության վերականգնումից և խորհրդային կարգերի անկումից 25 տարի անց մենք չենք կարողանում ազատագրվել խորհրդային պատմագրության կապանքներից և վերաիմաստավորել մեր ժողովրդի պատմությունը։ Իհարկե, պատմագրության խնդիրները և «Краткий курс ВКП(б)»-ի դպրոցի դոգմատիկ մոտեցումներից ազատագրումը ավելի ծավալուն խոսակցություն նյութ է, սակայն, այս նյութի շրջանակում պետք է նշել, որ 1918թ. Բաքվի հայկական պետության պատմությունը, Սեբաստացի Մուրադի և Համազասպի, գեն. Հակոբ Բագրատունու և դոկտ. Հակոբ Զավրիևի և այլոց դերը պետք է վերաիմաստավորվի և, ինչն ավելի կարևոր է, նորովի մատուցվի։ 

Արամ Պետրոսեան