08.02.2016 18:59

Այսօր ծնվել է Ուոլթեր Ռոթշիլդը. «Բռնել է թիթեռ, սիրել ծաղիկներ...»

Այսօր ծնվել է Ուոլթեր Ռոթշիլդը. «Բռնել է թիթեռ, սիրել ծաղիկներ...»

Հռչակավոր բանկիրների տոհմի այս շառավիղը հաճախ էր հիվանդանում եւ անասելի ամաչկոտ էր։ Եվ չնայած վատառողջությանը, թեթեւակի արտահայտված աուտիզմին ու խոսքի արատին, նա դեռ փոքրուց գիտեր, թե ինչին է նվիրելու իր կյանքը, եւ որ այդ «ինչ»-ն ամենեւին էլ գործարարությունը չէ։ Դեռ ութ տարեկան էր, երբ տանն արդեն թիթեռների ու այլ միջատների մեծ հավաքածու ուներ։ Ուսանեց Բոննում եւ Քեմբրիջում, բայց «աչքը դուրսն» էր, եւ նրա հայրն ի վերջո համակերպվեց, որ որդու կոչումը բանկիրությունը չէ, եւ Ուոլթերի 21-ամյակին նրան հողատարածք եւ համապատասխան գումար նվիրեց՝ կենդանական աշխարհի թանգարան ստեղծելու համար։

Եվ մեր ամաչկոտն ու վատառողջը կերպարանափոխվեց։ Նա մասնագետներ վարձեց, արշավախմբեր ստեղծեց, որոնք սկսեցին ոտքի տակ տալ մեր այս զարմանահրաշ աշխարհը՝ Ուոլթերի թանգարանը հարստացնելու համար։ Երբեմն ինքն էլ էր միանում արշավախմբերին եւ շրջում էր ոչ միայն Եվրոպայում, նաեւ իր առողջության համար վտանգավոր Աֆրիկայում։ Լոնդոնին մերձ Թրինգ փոքրիկ քաղաքի նրա կալվածքում զբոսնում էին հսկա կրիաները, ջայլամանման  եւ այլեւայլ «հրեղեն» թռչուններ, հնգեղջյուրանի ընձուղտը (սա Ուոլթերի հայտնագործությունն էր), զեբրերը, որոնք նաեւ նրա կառքի «նժույգներն» էին (մեր այս տարօրինակ Ուոլթերը վեց զեբրերով լծված կառքով ժամանեց Բուքինգհեմյան պալատ՝ ապշահար անելով ավանդապահ թագավորական ընտանիքին)։

1892 թվականից մինչ օրս Թրինգում այցելուների առջեւ բաց է Մեծ Բրիտանիայի ամենազարմանալի Կենդանաբանական թանգարանը, որտեղ կենդանասերներին են սպասում թիթեռի 2 միլիոն նմուշ, 300 հազար թռչուն (կենդանի եւ խրտվիլակ), 200 հազար թռչունի ձվերի ցուցանմուշ, 100-ից ավելի ծանրաշարժ հսկա կրիա... Ուոլթերի անունն են կրում նրա հայտնաբերած ընձուղտը, 58 թռչունի, 153 միջատի, 17 մանրկճղակավոր կենդանու, 3 ձկան, 3 սարդի եւ նույնիսկ մեկ հազարոտանու եւ մեկ որդի տեսակներ։

Լայոնել Ուոլթեր Ռոթշիլդը՝ Մեծ Բրիտանիայի առաջին հրեա պեր (բարձրակարգ ազնվական) Նաթանիել Ռոթշիլդի որդին (1868-1937), նաեւ ակտիվ քաղաքական գործիչ էր, հարում էր լիբերալներին, Էյլսբերի քաղաքի խորհրդարանի անդամ էր։ Պատմում են, որ երբ դեռ պատանի էր, նժույգն անսպասելի հրաժարվում է ենթարկվել նրան եւ տանում հասցնում է ճանապարհը վերանորոգող բանվորների մոտ, եւ ի դժբախտություն հեծյալի՝ հենց այդտեղ էլ վար է նետում նրան։ Դե՛, հոգնատանջ պրոլետարների ձեռքը հարուստ մարդ ընկնի, այն էլ՝ «ջհուդի լակո՞տ»... Եվ նրանք բռունցքներով իրենց «բուռն սերն» են արտահայտում խեղճ տղայի նկատմամբ. ի՞նչ իմանային, որ ծեծվողի պաշտամունքը փողը չէ, այլ գույնզգույն, անմեղ թիթեռներն են։ Եվ գուցե հենց այս միջադեպն է պատճառը, որ Ուոլթերն իր ողջ կյանքը նվիրեց սեփական հայրենիք ունենալու նվիրական գործին։ Պաղեստինում հրեական ազգային պետություն ստեղծելու հռչակագրի նախագծի ակտիվ նախաձեռնողներից է։ Այնքան ակտիվ, որ 1917-ի նոյեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը հենց նրան է նամակ գրում՝ հայտնելով, որ իր երկիրը համաձայն է Պաղեստինում հրեական ժողովրդի համար «ազգային օջախ» ստեղծելու գաղափարին։

Նա երդվյալ ամուրի էր, սակայն ազատ սիրավեպերին դեմ չէր։ Սիրուհիներից մեկը դուստր նվիրեց Ուոլթերին։ Եղբոր մահից հետո ստանձնեց նաեւ նրա 15-ամյա աղջկա՝ Միրիամ Լուիզա Ռոթշիլդի դաստիարակությունը, որը հետագայում մասնագիտություն ընտրեց կենսաբանությունը եւ դարձավ Թագավորական ընկերության ակադեմիայի անդամ։ Ի դեպ, մեր այս ամաչկոտի սիրուհիներից մեկը՝ ինչ-որ ազնվական տիկին նրան շանտաժ է անում՝ սիրասուն ամուսնու ջանադիր մասնակցությամբ, եւ Ուոլթերն ստիպված է լինում իր թռչնատեսականու մի մասը վաճառել Ամերիկյան թանգարանին։ Ընդամենը՝ 225000 դոլարով։ Ասում են՝ մեր օրերում այդ հավաքածուն կարժենար մոտ 3 միլիոն դոլար։ Փողն ստանալուց հետո շանտաժիստ ամուսինները լռում են։ Ի՞նչ ամոթալի գաղտնիք էին պատրաստվում աշխարհին հայտնել՝ մինչ օրս ոչ ոք չգիտի։