01.02.2016 11:09

Այսօր ծնվել է Մայք Բրանտը. արեգակի պես գեղեցիկ տղա էր

Այսօր ծնվել է Մայք Բրանտը. արեգակի պես գեղեցիկ տղա էր

Եթե ոչինչ էլ չաներ, չխոսեր, չերգեր, պարզապես ծնվեր ու ապրեր, այդքանն էլ բավական կլիներ, որ ասեինք՝ ի՜նչ լավ է, որ այսպես սիրուն-սիրուն ծնվել ես ու կաս, ոչինչ մի արա, պարզապես ապրիր, իսկ մենք նայենք քեզ ու հիանանք։

«Անտանելի» գեղեցիկ էր, կատարելության ձգտող գեղեցիկ։ Եվ զարմանալի բան չկա, որ նրա մահից 41 տարի է անցել, բայց մինչ օրս բազմաթիվ երկրներում՝ Ֆրանսիայից ու Բելգիայից մինչեւ Նոր Զելանդիա, Թաիլանդից մինչեւ Սիրիա եւ Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներ, գործում են Մայք Բրանտի երկրպագուների ակումբներ, լեգենդներ են հյուսվում նրա մասին, հարյուրավոր կանայք պարծենում են, որ նրա սիրուհին են եղել, իսկ տղամարդիկ հպարտությամբ պատմում են, որ Մայքի հետ ընկերություն են արել։

Մայք Բրանտը հրեա էր։ Իսկական անունը Մոշե Բրանդ էր, ծնվել է (1947-1975) Կիպրոսի Ֆամագուստա նավահանգստային քաղաքում, հրեա փախստականների ճամբարում։ Մայրը՝ Բրոնյա Ռոզենբերգը, Լեհաստանի հրեա էր, հայրը՝ Ֆիշել Բրանդը, Ռուսաստանի։ Մինչ որդու ծնվելը նրանք փորձել էին փոխադրվել Իսրայել, սակայն այս մտադրությունը հաջողվեց իրականացնել Մոշեի ծնվելուց հետո։ Հաստատվեցին Հայֆա քաղաքում։

Տարօրինակ երեխա էր։ Մինչեւ երկու տարեկանը չի քայլել, մինչեւ վեց տարեկանը չի խոսել։ Երբ խոսեց, ընկերներին մի մեծ գաղտնիք հայտնեց՝ մեծանամ, կամ աստղ եմ դառնալու, կամ... թափառաշրջիկ։ 11 տարեկան էր, որ դպրոցի երգչախմբում սկսեց երգել։ 15-ից իր եղբոր խմբում մեներգիչ էր։ Խումբը հանդես էր գալիս Հայֆայի ու Թել Ավիվի սրճարաններում, գիշերային ակումբներում, հյուրանոցներում։ Շուտով  նրան նկատում է իսրայելցի իմպրեսարիո Ջոնաթան Կարմոնը։ Հենց նա է առաջարկում, որ Մոշեն Մայք դառնա։ «Մոշեն հնչեղ անուն չէ»,- «հիմնավորում է» Ջոնաթանը (իսկ մենք, իհարկե, շատ էլ լավ հասկանում ենք, որ Հոլոքոստ տեսած ազգի ներկայացուցչին «Մոշե»-ի հնչեղությա՛ն հարցը չի հուզում)։ Նա հյուրախաղեր է կազմակերպում Մայք դարձած Մոշեի համար դեպի ԱՄՆ եւ Հարավային Աֆրիկա, մեկ տարի տեւողությամբ։ Իսկ 1969-ին Թեհրանի հյուրանոցներից մեկում նրա ձայնը (գուցե նաեւ շլացնող արտաքինը) հիացնում է ֆրանսիացի երգչուհի Սիլվի Վարդանին (կիսով չափ հայկական ծագումով)։ Նա Մայքին հրավիրում է Փարիզ։ Նույն թվականի հուլիսին 22-ամյա Մայքն արդեն արվեստների քաղաքում էր։ Ճիշտ է, Սիլվի Վարդանին գտնում է տասնօրյա տանջալի փնտրտուքներից հետո, բայց ամեն դեպքում Սիլվին խոստումը չէր մոռացել. Մայքին ծանոթացնում է այդ տարիների իր ամուսնու՝ երգիչ եւ դերասան Ջոնի Հոլիդեյի (60-ականների սերունդը եթե նրա ու Սիլվիի երգերը չհիշի, ապա ա լյա «Հոլիդեյ» տաբատները դժվար թե մոռացած լինի) պրոդյուսեր Ժան Ռենարի հետ։ Ռենարն էլ առաջարկում Բրանդը Բրանտ դարձնել։ Ինչու՞։ Չգիտենք։ Գիտենք միայն, որ Փարիզը սիրահարվում է թխահեր ու թխադեմ «Ապոլոնին»։

1970-ին արդեն աստղ էր։ Ասվեց՝ գեղեցկությամբ ու բարեկազմությամբ մի հատիկ էր, արտիստիկ էր, մեծ դիապազոնով ձայն ուներ, նրբակիրթ էր։ Նրա սկավառակները վաճառվում էին միլիոններով, լուսանկարները զարդարում էին ամսագրերի շապիկները։ Մայքը մասնակցում էր ամենահայտնի թոք-շոուներին, հյուրախաղերով ոտքի տակ էր տալիս ողջ աշխարհը։ Նրա յուրաքանչյուր նոր հնչած երգ չէր իջնում հիթ-շքերթի գագաթից։ Դալիդայի հետ հյուրախաղերի էր մեկնում, փարիզյան «Օլիմպիա» հռչակավոր դահլիճում երգում էր նրա հետ (մինչ օրս շշուկները չեն դադարում նրանց սիրավեպի մասին), իսկ հետո՝ շռնդալից մենահամերգ տվեց նույն դահլիճում։ Ահա այս տղան, որ լող էր տալիս փառքի ու սիրո իններորդ ալիքի վրա, այս տղան, որ անչափահասների կուռքն էր, Փարիզ մտնելուց ու Փարիզը նվաճելուց չորս տարի անց՝ Ժնեւի մի հյուրանոցի համարներից մեկի պատուհանից ցած է նետվում։ Գուցե հենց իր անթիվ երկրպագուների անսահման սե՞րն է փրկում Մայքին. բազմաթիվ կոտրվածքներ է ստանում, բայց բժիշկներին հաջողվում է ոտքի կանգնեցնել նրան։ Ասում են՝ հիվանդանոց են այցելել մեր հայրենակից Շարլ Ազնավուրը եւ վշտից գլուխը կորցրած Դալիդան։ Ասում են՝ Մայքն այդպես էլ չպատասխանեց իրեն պաշտողներին տանջող «ինչու՞» հարցին, եւ այդպես լուռ՝ երկու տարի հետո փարիզյան իր բնակարանի պատուհանից կրկին նետվեց սալահատակին, եւ այս անգամ մահը սիրուց հզոր գտնվեց։

Ընդամենը 28 տարեկան էր, եւ ինքնասպանություն գործեց իր հերթական ալբոմի լույսընծայման օրը։

Ինչու՞։

Այս հարցին փորձել է պատասխանել դրամատուրգ Գադի Ինբարը, Մայքի մահից 33 տարի հետո Իսրայելում բեմադրված իր պիեսն սկսելով Մայքի մանկությունից Հայֆայում, հասնելով մինչեւ նրա գլխապտույտ հաջողությունը Ֆրանսիայում եւ մահը փարիզյան փողոցներից մեկի մայթին։ «33 տարի սպասել եմ այն պահին, թե երբ է Մայքը վերադառնալու բեմ», - ասել է նա 2007 թվականի նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսում։ Նաեւ ընդգծել է, որ իր պիեսը ոչ միայն Մայքի պատմությունն է, մի տղայի, որը մինչեւ վեց տարեկանը չի խոսել, մի պատանու, որն ապրել է Հայֆայում, այլ մարդու, որը գնացել է Եվրոպա, որտեղ ոչնչացրել են իր ծնողների ընտանիքներին, նվաճել է այդ Եվրոպան... Նվաճել է ու ձեռքը թափ տվել՝ հեռացել անվերադարձ։

Մոշե-Մայքի մայրն ապրել է Օսվենցիմի բոլոր սարսափները։ Նրա յոթ հոգանոց ընտանիքից միայն մայրն է փրկվել։ Հայրը ռազմաճակատում կռվում էր ֆաշիստների դեմ։ Նրա ծննդավայր գյուղը ֆաշիստները հիմնովին հրի մատնեցին, այդ դժոխքում մոխիր դարձան նրա գրեթե բոլոր հարազատները, իսկ ողջ մնացածներին քշեցին համակենտրոնացման ճամբարներ, որտեղից ոչ ոք չվերադարձավ։

Ըստ հոգեբույժների ու հոգեբանների՝ ցեղասպանություն տեսած ծնողների երեխաներին ողջ կյանքում հետապնդում են հոգեկան խնդիրները։ Մայքի ընտանիքում խստորեն արգելված էր խոսել Հոլոքոստի մասին։ Այդ ողբերգության մասին Մայքն իմանում է 14 տարեկանում եւ ահավոր ցնցում է ապրում։

Գուցե հենց այստե՞ղ է թաքնված Մայք Բրանտին պաշտողների «ինչու»-ի պատասխանը։ Ո՞վ գիտե։

Փաստ է. գեղեցկությունը գուցե մի օր իրո՛ք կփրկի աշխարհը, բայց Մայք Բրանտին չփրկեց։

Թաղված է Հայֆայում։

Ֆրանսիայի եւ Իսրայելի համատեղ արտադրությամբ, 1998-ին վավերագրական ֆիլմ է նկարահանվել նրա մասին։